Wednesday, November 9, 2011

«ԱԼ ՋԱԶԻՐԱՆ»ՙ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

«ԱԶԳ», 09-11-2011- Ըստ թուրքական «Դունիա բուլթենի» կայքէջի, «Ալ Ջազիրան» պատրաստվում է 4-սերիանոց վավերագրական ֆիլմ նկարահանել թուրքական «խորքային պետության» մասին: Նկարահանումները պատվիրված են թուրք ռեժիսոր Քորայ Դեմիրին: Ֆիլմի առաջին մասը կընդգրկի 1875-1909 թթ., երկրորդըՙ 1909-1944 թթ., երրորդըՙ 1944-2002 թթ., իսկ չորրորդըՙ 2002-ից մինչեւ մեր օրերը, բացահայտելով «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության մութ ծալքերը:
Այսինքն թուրքական «խորքային պետության» հիմքերը գցվել են դեռեւս 1875-ին օսմանյան շրջանում, որը շարունակել է գոյատեւել Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ժամանակակից Թուրքիայում: Կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության հարցերին պատասխանելիս ռեժիսոր Դեմիրը հույս է հայտնել, որ «խորքային պետության» մասին վավերագրական այս ֆիլմը «Ալ Ջազիրայի» էկրանին կհայտնվի առաջիկա գարնանը եւ արաբական այս հեռուստատեսության հատուկ ալիքի միջոցով կհեռարձակվի նաեւ Թուրքիայում:
Այնուհետեւ Քորայ Դեմիրն ավելացրել է. «Թուրքական «խորքային պետությունը» նման է մի շղթայի, որի օղակները միշտ եղել են կապակցված: Մենք բոլորս ուզում ենք ապրել ժամանակակից բարգավաճ եւ արդար երկրում: Ուզում ենք առանց վախենալու ե՛ւ ապրել, ե՛ւ արտահայտվել: Թեեւ ներկայումս Թուրքիայում «խորքային պետությունը» հոգեվարքի մեջ է, սակայն դեռեւս շարունակում է գոյատեւել: Այդուհանդերձ հույս ունենք, որ վաղ թե ուշ «խորքային պետությունը» կլքի մեր երկիրը եւ այլեւս երբեք չի վերադառնա»:

No comments: