Wednesday, November 2, 2011

Գրքի մայրաքաղաք Երեւանում 2010թ համեմատ գրախանութների թիվը պակասել է 4-ով

News.am. 2-11-2011- Երեւանում գրախանութների թիվը, նախորդ` 2010թ համեմատ, պակասել է 4-ով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից: Նրանց փոխանցմամբ` ներկայումս Երեւան քաղաքում գործում են 43 մեծ ու փոքր գրախանութներ։ Հարցին, թե ի՞նչեր են գործում փակված գրախանութների տեղերում, նրանք նշեցին, որ դրանք զբաղեցրած սեփականատերերը նախընտրել են տվյալ տարածքում կազմակերպել այլ բնույթի առեւտրային գործունեություն, մասնավորապես` պարենային ապրանքների մանրածախ առեւտուր։
Նշենք, որ գրողները, մտավորականները պարբերաբար ահազանգում են գրախանութների փակման մասին: Ամենաթարմ օրինակներից է Բժշկական համալսարանի դիմաց գտնվող «Գրքերի աշխարհ», Հանրապետության հրապարակում գտնվող «Անի» գրատան փակումը: Գրախանութների փակման մասին բարձրաձայնվում է հատկապես այն պատճառով, որ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ի դեպ, ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի եւ հեղինակային իրավունքների միջազգային օր:գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը մինչ այժմ կրել են 11 քաղաքներ` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը եւ այլ: «Բուենոս Այրեսը ընտրվել է գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաք` 2011թ.: Երեւանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012 թ-ի ապրիլի 23-ից մինչեւ 2013-ի ապրիլի 22: Մնում է, որ մինչ այդ տոնական օրերին մայրաքաղաքում գրախանութներ մնացած լինեն:

No comments: