Tuesday, November 1, 2011

Չնայած հավատարմության երդմանը

«Լրագիր» 31-10-2011- Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, չնայած Սերժ Սարգսյանին հավատարմության հրապարակային մի քանի երդումներին, պաշտոնանկ է արվել:
Ալիկ Սարգսյանի օրոք ոստիկանությունը վերածվեց <բազմաբեւեռ> կառույցի, որը դուրս էր ոստիկանապետի վերահսկողությունից: Թերեւս, դա էր պատճառը, որ մի շարք աղմկահարույց գործերով, օրինակ՝ Վահան Խալաֆյանի մահվան գործով ոստիկանապետն անհեթեթ հայտարարություններ էր անում, հետո ստիպված ներողություն խնդրում հանրությունից, ակնարկելով, որ իրեն սխալ են զեկուցել: Փաստացի, Ալիկ Սարգսյանի դեմ համակարգի ներսում լուրջ սաբոտաժ կար, ինչը նրան այդպես էլ չհաջողվեց հաղթահարել:
Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում աչքի ընկավ նաեւ բազմաթիվ անհեթեթ հայտարարություններով, որոնք վերաբերում էին ներքաղաքական անցուդարձին: Օրինակ, հայարարությունը հեղափոխությունը օրորոցում խեղդելու մասին: Կամ, խոսելով Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների մասին, Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե իրեն դա դուր չի գալիս: Բացի այդ, նա բողոքի ցույցի մասնակիցների հանդեպ փաստացի ուժ կիրառելու հրաման էր տալիս, ինչը չէր կարող համընդհանուր դժգոհություն չառաջացնել:
Ալիկ Սարգսյանը վերջերս փաստացի խոստովանեց, որ ինքն էր հրաման տալիս ընդդիմության ցույցերի օրերին արգելափակել մարզերից Երեւան տրանսպորտային երթուղիները:
Մոսկվա կաարած Սերժ Սարգսյանի պետական այցից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ տեղի են ունենալու կադրային փոփոխություններ, մասնավորապես ուժային բլոկում: Այս ոլորտում Սերժ Սարգսյանի դիրքերը, կարելի է ասել, այնքան էլ ամուր չեն: Բացի Ալիկ Սարգսյանից, մյուս ուժայիններն այդպես էլ հավատարմության երդում չտվեցին Սերժ Սարգսյանին: Բացի այդ, Ալիկ Սարգսյանը հակամարտության մեջ էր այլ ուժային կառույցների հետ եւ ակնհայտորեն պարտվում էր այդ հակամարտություններում:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը, Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անելով, պետք է նրա տեղում նշանակի մեկին, ով կարող է հավաքել ոտիկանության համակարգը, դարձնել իրական հակակշիռ մյուս ուժային կառույցներին, որոնց Սերժ Սարգսյանի ձեռքը առայժմ չի հասնում:

No comments: