Saturday, November 12, 2011

Նախիջեւանում «հեյդարիզմը» վերածվել է «իլհամիզմի». դա անձի պաշտանմունքի ավելի վտանգավոր տարբերակ է

News.am. 12-11-2011- Նախիջեւանում «հեյդարիզմը» վերածվել է «իլհամիզմի», ասել է «Ազադլըգ» թերթի լրագրող Նաթիգ Գյուլահմեդօղլուն` խոսելով Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքով Թուրքիա կատարած իր այցի մասին, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
«Ի զարմանս մեզ, օդանավակայանից մինչեւ անցակետ ընկած տարածքում Հեյդար Ալիեւի ոչ նկար տեսա, ոչ էլ առաջնորդի կարգախոսներից կարդացի: «Հեյդար Ալիեւի» խորհրդանիշների բացակայությունը ինձ չուրախացրեց, քանի որ ես այնտեղ տեսա անձի պաշտանմունքի ավելի վտանգավոր տարբերակ: Ես ապշեցի, երբ այնտեղ տեսա «Իլհամ Ալիեւի անվան Սպորտի օլիմպիական համալիրը»: Ասում են, որ Նախիջեւանը ավտորիտարիզմի լաբորատորիա է, ժողովրդին տանջելու եւ բթացնելու համար այնտեղ քննություն բռնած փորձերն այնուհետեւ կիրառվելու են ամբողջ երկրում: Կարելի է ասել, որ մենք մոտ ժամանակաշրջանում Բաքվում եւ այլ վայրերում կտեսնենք Իլհամ Ալիեւի անվան կամուրջներ, պողոտաներ, շենքեր: Մի խոսքով, Նախիջեւանում հեյդարիզմը վերածվել է իլհամիզմի»,-պատմել է լրագրողը: Նա նշել է, որ Նախիջեւանում վերահսկում են մարդկանց կյանքը, օրինակ հասարակ տաքսու վարորդին ստիպում են աշխատանքի ժամանակ կոստյում կրել եւ փողկապ կապել, ինչը տարօրինակ է: Ամեն ինչ գտնվում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի վերահսկողության ներքո:
Բացի այդ, լրագրողը հայտնել է իր դժգոհությունը թուրքական անցակետում ստեղծված իրադրության առթիվ: «Կարճ ասած, թուրքական անցակետը գտնվում էր խայտառակ վիճակում: Փնթիություն, հակասանիտարական վիճակ էր, հին շենքերի տեսքը սարսափեցրեց ինձ»,-պատմել է Նաթիգ Գուլեհմեդօղլուն, գրում է «Ազադլըգը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ստեղծված իրադրությունը հետազոտելու եւ խնդիրների լուծման համար ուղիներ գտնելու նպատակով Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության Նախաձեռնողական խումբը սեպտեմբերին դիմել էր ադրբեջանական հասարակությանը եւ հատուկ հավաք կազմակերպել հարցը քննարկելու նպատակով:
Նախաձեռնողական խմբի համակարգող Իբրահիմ Իբրահիմլին իր ելույթում անդրադարձել էր Նախիջեւանի դրությանը եւ արձանագրել. «Հեյդար Ալիեւն իշխանության գալու համար Նախիջեւանն օգտագործեց որպես հարթակ: Այսօր Իլհամ Ալիեւը Նախիջեւանը դարձրել է քաղաքական փորձադաշտ: Փորձարկումներ է անում այնտեղ, որ հետո դրանք կիրառի ամբողջ Ադրբեջանում: Այնտեղ մամուլի ազատություն չկա, իրավապաշտպանները չեն կարող գործունեություն ծավալել, թերթերի հրապարակումները եւս արգելվում են, իսկ ինտերնետի օգտագործումը` սահմանափակվում»:

No comments: