Thursday, November 3, 2011

Ադրբեջանում Սաֆար Աբիեւի դեմ ուժեղ ընդդիմություն է ձեւավորվել. նա վերահսկում է բանակի 1/3 մասը

News.am. 3-11-2011- Ավելի քան տասը տարի է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը բանակում անտանելի վիճակ է ստեղծել, որի արդյունքում էլ նրա դեմ ուժեղ ընդդիմություն է ձեւավորվել, գրում է «Պոլիգոն» ադրբեջանական գործակալությունը` վկայակոչելով ՊՆ իր աղբյուրները: Աղբյուրըհայտնում է, որ նախարարի դեմ ձեւավորված ընդդիմության մեջ ընդգրկված է բարձրաստիճան սպայակազմի մեծ մասը:
«Հիմնական խնդիրը ստեղծվել է այն պատճառով, որ Սաֆար Աբիեւը համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերել սպայակազմի սոցիալական խնդիրների լուծման համար: Կարելի է ասել, որ թեեւ Ադրբեջանի բյուջեից հսկայական հատկացումներ են արվում բանակին, սակայն տասը տարվա ընթացքում սպաների սոցիալական ապահովության խնդիրները չեն լուծվել: Մինչ օրս ՊՆ-ն ոչ մի սպա բնակարանով չի ապահովվել: Բացի այդ, սոցիալական պաշտպանության ոլորտներում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Դա էլ հանգեցրել է Աբիեւի դեմ ընդդիմության ձեւավորմանը, որը դառնում է ագրեսիվ»,-գրում է աղբյուրը:
Նշվում են բանակում առկա կոռուպցիոն դեպքերը ու անընդմեջ շարունակվող ստուգումները, որոնց նպատակը Աբիեւի դեմ «կոմպրոմատ» հավաքելն է, ինչին կհաջորդի նրա հեռացումը:
«Ներկայումս Ադրբեջանի բանակի բարձրագույն սպայակազմը բաժանված է երեք մասի` Պն նախարար Սաֆար Աբիեւի, Գլխավոր շտաբի պետ Նեջմեդիրն Սադիգովի եւ նախագահի՝ պաշտպանական հարցերով օգնական Վահիդ Ալիեւի միջեւ: Այդ պայմաններում դժվար է լավ ապագա կանխատեսել ադրբեջանական բանակի համար», եզրափակում է «Պոլիգոնը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ պաշտոնական Բաքուն Պաշտպանության նախարարությունում ղեկավար պաշտոններում քաղապացիական անձանց նշանակմանն ուղղված ակտիվ քայլեր է ձեռնարկում: Արդեն սկսվել է համապատասխան անձանց փնտրելու գործընթացը: Ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ նախարարի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա տարվա սկզբին: «Գեներալների եւ գնդապետերի շրջանում այդ հարցը ակտիվորեն քննարկվում է: Այժմ Զինված ուժերում քաջ գիտակցում են, որ եթե նախարարը չփոխվի, ապա բանակում բարեփոխումներ անցկացնելը կդառնա անհնարին»,-նշված էր տեղեկության մեջ:

No comments: