Saturday, November 12, 2011

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ 217 ՏԱՐԵԿԱՆ

«ԱԶԳ», 12-11-2011- Հայ պարբերական մամուլի պատմությունն սկզբնավորվել է 1794թ. հոկտեմբերի 16-ին: Անցած ավելի քան 200 տարիների ընթացքում Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում հրատարակվել են շուրջ 4000 պարբերականներ, որոնք անգնահատելի նպաստ են բերել հայ ժողովրդի, հայ հասարակական-քաղաքական կյանքի ու հոգեկերտվածքի ձեւավորման գործում: Իր հերթին, հայ ժողովրդի պատմական ճակատագիրն էլ անջնջելի դրոշմ է դրել մեր լրագրության բնույթի վրա: Հայաստանի բռնի բաժանումները, նվաճողների անմարդկային վերաբերմունքն ու կոտորածները, շարունակական թալանն ու գաղթօջախների առաջացումը հայության տնտեսական ու քաղաքական կյանքի, մշակութային արժեքների ստեղծման համար տարբեր պայմաններ են ստեղծել: Դրա համար էլ Հ. Շմավոնյանի խմբագրությամբ 1794թ. հոկտեմբերի 16-ին հրատարակված առաջին` «Ազդարար» (1794-1796 ) պարբերականը լույս տեսավ հայրենիքից հեռու, Հնդկաստանի Մադրաս քաղաքում, որտեղ անհրաժեշտ պայմաններ էին հասունացել լրագրության գործի սկզբնավորման համար: «Ազդարարի» հիմնադրումով ազդարարվեց եվրոպական չափանիշներով հայ ժողովրդի քաղաքակրթական վիճակի մի նոր, բարձր աստիճանի լինելիության իրողությունը:
Հայ իրականության մեջ «Ազդարարից» հետո Վենետիկում Մխիթարյան հայրերից Ղ. Ինճիճյանի խմբագրությամբ արեւմտահայ աշխարհաբարով լույս տեսան «Տարեգրություն» (1800-1802), «Եղանակ Բյուզանդյան» (1803-1820), «Դիտակ Բյուզանդյան» (1812-1816թթ.) պարբերականները: 1847-1863թթ. Վիեննայում լույս տեսնող «Եվրոպա» քաղաքական լրագիրը հարուստ տեղեկատվություն էր մատուցում ժամանակի եվրոպական երկրների, Ռուսաստանի եւ Անդրկովկասի կյանքի ու կարեւոր իրադարձությունների մասին, լուսաբանում ազգային մշակույթի հետ կապված բազմապիսի հարցեր: Մխիթարյանների պարբերականներից ամենաուշագրավը հայկական հնագույն պարբերաթերթ «Բազմավեպն» (1843թ. առ այսօր) է, որին իր երկարակեցությամբ շատ քիչ է զիջում Վիեննայում տպագրվող «Հանդես ամսօրյան» (1887թ. առ այսօր): Այն հայ մշակույթի պատմության մեջ հսկայական դերակատարություն ունի, զարգացնում է հայագիտությունը, պատշաճ կերպով ներկայացնում այն եվրոպական գիտական աշխարհին, համաշխարհային գիտական մտքի նորությունները թարգմանաբար ներկայացնում հայ հասարակությանը: Այսօր էլ Մխիթարյան միաբանությունը գիտական, մշակութային, ազգագրական գործունեությանը զուգընթաց, շարունակում է խթանել հայ լրագրության զարգացմանը եւ դարձել է հայ մամուլի ոչ միայն ստեղծման, այլեւ կայունացման ամենահեղինակավոր օջախներից մեկը:
Պատմական ճակատագրի բերումով դարեր շարունակ երկփեղկված են եղել ոչ միայն Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը, այլեւ ազգային շատ արժեքներ` այդ թվում եւ հայ մամուլն ու նրա պատմությունը: Արեւմտահայ մամուլն սկզբնավորվել է Օսմանյան կայսրության Կ. Պոլիս եւ Զմյուռնիա քաղաքներում, որտեղ համեմատաբար բուռն էր ազգային զարթոնքը, բարձր աստիճանի էր հասել ազգային ինքնագիտակցությունը եւ առկա էին հայկական մշակութի պահպանության եւ զարգացման դարավոր ավանդույթներ: Թուրքիայում լույս տեսնող հայ մամուլի լուսավորչական նկրտումներին մեծ չափով նպաստել են Մխիթարյանների «Տարեգրություն», «Եղանակ Բյուզանդյան» եւ «Դիտակ Բյուզանդյան» պարբերականները, որոնք ոչ միայն զգալի տարածված էին Թուրքիայում եւ հայությանը հետաքրքրող ազգային, պատմական ու բանասիրական ընդարձակ լրատվություն էին պարունակում, այլեւ արեւմտահայ լրագրության համար ուսումնառության յուրահատուկ դպրոց դարձան:
Արեւմտահայ մամուլի առաջնեկը Կ. Պոլսում հրատարակված «Լրո գիր» (1832-1850) շաբաթաթերթն է, որը թուրքական «Թագվիմի վագայի» («Օրացույց դեպքերի») պաշտոնաթերթի հայերեն տարբերակն էր: Հաջորդը, որ Զմյուռնիայում հրատարակել են ամերիկացի բողոքականները, «Շտեմարան պիտանի գիտելյաց» ամսաթերթն է (1839-1854): Սրանք ազգային նկարագիր չունեին եւ հայ մամուլի պատմության մեջ հետաքրքրություն են ներկայացնում զուտ գրական լեզվի եւ լրագրային ժանրերի բազմազանության տեսակետից: Արեւմտահայ մամուլն աննախադեպ զարգացում ապրեց 1840-1850-ական թթ., երբ Կ. Պոլսում եւ Զմյուռնիայում լույս տեսնող պարբերականների մեջ նկատելիորեն ընդգծվում է ազգային, լուսավորական եւ ինքնաճանաչողության բովանդակությունը: «Արշալույս Արարատյան»(1840-87), «Ազդարար Բյուզանդյան»(1840-41), «Հայրենասեր»(1843-46), «Հայաստան»(1846-52), «Մասիս»(1852-1908), «Նոյյան աղավանի», «Բանասեր» (1851-52), «Արփի Արարատյան»(1853-56) եւ այլ պարբերականներում առաջադրվում են ազգային լուսավորության ու կրթության, կրոնական միասնության ու դավանական տարբերություններից վեր դասվող ազգային համագործակցության գաղափարները: Հստակ տեսանելի է մշակույթի ու լուսավորության` իբրեւ արեւմտահայության տնտեսական ու հասարակական զարգացման ամենակարեւոր գործոնի, ըմբռնումը հանրային մտայնության մեջ: Վերացականությունից դեռեւս չազատագրված հրապարակախոսության մեջ զգացնել է տալիս բարոյախոսության նախապատվությունը, իսկ լրագրական ժանրերը դեռեւս գտնվում են լինելիության գործընթացում:

1915թ. Երիտթուրքերի սանձազերծած հայոց ցեղասպանությունը վերջ դրեց շուրջ մեկ դար գոյատեւած արեւմտահայ մամուլին:

Արեւելահայ անդրանիկ պարբերականը`«Արեւելյան ծանուցմունք» շաբաթաթերթը, լույս տեսավ ընդամենը ութ ամիս, 1816թ. Աստրախանում: Պարբերականում տպագրվել են լուրեր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ առեւտրական հարաբերությունների մասին: Հաջորդը «Կովկաս» (1846-1847թթ. Թիֆլիս) քաղաքական, բանասիրական, մշակութային շաբաթաթերթն է, որը, լինելով Կովկասի փոխարքայության պաշտոնական օրգանի հայերեն տարբերակը, հիմք դրեց տարածաշրջանում ազգային լիարժեք լրագրության: «Կովկասն» ու առաջին աշխարհաբար եւ պատկերազարդ «Արարատը» (1850-51թթ. Թիֆլիս), որոնք լույս էին տեսնում Գ. Պատկանյանի խմբագրությամբ, առաջադիմական նկատելի դեր են կատարել ազգային լուսավորականության գաղափարների արծարծման առումով:

Հայ մամուլի պատմության հասարակական կարծիքի սերտաճման փուլում (1850-80-ական թթ.) սոցիալական հակամարտությունների խորացման հետեւանքով խիստ սրվեց գաղափարական-քաղաքական պայքարը: Մամուլը դարձավ հասարակական-քաղաքական ուղղությունների դրսեւորման յուրահատուկ միջավայր: Այս շրջանում իրենց գիտամանկավարժական գործունեությունն էին ծավալում լուսավորիչ-դեմոկրատներ Խ. Աբովյանը, Ս. Նազարյանը, Մ. Նալբանդյանը, ովքեր ծրագրել էին կրթել ու լուսավորել հայ ժողովրդին եւ դուրս բերել նրան դարավոր ընդարմացումից: Ս. Նազարյանի «Հյուսիսափայլը» (1858-64, Մոսկվա)` իբրեւ հայ իրականության մեջ լուսավորական շարժման առաջնեկ ու ջահակիր, հետեւողականորեն պայքար ծավալեց հանուն ազգային ինքնաճանաչման եւ համախմբման, աշխարհաբարի քաղաքացիության իրավունքների հիմնավորման, թարգմանական գրականության ավանդույթների հաստատման, գրաքննադատական դպրոցի ստեղծման, մանկավարժական մտքի մշակման եւ այլ ասպարեզներում նորի ու առաջավորի տեղայնացման համար: Դրան հաջորդում է արեւելահայ լրագրության օրինաչափ զարգացումն ու վերելքը, որը պայմանավորված էր հատկապես հայ լուսավորիչների մշակած համազգային լուսավորական ծրագրերի կենսունակությամբ ու արդիականությամբ: Հայ հասարակական կյանքի բարեփոխումների մարզում բացառիկ դերակատար «Հյուսիսափայլը» դասականի մակարդակի հասցրեց լուսավորական-դեմոկրատական հրապարակախոսությունը, անգնահատելի ներդրում կատարեց երիտասարդ գրական ուժերի դաստիարակության, հայ նոր գրականության զարգացման, ազգային մշակույթի հարստացման եւ նորացման ուղղությամբ: Այսօր էլ այն հիացնում ու զարմացնում է հարցադրումների հրատապությամբ ու համարձակությամբ, գրական ժանրերի բազմազանությամբ ու մշակվածությամբ:

Քաղաքական մամուլի կայացման եւ զարգացման փուլում (1890-1918 ), հատկապես 1894-96թթ. ճգնաժամային օրերին, հայ լրագրությունը ստանձնում է ազգային կյանքի ղեկավարի, պետականությունից զուրկ հայության ոչ միայն բարոյական պաշտպանի, այլեւ քաղաքական առաջնորդի դերը: Բնորոշ երեւույթ է, որ դարավերջի հայ ժողովրդի ազատագրական շարժումների վերելքի պայմաններում հասարակական հոսանքներին փոխարինելու են գալիս ազգային կուսակցությունները, որոնք երկնում են հայ լրագրության նոր ճյուղ` կուսակցական մամուլը` ի դեմս «Արմենիայի» (1885-1923), որի թեզերով ղեկավարվում էր Արմենական կուսակցությունը, Հնչակյան կուսակցության օրգան «Հնչակի» (1887-1915, 1935-40) եւ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրած «Դրօշակի» (1891-1914, 1925-34):

Մ. Փորթուգալյանի հրապարակախոսական մարտական ոգու ջահակիր «Արմենիան» հսկայածավալ ջանքեր է գործադրել ազգային-ազատագրական պայքարի նախապատրաստման եւ դրա ծրագրային դրույթները մշակելու ուղղությամբ: Հնչակյան կուսակցության հիմնադիր Ա. Նազարբեկյանի «Հնչակը» հետեւողականորեն պրոպագանդել է կուսակցության մշակած հեղափոխական ծրագրերը, ծանոթացրել իրենց կառույցի գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը, տեղյակ պահել կատարած ազգանպաստ քայլերին ու հեղափոխական «առօրյային»: Ժամանակին զգալի հեղինակություն ձեռք բերեց Ս. Զորյանի, Հ. Դավթյանի եւ Քր. Միքայելյանի խմբագրած «Դրոշակ» թերթը: Այն անխոնջ քարոզչական գործունեություն է ծավալել ազգային կենսական հարցերի քննության, Արեւմտյան Հայաստանի ազատագրման հեղափոխական ուղիների մշակման գործում: Կուսակցական այս պարբերականներում հրապարակված գաղափարա-քաղաքական ըմբռնումները օրինաչափ եւ անհրաժեշտ փուլ էին հայ հասարակական-քաղաքական մտքի եւ հայ մամուլի զարգացման գործընթացում: Կուսակցությունների միջեւ քաղաքական-գաղափարական պայքարը հետագայում սրվեց, որը դարձավ մամուլի հասարակական ազդեցության բարձրացման, քանակական եւ որակական տեղաշարժերի պայման: Հաջորդ տարիներին եւս կուսակցական մամուլը բուռն զարգացում ապրեց հայրենիքում եւ գաղթօջախներում:

1918թ. մայիսի 28-ին վեցդարյա ընդմիջված անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլեւ պատմամշակութային խոշոր նշանակություն: Բազմադարյա դեգերումներից հետո մշակութային կյանքի ծանրության կենտրոնը աշխարհացրիվ գաղթօջախներից աստիճանաբար տեղափոխվեց մայր հայրենիք` նորանկախ Հայաստանի Հանրապետություն: Երբեմնի հետամնաց գավառական քաղաք Երեւանը մեկ-երկու տարում դարձավ հայ հասարակական-քաղաքական եւ հոգեւոր մշակութային կյանքի կենտրոն` դրա առաջնության դափնին խլելով Թիֆլիսից եւ Կոստանդնուպոլսից:

ՀՀ փոխադրվեցին պետական իշխանության, կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմիններն իրենց կառույցներով: Աշխուժացավ հասարակական-քաղաքական կյանքը, բուռն ծաղկում ապրեց պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը: Թեեւ դեռ մամուլի մասին օրենք ընդունված չէր, սակայն բոլոր կուսակցություններն օգտվում էին ազատ խոսքի ու գործունեության հնարավորությունից, փաստորեն գրաքննություն չկար: Անկախության հռչակումից հետո, ընդամենը 2.5 տարվա ընթացքում, ՀՀ-ում լույս են տեսել մոտ 60 անուն պարբերականներ, որոնց ճնշող մեծամասնությունը` Երեւանում:

Ըստ բնագավառի եւ նշանակության դրանք բաժանվում են 3 խմբի`1. պաշտոնական (14 անուն), 2. կուսակցական (38) եւ 3. անկախ (անկուսակցական 8):

Ամենաստվարաթիվը կուսակցական մամուլն էր, ՀՀ-ում գործող տասը կուսակցություններից իրենց սեփական պարբերականներն ունեին` Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)` 13, Սոց.-դեմոկրատ. բոլշեւիկ` 14, Սոց.-դեմոկրատ. մենշեւիկ` 3, Սոցիալիստ-հեղափոխական (Էսէռ)` 3, Հայ սահմանադրական ռամկավար (ՀՍՌԿ)` 3, եւ Հայ ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ)` 2: Դրանք, ըստ գաղափարա-քաղաքական ուղղվածության, բաժանվում էին երեք խմբի` «աջակողմյան», «ձախակողմյան» եւ «ձախ կենտրոնամետ» (ձախակենտրոն): Աջակողմյան էին ՀԺԿ եւ ՀՍՌԿ, ձախակենտրոն` ՀՅԴ, ձախակողմյան` բոլշեւիկյան, մենշեւիկյան եւ էսէռական թերթերը::

ՀՀ 1-ին հանրապետությունն իր գոյության կարճատեւ ժամանակահատվածում դարձավ հայահավաքման կենտրոն: Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները` Թիֆլիսը, Կ. Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն եւ այլն, իրենց դիրքերը զիջեցին Երեւանին: Վերջինս դարձավ հայ հասարակական-քաղաքական ու հոգեւոր կյանքի կենտրոն, ուր լույս էին տեսնում շուրջ վեց տասնյակ պարբերականներ :

Հայաստանի խորհրդայնացումից հետո, որպես հասարակության լայն զանգվածների վրա ներազդող կազմակերպչական եւ գաղափարախոսական հզոր միջոց, նոր իշխանությունները մեծ կարեւորություն տվեցին մամուլի զարգացմանը եւ ձեւավորեցին այն խորհրդային մամուլի գաղափարա-կազմակերպչական միասնական սխեմայով, որի հիմքում դրված էր դեռ 1917 թ. նոյեմբերի 10-ի «Մամուլի մասին» դեկրետը: Միակուսակցական քաղաքական համակարգի ձեւավորման պայմաններում, Կոմունիստական կուսակցության ազդեցությունը ապահովելու եւ ուժեղացնելու նպատակով իշխանությունները դասակարգային անհանդուրժողականություն էին ցուցաբերում ոչ բոլշեւիկյան մամուլի նկատմամբ, բազմակարծության, խոսքի ազատության մեջ սպառնալիք տեսնելով խորհրդային կարգերի համար: Մամուլը խորհրդային շրջափուլում ձեւավորվում էր արտակարգ բարդ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններում, նրա հնարավորությունները սահմանափակ էին` վատ վիճակում էր նյութատեխնիկական բազան, չկային տպագրական մեքենաներ, սարքեր, թուղթ, ժուռնալիստական կադրեր: Սակայն աստիճանաբար այդ դժվարությունները հաղթահարվեցին, եւ պարբերականները դարձան ավելի բազմաքանակ եւ բազմաբովանդակ: Մամուլում լայնորեն լուսաբանվում էին խորհրդային կառավարության որոշումները, դեկրետները, ժողկոմների կարգադրությունները, ներկայացվում էր կուսակցական կյանքը, արհեստակցական միությունների գործունեությունը, մշակույթի եւ լուսավորության հիմնահարցերը, լուրեր արտասահմանից, հայ գաղութներից եւ այլն: Առաջին շրջանում պարբերականներում մեծ տեղ էր զբաղեցնում հակադաշնակցական քարոզը, մանրամասն տեղեկություններ էին հայտնվում քեմալականների կողմից բռնագրավված տարածքներից:

Խորհրդահայ առաջին պարբերականը ՀԿԿ Կենտկոմի եւ Երեւանի կոմիտեի օրգան «Կոմունիստ» թերթն էր (1920թ. դեկտեմբերի 5-ից, խմբ. Աշոտ Հովհաննիսյան), որն ուներ «Կնոջ թերթիկ», «Երիտասարդ կոմունիստ» եւ այլ մշտական բաժիններ: Ինտերնացիոնալիստական հենքով լույս էին տեսնում Հայաստանի ռուսերեն եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով պարբերականները: Առաջին ռուսերեն պարբերականներից էին "Коммунист" (1920թ. դեկտեմբերի 7), "Наша правда", "Известия Центрального комитета коммунистической партии Армении (большевиков)", ադրբեջաներեն` «Ռանչպար», «Զանգու», քրդերեն` «Ռիա-թազա» թերթերը:

Խորհրդային պատմության յուրաքանչյուր փուլ իր կնիքն էր թողնում մամուլի վրա: Այսպես, «ռազմական կոմունիզմի» շրջանում մամուլն աջակցում էր բոլշեւիկյան ծայրահեղական քաղաքականությանը գյուղում: Լուսաբանվում էր նաեւ իրավիճակը Զանգեզուրում, պայքարը Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանի դեմ: Մամուլում լուրջ աշխատանք էր տարվում արեւմտահայության հետ: Արեւմտահայ գաղթականների շրջանում կոմունիստական գաղափարախոսությունը տարածելու նպատակով ՀՍԽՀ Արեւմտահայ աշխատավորության կենտրոնական վարչությունը 1920-ական թթ. հրատարակում էր «Կարմիր օրեր», «Նոր Արեւելք», «Մշակ Հայաստանի» պարբերականները: «Համաշխարհային սոցիալիստական հեղափոխության» հիմնախնդիրները լուսաբանելու նպատակով ստեղծվեց «Նոր արեւելք» (1922թ.) ամսագիրը: Այս շրջանի խորհրդային պարբերականներին հատուկ էր հեղափոխական պաթոսը եւ «կամպանիականությունը»: 1921 թ. սկզբներին նէպին անցումը բուռն քննարկումներ առաջացրեց մամուլում: Հայտնվեցին ԿԿ-ի քաղաքականությունը քննադատող նյութեր, բարձրացվեցին խոսքի ազատության հարցերը, որին ՌԿ(բ)Կ Կենտկոմը պատասխանեց 1921թ. ապրիլի շրջաբերական նամակով: Նամակի հիմքում Վ.Ի.Լենինի «Ցավոտ հարցեր» հոդվածն էր, որով խոսքի ազատության հարցը փաստորեն վերջնականապես փակվեց նաեւ Խորհրդային Հայաստանում: Պատահական չէ, որ խորհրդահայ մամուլը հաջորդ տարիներին բոլոր երեւույթները լուսաբանում էր միայն պաշտոնական գաղափարախոսության դիրքերից:

1922թ. ստեղծվեց Գրականության եւ հրատարակչության գործերով Գլավլիտը, որը լինելով ԿԿ-ի կամակատարը, փաստորեն, վերածվեց գրաքննչական օրգանի` կանխելով մամուլում ցանկացած այլախոհություն: Հրատարակվեցին գյուղի սոցիալիստական վերափոխմանը եւ գյուղացու հիմնախնդիրներին նվիրված «Աղքատ գյուղացի», «Կարմիր գութան», «Կարմիր ռանչպար», «Մաճկալ», «Գյուղատնտեսական կյանք» պարբերականները, որոնցում նյութերը հաճախ գրվում էին խոշոր տառերով, գեղջկական հասարակ լեզվով, մատչելի ոճով:

Խորհրդային առաջին տարիներին կարեւորվեց տեղական մամուլի զարգացումը: Կոմկուսը մեծ ուշադրություն էր դարձնում նաեւ երիտասարդության գաղափարական մշակմանը, սոցիալիստական ոգով վերադաստիարակմանը: Սկզբում դա իրագործվում էր պարբերականների երիտասարդությանը վերաբերող հատուկ թերթիկների միջոցով, այնուհետեւ ստեղծվեց նաեւ երիտասարդական մամուլը: Առաջնեկը ՀԼԿԵՄ Կենտկոմի եւ Երեւանի գավկոմի օրգան «Երիտասարդ կոմունիստն» էր, որին հաջորդեցին «Տպագրական բանվորը» եւ այլ թերթեր: 1923թ. հրատարակվում էին արդեն ութ երիտասարդական թերթեր: Իր նշանակությամբ առանձնանում է ՀԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» (խմբ. Եղիա Չուբար) թերթը, որը լույս տեսավ 1923թ. մայիսի 5-ից: Տպաքանակը սկզբում ընդամենը 1000 օրինակ էր (1988թ. հասավ 240000-ի):

1930-ական թթ. լարված միջազգային դրության թելադրանքով մամուլի առջեւ խնդիր դրվեց ժողովրդին գաղափարապես նախապատրաստել հնարավոր պատերազմին: Ավելացավ պարբերականների քանակը, խմբագրություններում նոր բաժիններ ստեղծվեցին, մեծ տեղ էին զբաղեցնում լուրերը եւ վերլուծական հոդվածները: Մամուլը վերածվել էր ստալինիզմի գաղափարատեսական հիմնավորման կարեւոր գործիքի:

Հայրենական պատերազմի տարիներին մամուլի առջեւ դրվում են նոր խնդիրներ` ոգեւորել հասարակությանը Կարմիր բանակի հաջողություններով եւ խորհրդային մարդկանց անօրինակ սխրագործություններով, ներկայացնելով հանդերձ պարտությունները, խուսափել խուճապային տրամադրություններից, առաջացնել լավատեսություն, ամրապնդել վստահություն հաղթանակի նկատմամբ: Այդ հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր վերակառուցել մամուլը պատերազմի պահանջներին համապատասխան: Պատերազմի սկզբում առաջացած որոշ դժվարությունների պատճառով որոշվեց կրճատել քաղաքացիական մամուլը: ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով հրատարակվեցին նաեւ հայերեն ճակատային պարբերականներ, որոնք, թեպետ լույս էին տեսնում Հայաստանի տարածքից դուրս, խորհրդահայ մամուլի բաղկացուցիչ մասն էին,:

Հայրենական պատերազմի ավարտից հետո սկսվեց ժամանակավորապես դադարեցված պարբերականների եւ նորերի ստեղծման գործընթացը: 1950թ. հրատարակվող թերթերի քանակը եւ տպաքանակը գրեթե հասան նախապատերազմյան ցուցանիշներին: Արտասահմանյան երկրներից վերադարձող զինվորների հետ խորհրդային հասարակություն էին ներթափանցում այլ արժեքներ, փոփոխություններ էին տեղի ունենում «փտող» կապիտալիստական երկրների մասին պատկերացումներում, ընդլայնվում էր մարդկանց աշխարհայացքը: Դրանից անհանգստացած խորհրդային ղեկավարությունը խիստ քննադատեց մամուլին գաղափարական աշխատանքի թուլացման եւ վրիպումների համար: «Վախեցած» մամուլըՙ կուրորեն կատարելով կուսակցության բոլոր որոշումները, քննադատական հոդվածներ հրապարակեց տարբեր բնագավառների, հատկապես մշակույթի հայտնի գործիչների մասին, ձեւավորելով կուսակցական վերնախավի համար հարմար հասարակական կարծիք: Մեծ քարոզչական արշավ ծավալվեց մամուլում հայրենադարձության խրախուսման համար:

1970-ական թթ. խորհրդահայ մամուլն ավելի շատ զարգանում էր լայնությամբ: Հրատարակվում էր 29 անուն ամսագիր 507 հազ. տպաքանակով եւ 81 անուն թերթ 1 մլն.117 հազ. տպաքանակով: 1985թ. հրատարակվում էր 92 անուն թերթ` ավելի քան 1 մլն. 560 հազ. տպաքանակով, գրեթե նույնքան ամսագիր եւ այլ պարբերականներ: Պարբերականների իրացումը հիմնականում տեղի էր ունենում նախորդ տարիներին մշակված համակարգի շնորհիվ` աշակերտական, ուսանողական, աշխատանքային կոլեկտիվների միջոցով: Այլընտրանքային մամուլ չկար: Մեծ տարածում ունեին «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Ավանգարդ», «Երեկոյան Երեւան» թերթերը:

1985թ. ԽՄԿԿ ապրիլյան պլենումով սկսված «վերակառուցումը» ըստ էության արմատական փոփոխություններ չառաջացրեց խորհրդահայ մամուլում: «Հրապարակայնության» քաղաքականության շնորհիվ լույս տեսան նյութեր միջազգային քաղաքականության գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ: Կենտրոնական մամուլում տպագրվեցին խորհրդային կյանքի թերությունները մերկացնող հոդվածներ: ԽՄԿԿ ղեկավարները ստիպված եղան ընդունել Ստալինի հանցագործությունները, Խրուշչովի եւ Բրեժնեւի իշխանության ժամանակաշրջանի կուսակցական եւ խորհրդային մարմինների սխալները: Նախկին ղեկավարների քննադատությունը մամուլի նոր մոդայիկ աշխատաոճն էր դարձել: Բայց ԽՄԿԿ ղեկավար դերը, սոցիալիստական արժեքները, Լենինի հեղինակությունը դեռեւս հարցականի տակ չէին դրվում: Այդ հիմնախնդիրներով սկսեց զբաղվել Մոսկվայում, Լենինգրադում, Մերձբալթիկայում ու Հայաստանում հրատարակվող ինքնահրատը ("Хроника текущих событий", "Гласность", "Экспресс-хроника", "Меркурий", "Община", "День за днем", "Благовест", "Референдум", "Российские ведомости", "Демократическая оппозиция" եւ այլն), որն ուներ ազատական-ժողովրդավարական, ազգայնական, փիլիսոփայական ուղղվածություն, առաջարկում էր փոխել խորհրդային արժեհամակարգը, խորտակում «խորհրդային առասպելները», նպաստում հասարակական կարծիքի ձեւափոխմանը:

1987թ. Պ. Հայրիկյանի նախաձեռնությամբ լույս տեսան «Քաղաքական կալանավորների պաշտպանության հայկական կոմիտեի» երկլեզու «ՔՊՀԿ-ի տեղեկագիրը» (1987թ. մայիս, խմբ. Ա. Ստեփանյան), «Հրապարակայնություն» (խմբ. Մ. Գորգիսյան) պարբերականները, որոնք, սակայն, հայ հասարակության լայն շրջանների համար անհայտ մնացին: 1987 թ. հոկտեմբերի 24-ին սկսեց հրատարակվել «Անկախություն» թերթը (հիմնադիր խմբագիր Պ. Հայրիկյան), որը կայուն պարբերականու-թյամբ եւ բացահայտ հրապարակվող առաջին ընդդիմադիր թերթն էր եւ մեծ գործ կատարեց հայ հասարակության գիտակցության մեջ անկախության գաղափարի արմատավորման համար: 1988թ. ղարաբաղյան շարժումը ազգային ինքնագիտակցության աննախադեպ աճի պատճառ դարձավ, որն ուղղակի հեղաբեկում առաջացրեց մամուլում:
Հայաստանի հանրապետության անկախության մասին հռչակագիրը (1991) դարձավ մամուլի արդի շրջանի սահմանագիծը: 1991թ. հոկտեմբերի 8-ին ընդունվեց ՀՀ օրենքը «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին», որով ոչ միայն փլուզվում էր լրատվամիջոցների ղեկավարման միակուսակցական համակարգը, այլեւ ներկայացվում էր մամուլի ազատության հասկացությունը, վերացվում էր գրաքննությունը, քաղաքացիներին իրավունք էր տրվում մամուլում եւ այլ զանգվածային լրատվամիջոցներում հայտնել իրենց տեսակետը եւ ստանալ ճշգրիտ տեղեկատվություն: Սկսվեց պարբերականների սրընթաց աճ: 1991-1992 թթ. Հայաստանում հրատարակվեց 41 նոր անուն թերթ եւ 55 անուն ամսագիր: Պահպանված խորհրդային տարիներին լույս տեսնող պարբերականների մեծ մասը կորցրեց իր նախկին տպաքանակը, փոփոխեց իր ուղղվածությունն ու անվանումը: Ժողովրդավարացման գործընթացներն ու ձեւավորվող շուկայական հարաբերությունները ներգործում էին մամուլի կառուցվածքի եւ բովանդակության վրա, փոփոխվում էր մամուլի լեզուն ու ոճը: Լուրջ պարբերականների կողքին հայտնվում էին ժամանցային-ճանաչողա-կան, նաեւ բուլվարային պարբերականներ: 1996թ. պարբերականների թիվը կրկնապատկվեց` հասնելով 106-ի, որոնցից մոտ 20-ը` կուսակցական էին:
1999 թ. սկսած մամուլի տպաքանակը կտրուկ ընկավ: Նույնիսկ 1993-1994թթ., տնտեսական ճգնաժամի տարիներին այն ավելի լավ վիճակում էր: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո իշխանությունները շփոթմունքի մեջ էին եւ մամուլն ազատորեն կատարում էր իր առաքելությունը, սակայն շուտով սկսեց հարմարվել նոր քաղաքական կոնյուկտուրային: 2000թ. մամուլն օգտագործվում էր քաղաքական ուժերի կողմից իշխանության համար սուր պայքարում, որի արդյունքում սկսեց օտարանալ հասարակության լայն զանգվածներից:
1998-ից սկսեցին հրատարակվել թերթերի էլեկտրոնային տարբերակները (օրաթերթերի մեծ մասն ունեն) եւ «մաքուր» էլեկտրոնային թերթերը («Ա1+», «Դար», «7 օր Բլոգ», «Տերտ.ամ» եւն), ինչը նորություն էր: Սակայն հաշվի առնելով ինտերնետից օգտվող մարդկանց փոքր քանակը, այդ թերթերի ազդեցությունը նույնպես աննշան էր: 2005թ. տվյալներով Հայաստանում ինտերնետ ցանցին միացրած համակարգիչների քանակը 10000 բնակչի հաշվով կազմում էր 6,27, համեմատության համար նշենք, որ ետխորհրդային երկրների նույն միջին ցուցանիշը կազմում էր 78,50, Եվրոպայի երկրների համար`363,23, Ասիայի` 74,22:
Վերջին տարիներին մամուլը դանդաղորեն դուրս է գալիս ճգնաժամից, ինչի վկայությունն է պարբերականների աճող քանակն ու տպաքանակը: Այսպես, եթե 2002թ. Հայաստանում լույս էր տեսնում 71 անուն ամսագիր` 291 հազ. միանգամվա տպաքանակով եւ 98 անուն թերթ` 304 հազ. միանգամվա տպաքանակով, ապա 2007թ. տվյալներով արդեն 147 ամսագիր` 706 հազ. տպաքանակով եւ 207 թերթ` 605 հազ. տպաքանակով: 2008թ. մարտի 4-ին հրատարակված պաշտոնական գրացուցակում (կատալոգ) առկա են այսպիսի տվյալներ` ՀՀ-ում գործում են 7 լրատվական գործակալություններ, լույս են տեսնում 136 անուն թերթեր ու ամսագրեր (այս կատալոգում տեղ չեն գտել մեծաթիվ բոլոր այն պարբերականները, որոնց բաժանորդագրություն նախատեսված չէ) գործում են 31 ռադիոկայաններ եւ 50 հեռուստաընկերություններ: Սփյուռքում համապատասխանաբար` 107, 28 եւ 9: Արցախում հետեւյալ պատկերն է` 26 թերթեր ու ամսագրեր, մեկ ռադիոկայան եւ մեկ հեռուստակայան:

2011թ. տվյալներով ՀՀ-ում պաշտոնապես գրանցված են շուրջ 250 անուն պարբերականներ, որոնցից լույս են տեսնում մոտ 200-ը («Հայմամուլ» գործակալության տեղեկագրում ներկայացված են 131 թերթեր եւ ամսագրեր, այսինքն միայն այնպիսիք, որոնց հնարավոր է բաժանորդագրվել): Հասարակական-քաղաքական մամուլը (44 անուն) ներկայացված է պաշտոնական, կուսակցական եւ «անկախ» մի շարք պարբերականներով: Այսօր լույս են տեսնում նաեւ տնտեսական եւ գործարար շրջանների գիտավերլուծական ու տեղեկատվական, կրթական գիտական`(միայն ԲՈՀ-ի պաշտոնական կայքում նշված են 65 անուն պարբերականներ, որոնցում հրապարակված հոդվածներն ընդունելի ու գիտական են համարվում ԲՈՀ-ի պաշտպանական խորհուրդների համար), գրական-գեղարվեստական, մշակութային, իրավաբանական, մարզական, առողջապահական, ժամանցային-տեղեկատվական, մանկապատանեկան, երգիծական, հատուկ ծնողների համար, մարզային եւ քաղաքային թերթեր եւ ամսագրեր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:
Մամուլի հիմնական հիմնախնդիրներն են մնում իրավական եւ հարկային դաշտի անկատարությունը, քաղաքական կապիտալի գերիշխանությունը, ընթերցողների ցածր գնողունակությունը:
Ցանկանում եմ շնորհավորել բնագավառի բոլոր աշխատողներին, մաղթել նրանց բեղմնավոր գործունեություն, ստեղծագործական վերելք, անկոտրում կամք, համարձակություն ու վճռականություն ճշմարտության համար անդադար պայքարում եւ բազում հաջողություններ անձնական կյանքում: Շատ եմ ցանկանում նաեւ, որ մեր մամուլը մշտապես լինի հայեցի, իր իսկական դերում, խուսափի մտավորականին, մամուլի անխոնջ մշակին ոչ վայել, երբեմն էլ հայոյախառն լեզվից, էժանագին սենսացիաների համար մրցավազքից, քաղաքական եւ այլ տեսակի պատվերներ կատարելուց: Երազում եմ, որ շուտ գա այն օրը, երբ մամուլի ասպարեզի աշխատողը նույնպես գնահատվի ըստ արժանավույն ու վարձատրվի իր կատարած աշխատանքին համապատասխան եւ քայլի գլուխը բարձր, արժանապատվորեն ու մեր հայրենիքին օգտակար լինելու վեհ հոգեկերտվածքով:

-----------------
Նկար 1. Հայերեն անդրանիկ պարբերականիՙ «Ազդարար» ամսագրի առաջին էջը

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ

No comments: