Monday, November 7, 2011

Ֆրիտյոֆ Նանսեն-150. «Հայրս մահացավ «հայ» բառը շուրթերին»

Panorama.am. 7-11-2011- Անվանի բևեռախույզ, գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կողմից կազմվել և հաստատվել է հոբելյանական միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, պետպատվերով թողարկվել է «Ֆրիտյոֆ Նանսեն` աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմը (ռեժիսոր` Էդ. Տեր-Սահակյան, DVD տարբերակով, 1000 օրինակ), հրատարակվել է Ֆելիքս Բախչինյանի «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը» ուսումնասիրությունը: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
«Նա զբաղվել է Հայոց ցեղասպանության խնդիրներով ու որպես մեծ հումանիմզ իր ձայնն է բարձրացրել` ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հանդեպ: Դժվար է հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին նրա կատարած աշխատանքը գնահատել: Նրա գործունեության արդյունքում 320 հազար հայ է փրկվել: Նրան կարելի է համարել աշխարհի մեծագույն հումանիստ: Աղջիկն ասել է, որ «հայրս մահացավ «հայ» բառը շուրթերին»,- ասաց փոխնախարարը:
Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն ասաց, որ մարդ, որը բավականին զբաղված էր Ազգերի լիգայի փախստականների հարցերով, երբ հայ գաղթականները դիմել են նրան, համաձայնվել է աջակցել: «Նրա 320 հազար անձնագրերը թույլ տվեցին հազարավոր հայերի հաստատվել աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքացիություն ստանալ: Նա փող է մուրացել, որպեսզի կարողանա առաջին 7000 հայ գաղթականներին Հունաստանից տեղափոխի Հայաստան»,- ասաց նա:
Ֆ. Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերի 9-ին. ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Նանսենին նվիրված նամականիշի մարում, Աբովյան-Մոսկովյան փողոցների հատման մասում կտեղադրվի մեծ հումանիստի հուշարձանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կբացվի Ֆ. Նանսենի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարների ու գրքերի ցուցահանդես, ինչպես նաև հոբելյանական երեկո, որի ընթացքում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբի հետ հանդես կգան նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը, մենակատար Թորմոդ Ասգարդը (շեփորահար): Նշենք, որ այս համերգն իրականացվում է նորվեգիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ` նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Սթորի Հայաստան այցի շրջանակներում:
Հոբելյանական երեկոն կազմակերպվել է «Կադանս» կենտրոնի ջանքերով: Կենտրոնի տնօրեն Արմեն Բաբախանյանն ասաց. «Որոշեցինք կազմակերպել այնպիսի համերգ, որտեղ բավականին հակիրճ ու բովանդակալից համատված լինեն այն ստեղծագործությունները, որոնք միանշանակ խոսում են Նանսենի կատարած գործունեության մասին»: Նրա խոսքով, համերգային ծրագրում հնչելու է հայ, նորվեգացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ի դեպ, նորվեգացիները կատարելու են հայ, հայերը` նորվեգացի կոմպոզիտորներ ստեղծագործություններ:
«Ինձ համար մեծ հայտնություն է, որ իմ երկրացուն Հայաստանում այդպես հարգում ու պատվում են: Ինձ համար շատ հաճելի էր, երբ ես հասկացա, թե ինչու է այդպես»,- ասաց նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը, ով առաջին անգամ է Հայաստանում: Նա նշեց, որ լավ հնարավորություն է ստեղծվել` հայկական երաժշտաարվեստի հետ ծանոթանալու համար:

No comments: