Wednesday, November 9, 2011

Իրանցի այաթոլաները կոչ են անում Ադրբեջանի ժողովրդին բռնի կերպով իշխանափոխություն իրականացրել

News.am. 9-11-2011- Վերջին ժամանակներս պարսկա-մոլլայական ռեժիմի ներկայացուցիչները հանդես են գալիս ելույթներով` Ադրբեջանի իշխանությունների դեմ` կոչ անելով Ադրբեջանի ժողովրդին բռնի կերպով իշխանափոխություն իրականացնել, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով Ansar-Tebriz.com կայքում տեղադրված հաղորդագրությունները: Աղբյուրը հայտնում է, որ Արեւելյան Ադրբեջանի համալսարանների դասախոսական անձնակազմը Թավրիզում հնչեցրած ելույթներում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը որակել են որպես «հանցագործ եւ հակաիսլամական»:
«Պոլիգոնը» նշում է, որ հիջաբներից հրաժարվելով Ադրբեջանը չի դադարում մուսուլմանական երկիր լինելուց: «Այդ ընտրությունը թողնված է յուրաքանչյուրին: Եթե Իրանում կարծում են, որ կնոջը հիջաբի տակ բռնի ուժով թաքցնելով, պահպանում են իսլամական արժեքները, ապա չարաչար սխալվում են»:
Նշենք, որ Իրանը սկսեց հակաադրբեջանական ելույթներով հանդես գալ այն ժամանակաշրջանից, երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվեց հիջաբ կրելը,իսկ դրան հաջորդեցին նաեւ Իսլամական կուսակցության առաջնորդի եւ մի շարք անդամների ձերբակալությունները:
Իրանն, իր վրա վերցնելով շիա մուսուլմանական աշխարհի առաջնորդի պարտավորությունները, իրավունք է վերապահում իրեն վերահսկել Ադրբեջանում ընթացքող կրոնական բնույթի գործընթացները:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հըզբոլահը» հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին բողոքի ակցիա է կազմակերպելու Թավրիզում գտնվող Բաքվի հյուպատոսության շենքի մոտ, այնուհետեւ գրոհելու են հյուպատոսության շենքը, այդ մասին տեղեկություն էր տարածել «Հըզբոլահի» իրանական թեւի` Թավրիզի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Հոջաթուլիսլամ Ռուհուլա Բեջանին:
«Թավրիզի երիտասարդները բողոքելով սիոնիստական ուղղությամբ առաջնորդվող Ադրբեջանի հանրապետության դեմ, կասեցնելու են այդ պետության` Թավրիզի գլխավոր հյուպատոսության գործունեությունը, հանելու են աշխատողներին այդ շենքից: Իմաստուն եւ մեծ անձինք մինչ օրս կասեցրել են դա` հույս ունենալով, որ Ադրբեջանի հանրապետությունը հետ կկանգնի այդ հակաիսլամիստական գործողություններից, սակայն դա տեղի չի ունեցել»,-ասված էր «Հըզբոլլահ Անսարի» հայտարարության մեջ: Սակայն նոյեմբերի 4-ին «Հըզբոլահը» ժխտել է Ադրբեջանի` Թավրիզի հյուպատոսության շենքի առջեւ ակցիայի անցկացման վերաբերյալ տեղեկությունները:

No comments: