Tuesday, November 8, 2011

Կառավարության կարեւոր խնդիրը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ներկայում մշակվել է արդյունաբերական նոր քաղաքականություն, կողմնորոշված դեպի արտահանումը, եւ առաջնահերթություններ են սննդամթերքի արտադրությունը, սարքաշինությունը եւ IT հատվածը: Վատ չէ, թեեւ այս անգամ դուրս է մնացել լեռնահանքային արդյունաբերությունը: Ուզում ենք հավատալ, որ իսկապես կառավարությունն ունի նման ծրագիր, սակայն մի շարք հարցեր են առաջանում:
Նախեւառաջ, եթե տվյալ ոլորտները դիտարկվեն որպես առաջնահերթ եւ կան ներդրումային սպասումներ, ապա տվյալ կլաստերներն ակնհայտորեն բավարար չեն ներկայիս մոտեցումները հաղթահարելու համար՝ «տնտեսության զարգացումն առանց ռազմավարական ներդրումների առկայության»: Այս սկզբունքը, գիտակցաբար թե ոչ, հայկական ղեկավարության կողմից առկա է ավելի քան 15 տարի, սակայն նման մոտեցման հնարավորությունները սահմանափակ են եւ սպառված:
Սննդամթերքի արտադրությունը եւ լեռնահանքային արդյունաբերության ներկայիս ոլորտները չունեն բավարար հումքային բազա, իսկ սարքաշինությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները, այսպես թե այնպես, արտասահմանյան ընկերությունների «դուստր» ճյուղավորումներ են, որոնք դժվար թե շահագրգռված լինեն Հայաստանում ինքնաբավ տնտեսական ու տեխնոլոգիական համալիրների զարգացմամբ: Թերեւս, այս կլաստերների որոշակի զարգացում կլինի, սակայն դրանց շրջանակները սահմանափակ են, դրանք չեն կարող նշանակալի ապահովել զբաղվածության աճը:
Իր նախորդ հայտարարության մեջ վարչապետը նշել էր լեռնահանքային արդյունաբերությունը, որպես առաջնահերթ ուղղություն: Սակայն այն ժամանակ եւ ներկայում նա, թերեւս, խուսափում է մշել այնպիսի համալիրներ, ինչպիսին է ալյումինի արդյունաբերությունը, ինչպես նաեւ մեր երկրի համար ավանդական էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, որ բազավորված է պղնձի, ալյումինի, պլաստմասսայի ռեսուրսների եւ ռետինատեխնիկական արտադրանքի վրա:
Հայաստանն այդպես էլ ձեռնամուխ չի եղել ալյումինի արդյունաբերության հումքային սեփական բազայի ստեղծման հնարավորությունների մշակմանը, նկատի ունենալով ալյումին պարունակող հումքի հսկայական պաշարները, այն դեպքում, երբ կավահողի, որի մեջ պարունակվում է այդ ոլորտի հումքը, հսկայական պահանջարկ կա Եվրասիայի հսկայական տարածաշրջաններում, ներառյալ Իրանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը:
Տպավորություն է ստեղծվում, որ այս ոլորտի զարգացումն ինչ որ մեկն արգելակում է արդեն տեւական ժամանակ: Ընդ որում, կառավարությունը երկաթահանքերը փոխանցել է չինացիներին, իսկ ալյումինն ինչ որ արգելվածների մեջ է:
Մյուս լուրջ հարցը պղնձի տեղական պաշարների օգտագործումն է, որը որոշիչ կարող էր լինել էլեկտրատեխնիկական արդյունաբերության համար (մալուխ եւ էլեկտրական շարժիչներ): Այս դեպքում, նույնպես տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում պղնձի պաշարների օգտագործումը ներքին պահանջմունքների համար ինչ որ մեկն արգելակում է:
Այսպիսով, առայժմ անհասկանալի է, թե ինչ պատահեց քիմիական արդյունաբերության հետ, նախեւառաջ ազոտային պարարտանյութի, քիմիական մանրաթելի, կաուչուկի եւ պլաստմասսայի, ինչպես նաեւ որոշ թթուների արտադրության հետ: Տվյալ դեպքում առաջարկվում է ոչ թե ինչ որ նորարարություն, այլ ընդամենը համալիր զարգացման վաղուց օգտագործվող սխեմաների զարգացումը: Սակայն տվյալ հին, ավանդական սխեման կարող է խթանել նաեւ այլ, հարակից ոլորտների զարգացումը: Եթե վարչապետը խոսում է լեռնահանքային արդյունաբերության մասին, եւ թեեւ դրա հնարավորությունները մեծ չեն, այնուամենայնիվ, կա չօգտագործված ներուժ:
Հանքահումքի համալիր օգտագործմանը զուգահեռ, կարելի էր ուշադրություն դարձնել հեռանկարային ոլորտներին, նոր նյութերի մշակման ու արտադրության զարգացմանը, առավել եւս, որ Հայաստանում կային հետազոտական հաստատություններ: Բոլոր այս հարցերն այդպես էլ չդրվեցին պրոֆեսիոնալ քննարկման, եւ անհասկանալի է, թե ինչ շրջանակներում են ընդունվում համապատասխան որոշումները, կամ թե այդ որոշումներն ընդհանրապես չեն քննարկվում:
Լիովին հասկանալի է, որ կառավարությունը նկատելիորեն մտահոգ է եւ փորձում է տնտեսությունը հանել ներկայիս վիճակից: Սակայն, կրկին, իմաստավորված չեն այլ առաջարկներ եւ հնարավորություններ: Պետք է նշել, որ երկար տարիների ընթացքում Հայաստանում այն աստիճան է խլացվել ստեղծագործական եւ նորարարական նախաձեռնությունը, որ տարբեր ոլորտների մասնագետների հետ զրույցներում չես հայտնաբերի ոչ առաջարկներ, ոչ նախաձեռնություններ, այլ միայն՝ անվերջ գանգատներ եւ անգործության արդարացումներ: Հնարավոր է, կառավարության կարեւոր խնդիրն է հասնել մեր երկրում մտածողության եւ ստեղծագործության:
Իգոր Մուրադյան

No comments: