Monday, October 31, 2011

Ադրբեջանը պատերազմ սկսելու համար սպասում է հարմար պահի. ադրբեջանցի պատգամավոր

Tert.am. 31-10-2011- Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը։ Այս մասին SalamNews–ի հետ հարցազրույցում ասել է ադրբեջանցի խորհրդարանական Սահիբ Ալըևը։
Ընդգծելով, թե Ադրբեջանը կարող է առանց Թուրքիայի զինված ուժերի աջակցության ջախջախել հայկական բանակին, ադրբեջանցի պատգամավորը միևնույն ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է բոլոր բնագավառները ընդգրկող երկարատև ռազմական համագործակցություն։
«Առայժմ Ադրբեջանը փորձում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. ամեն դեպքում, եթե թշնամու կորուստները 5-6 անգամ ավելի լինեն, միևնույն է, պատերազմ նշանակում է կորուստներ։ Հիմա, եթե պատերազմ սկսվի, այնքան կարևոր չէ՝ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, թե ոչ։ Դա կարևոր էր 2000-ական թվականներին։ Իսկ հիմա Ադրբեջանն ընդունակ է օկուպացվցած տարածքներից դուրս շպրտել հայերին։ Պատերազմ սկսելու համար Ադրբեջանն ուղղակի սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը»,– ասել է Սահիբ Ալըևը՝ նշելով, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, նա չի անտեսվի միջազգային հանրության կողմից։
«Որովհետև ՄԱԿ–ի համապատասխան հոդվածում նշվում է այն մասին, որ օկուպացիայի ենթարկված երկիրը կարող է ցանկացած միջոցով ազատագրել իր հողերը։ Այսինքն, իր հողերի ազատագրման համար Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը, ըստ միջազգային իրավունքի, ճիշտ է և արդարացի»,– ասել է ադրբեջանցի պատգամավորը։

No comments: