Monday, November 7, 2011

Քարվաճառն էլ, Աղդամն էլ, մնացյալն էլ...

«Լրագիր» 7-11-2011- ԼՂՀ իշխանությունն օրերս հայտարարեց Քարվաճառը (Քելբաջարը) Հայաստանին կապող ռազմավարական ճանապարհի շինարարության մասին, որը փաստացի լինելու է ԼՂՀ-ն Հայաստանին կապող երկրորդ ավտոճանապարհը Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհից հետո:
Դա անկասկած չափազանց կարեւոր ռազմավարական նախաձեռնություն է, որը նույնիսկ կարելի է համարել ուշացած: Դեպի Ղարաբաղ տանող այդ ճանապարհը պետք է թերեւս վաղուց արժանացած լիներ հայկական կողմի գործնական ուշադրությանը: Իհարկե լավ է ուշ, քան երբեք:
Այդ իմաստով սակայն հետաքրքրական հարցեր են առաջանում: Ինչու է նոր հայտարարվում ճանապարհի կառուցման մասին: Որովհետեւ նո՞ր է փող գտնվել դրա համար՝ հանքարդյունաբերող ընկերությունների շնորիվ, թե որովհետեւ նոր է Քարվաճառի հարցը, կամ ավելի շուտ հայկական կողմին մնալու հարցը լուծում ստացել միջազգային օրակարգում:
Բանն այն է, որ եթե խնդիրը փողն էր, ապա ստացվում է, որ հայկական իշխանությունը (տվյալ պարագայում խոսքը թե Հայաստանի, թե ԼՂՀ իշխանության մասին է, որովհետեւ ճաանապարհի հարցն անկասկած չէր կարող լուծվել առանց Հայաստանի իշխանության) ռազմավարական այդ ճանապարհին ձեռնամուխ եղավ միայն դրա բիզնես-անհրաժեշտությունից ելնելով: Այսինքն, երբ հարկ եղավ պարզապես հարմար ճանապարհ ունենալ հանքարդյունաբերության ենթակառուցվածքային սպասարկման համար: Իսկ հանքարդյունաբերությունը հազիվ թե լինի առանց իշխանության մասնակցության, քանի որ բիզնեսի հետ սերտաճած հայկական իշխանությունը հազիվ թե բաց թողներ այդ շահութաբեր ոլորտը:
Իհարկե, եթե նույնիսկ այդ շարժառիթով, այդուհանդերձ ողջունելի է, որ ճանապարհը պետք է կառուցվի: Պարզապես այդ իրավիճակում կարող է հատկանշական լինել իշխանական վերնախավերի մակարդակում ռազմավարական մտածողության բացակայությունը. մինչեւ չի լինում բիզնես շահագրգռություն, ռազմավարական անհրաժեշտություն հանդիսացող ծրագրեր չեն իրականացվում: Այլ կերպ ասած, հայկական իշխանական վերնախավերn իրականացնում են ոչ թե պետական ռազմավարություն, այլ բիզնես ռազմավարություն:
Հնարավոր է նաեւ, որ բանը զուտ ֆինանսական խնդիրն էր, եւ հանքերից ստացվող շահույթը միայն հնարավորություն տվեց ձեռնամուխ լինել ճանապարհի կառուցմանը: Բայց միթե փող չէր գտնվում այդ կարեւոր նախաձեռնության համար: Դա էլ թերեւս ինքնին խոսում է վերնախավի ռազմավարական մտածողության բացակայության մասին, քանի որ անձնական շքեղության համար անսահմանափակ փող գտնող վերնախավը պետք է որ կարողանար փող գտնել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի համար:
Հնարավոր է, որ խնդիրը ոչ թե փողն էր, այլ քաղաքականությունը. Քարվաճառի ճակատագիրն անորոշ էր, հայկական կողմը վստահություն չուներ, որ կկարողանա պահել, դրա համար էլ գերադասում էր ավելորդ փող չծախսել: Այստեղ արդեն թերեւս պատկերացումների խնդիր է: Որեւէ բան պահելու համար, եթե կոպիտ բնորոշենք իրավիճակը, պետք է թերեւս մեծ փող ծախսել: Օրինակ, իշխանությունը պահելու համար, այդ վերնախավը պատրաստ է ծախսել ինչքան փող որ պետք է:
Քարվաճառը պահելու համար է պետք փող ծախսել, որովհետեւ այդպես է հնարավոր պահել Քարվաճառը եւ մյուս տարածքները, վերաբնակեցնելով դրանք, դրանք ծառայեցնելով մարդկանց, որպես միջազգային քաղաքական ասպարեզում ամուր փաստարկ: Այսինքն, պետք է թերեւս վերանայվի այն մոտեցումը, որ մինչեւ չլինեն հաստատ միջազգային երաշխիքներ, չարժե «անիմաստ» փող ծախսել այդ տարածքնների հետ կապված ծրագրերի վրա:
Հակառակը, թերեւս մինչեւ լուրջ փողեր չծախսվեն այդ տարածքների հետ կապված ծրագրերի վրա, դրանց պահելու հարցը կարող է լինել շատ անորոշ եւ հիմնականում՝ կախված չլինել մեզանից: Օրինակ, եթե Քարվաճառի հարցն այժմ լուծվել է եւ հիմա իշխանությունը փորձում է փող դնել այնտեղ, ապա այդ լուծումը ավելի շատ թերեւս ոչ թե հայկական կողմի, այլ պարզապես համանախագահների շահերի արդյունք է: Մինչդեռ երբեք հայտնի չէ, թե այդ շահերը ինչ փոփոխության կենթարկվեն, կամ ինչ փոփոխության կենթարկվեն դրանց սպասարկման մեխանիզմները:
Հետեւաբար ռազմավարական ծրագրերը պետք է իրագործել ոչ թե “պահելուց կամ լուծելուց հետո”, այլ “պահելու կամ լուծելու համար” սկզբունքով:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: