Tuesday, November 29, 2011

Հույն քաղաքագետ. հազիվ թե Էրդողանը ներողություն խնդրի 1922 թ. իրադարձությունների համար

News.am. 29-11-2011- Թուրքիայի վարչապետ Էրդողանը հազիվ թե ներում հայցի 1922թ. իրադարձությունների համար: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք հայտնեց Թուրքիայի Բելկենթ համալսարանի փորձագետ Իոաննիս Գրիգորիադիսը` մեկնաբանելով անցյալ դարի 30-ականներին Դերսիմի կոտորածների վերաբերյալ արված հայտարարությունը:
Պատասխանելով հարցին` թե կարելի՞ է ներողություն ակնկալել նաեւ 1922թ. Սամիրնում (Իզմիր) Մեծ հրդեհի համար, Գրիգորիադիսը նշեց, որ հունական հանրության մի մասը ներողություն կսպասի: «Սակայն չեմ կարծում, թե կարելի է հուսալ, որ Էրդողանը նմանատիպ ներում կհայցի նաեւ հույների ոչնչացման համար»,-հայտարարեց նա:
Իզմիրում Մեծ հրդեհով ավարտվեց 1919 – 22թթ. հույն-թուրքական պատերազմը: Քաղաքը, որը վերցվել էր հունական զորքերից, հրի մատնվեց: Հրդեհը շարունակվեց 9 օր` ստիպելով բնակիչներին, որոնք հիմնականում հույներ էին, կային նաեւ հայեր, լքել իրենց տներեը եւ փախչել: Զոհերի թիվը գնահատվում է 2-10 հազար (որոշ գնահատականներով` անգամ 100 000), փախստականներինը` 50 -400 հազար:
Ընդհանուր առմամբ, 1914 - 1923 թթ. երիտթուրքերի ագրեսիվ քաղաքականությանը զոհ են գանցել մի քանի հարյուր հազար հույներ: 2007թ. դեկտեմբերին Ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային ասացիացիայի (IAGS) կողմից այդ իրադարձությունները պաշտոնապես համարվել են ցեղասպանություն:
Այդուհանդերձ, ըստ Գրիգորիադիսի, ներողություն ակնկալել պետք չէ: «Դերսիմի նկատմամբ Էրդողանի քայլը պայմանավորված էր ներքաղաքական հաշվարկներով, մասնավորապես` ուղղված էր գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակացությանը եւ նրա առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուին: Հայտարարությունը թելադրված չէր Թուրքիայի պատմության նկատմամբ նոր, պակաս ազգայնական եւ ավելի անաչառ հայացք ունենալու մտադրությամբ»,-նշեց հույն քաղաքագետը:

No comments: