Monday, November 7, 2011

Die Welt: Կասպյան տարածաշրջանում պայքար է ընթանում գազային պաշարների համար

News.am. 7-11-2011- Եվրամիությունը ցանկանում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, գրում է Die Welt-ի հեղինակ Էդուարդ Շթայները: Սակայն այլ մատակարարող պետություններ արգելակում են նրա մուտքը Կասպից ծով, հաղորդում է inopressa.ru-ն:
Հեղինակը հիշեցնում է, որ մայիսի վերջին Ռուսաստանը զորավարժություններ էր անցկացնում Կասպիցի ափին. ռազմական գործողություններն` ուղղված ֆիկտիվ հակառակորդի դեմ, կոչված էին ցույց տալու, որ իրենք պատրաստ են բախվել իրական թշնամու հետ: «Կասպյան տարածաշրջանում, որը տեղակայված է աշխարհի ամենամեծ ներքին ծովի հարեւանությամբ, շատերն են ցանկանում դրսեւորել իրենց ուժը, բացառություն չէ նաեւ Ռուսաստանը: Իսկ մյուս երկրները, որոնք մուտք ունեն Կասպից ծով` Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, նավահանգիստներին կից ընդլայնում են իրեն ռազմական բազաները»,-գրում է լրագրողը:
Այդ պետությունները չեն վստահում միմյանց: Պատճառն էլ հումքային հարստություններ են, որոնք գտնվում են ծովի հատակին, իսկ նրանցից յուրաքանչյուրը փորձում է ավելի մեծ մասնաբաժին ստանալ:
Այսօր երկրները չեն կարողանում համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ինչպես բաժանել բնական հարստությունները: Մերձկասպյան երկրները փաստացի արդեն երեք անգամ հավաքվել են բանակցությունների համար, սակայն վերջնական փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվել:

«Կասկած չկա, որ մերձկասպյան շրջանների որոշակի հատվածներ, դրանցում առկա նավթային եւ գազային պաշարները եւս, պատկանում են ստույգ երկրներին: Դրանց միայն մի մասն է (Կիլի համալսարանի գնահատմամբ, մոտ տասը միլիարդ տոննա նավթ եւ տասը տրիլիոն տոննա գազ) գտնվում այսպես կոչված «սեւ գոտում»:

Շթայները շարունակում է, որ կասպյան ավազանի երկրները վիճում են ոչ այնքան Կասպից ծովի ռեսուրսները բաժանելու, որքան ծովը խողովակաշարերի օգտագործմամբ տարանցիկ գոտի դարձնելու շուրջ: Բանն այն է, որ ԵՄ-ն փորձելով նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից, ցանկանում է որպես գազի մատակարար ներգրավել Թուրքմենստանին եւ Ադրբեջանին` Nabucco նախագծի շրջանակում:
«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով պնդում է Կասպից ծովի ռեսուրսները բաժանելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերելու վրա, կասպյան մյուս երկրներին հետ է պահել միանձնյա քայլերից, նշելով, որ դա կփոխի հավասարակշռությունը տարածաշրջանում:
Իրականում, ՌԴ իշխանությունները ամեն կերպ փորձում են թույլ չտալ Nabucco-ի իրականացումը, առաջ մղելով «Հարավային հոսք» նախագիծը: «Հարավային հոսքի» գործարկումը ուր որ է, կսկսվի»,- նշել է Շթայները:
Միաժամանակ, Ռուսաստանը բախվում է հակազդեցության: Ամենից շատ ընդդիմանում է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը, որի խոսքով, խողովակաշարի շինարարության հարցը կարող է լուծվել միայն այն երկրների կողմից, ում տարածքով անցնելու է այն:
Թուրքմենստանը, ով աշխարհում 4-րդ տեղն է գրավում գազի պաշարներով, արդեն նվազեցրել է իր կախվածությունը Ռուսաստանից, գազամուղ կառուցելով դեպի Չինաստան: Իսկ հիմա էլ նրա հայացքը Եվրոպայի կողմն է, ասվում է հոդվածում:

No comments: