Saturday, November 12, 2011

Է. Հովհաննիսյան. Ադրբեջանը դեռևս չի կարողանում «մարսել» Հայաստանում անցկացված զորահանդեսը

Panorama.am. 11-11-2011- «Ադրբեջանի ռազմական բյուջեի աճը չի ենթադրում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտում: Հայկական բանակն իր որակական կողմով էապես գերազանցում է ադրբեջանականին, իսկ միայն ռազմական մեծ բյուջեով խնդիրներ չեն կարգավորվում»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ հարցում վարվող քաղաքականությանն ու ռազմակն բյուջեի ավելացմանը՝ Panorama.am-ին ասաց Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեի շարունակական ավելացումն ու ԼՂ հարցում ապակառուցողական դիրքորոշման արտահայտումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, ի հակադրություն միջազգային հանրության հորդորներին, խնդրի լուծումը փորձում է տեղափոխել ուժի կիրառման հարթություն:
«Այստեղ տարօրինակ է այն, թե չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն ակնհայտորեն սպառազինությունների մրցավազք է հրահրում, վերջինս փորձում է ցույց տալ, թե իրեն անհանգստացնում է Հայաստանի ռազմական բյուջեի մի քանի տոկոսով ավելացումը: Դրանով Ադրբեջանը փորձում է բոլորի աչքից շեղել իր կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության դրսևորումները»,- հավելեց Է. Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը դեռևս չի կարողանում «մարսել» ՀՀ անկախության օրվա կապակցությամբ անցկացված տպավորիչ զորահանդեսը, ինչը վերջինիս համար ուղղակի «սառը ցնցուղ» էր:

No comments: