Tuesday, November 8, 2011

Իրականություն բեն Լադենի սպանության մասին եւ ԱՄՆ կառավարության հորինվածքը

News.am. 7-11-2011- ԱՄՆ կառավարության` Ուսամա բեն Լադենի չեզոքացման օպերացիայի պաշտոնական վարկածը գունազարդված է, իսկ տեղ-տեղ նույնիսկ հորինված է: Այդ մասին գրում է բրիտանական The Sunday Times-ը` վկայակոչելով օպերացիայի մասնակիցների հաղորդած տեղեկությունները:
Նրանք վկայում են, որ բեն Լադենը սպանվել է կես րոպեում, այլ ոչ թե շարունակական հրաձգության հետեւանքով, իսկ գրոհի ժամանակ արձակվել է ընդամենը 12 գնդակ: Ամբողջ օպերացիան տեւել է 38 րոպե, իսկ 20 րոպե անց դրա հաջող ավարտի մասին տեղեկացվել է Սպիտակ տունը:
NEWSru.com-ը գրում է, որ անկեղծության առիթ է հանդիսացել հատուկ նշանակության ջոկատների դժգոհությունը: «Նրանք ենթադրում են, որ իրենց ներկայացրել են որպես սառնասիրտ մարդասպաններ, որոնք «սպանության առաքելություն» էին իրականացնում»: Նրանց ցնցել է, որ Օբաման նույն օրն իսկ հեռուստատեսությամբ հայտարարել է բեն Լադենի սպանության մասին` անպետք դարձնելով ստացված տեղեկության մեծ մասը»,-գրում է The Sunday Times-ը:
InoPressa-ն մեջբերում է Չակ Պֆեֆերի` «ծովային» հատուկ ջոկատայինների 6-րդ գնդի նախկին հրամանատարի խոսքերը, ով իրականացնում էր օպերացիան, ըստ որի, եթե բեն Լադենը հանձնվի, նրան գերի կվերցնեին, բայց նա չի ցանկացել այդպես վարվել: Պֆեֆերը հայտարարել է, որ 12 հատուկ ջոկատայիններ մտել են տուն հետեւի մուտքից: Սկզբում նրանք բախվել են բեն Լադենի երրորդ կնոջ` Հաիրայի հետ: Նա փախել է միջանցք: Հատուկ ջոկատայիններից մեկը նրան պառկեցրել է հատակի վրա: «Բեն Լադենի ննջասենյակը գտնվել է միջանցքից ավելի հեռու: Դուռը կիսաբաց է եղել, նա նայել է եւ հետո շրխկացրել դուռը: Երկրորդ հարկից եկել է Խալիդը` բեն Լադենի որդին: Նրան տեղում սպանել են: Երկու հատուկ ջոկատայիններ կոտրել են բեն Լադենի ննջարանի դուռը»,-նշում է աղբյուրը:
Հատուկ ջոկատայինների խոսքով, սենյակում գտնվել են «Ալ-Քաիդայի» առաջնորդը եւ նրա ամենաերիտասարդ կինը: Բեն Լադենը հրել է նրան` փորձելով պաշտպանվել, նա բղավել է: Ահաբեկիչը փորձել է վերցնել ԱԿ-47 ավտոմատը: «Հատուկ ջոկատայինները կրակ են բացել: Երբ բեն Լադենը վերցրել է ավտոմատը հատուկ ջոկատայինները կրկին կրակ են բացել. գնդակներից մեկը կրծքավանդակին է կպել, մյուսը` գանգին` սպանելով նրան տեղում»,-հոդվածից մեջբերում է անում NEWSru.com-ը:
Բացի այդ, NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը գրում է, որ Բարաք Օբամայի դերը ուռճեցված էր: Գրոհը սկսվելուց 20 րոպե առաջ նախագահը գոլֆի շարիկ էր գլորում: Միայն դրանից հետո նա վերադարձել է Սպիտակ տուն, որին հաջորդեցին նախագահի եւ վարչակազմի առաջին դեմքերի նկարների հրապարակումը: Օբաման մինչեւ վերջին պահը զգուշանում էր Պակիստանում ընթացող իրադարձություններից, որ եթե ինչ որ բան այնպես չլինի, «կապ չունենա դրա հետ»:

No comments: