Saturday, November 19, 2011

Գիտաժողով` «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով

Panorama.am. 18-11-2011- ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ՝ 2011թ.-ի դեկտեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով՝ «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով:
Ինչպես տեղեկացնում են նախարարության հեռահաղորդակցության բաժնից, մեծ զորավարի և գաղափարախոսի 125-ամյակի պետական միջոցառումների շարքում այս գիտաժողովը 2011թ-ի ամփոփիչ հոբելյանական միջոցառումներից մեկն է:
Գիտաժողովի ընդհանուր թեմատիկան է՝ Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում 1920-30-ական թվականներին, Գարեգին Նժդեհը և հայապահպանության ու ազգային դաստիարակության հարցերը. ցեղակրոնություն և տարոնականություն, Գարեգին Նժդեհը և ազգային գաղափարախոսությունը:
Գիտաժողովի մասնակցության ընդհանուր պայմաններն են՝ զեկուցման տևողությունը չպետք է գերազանցի 10-15 րոպեն, տպագրության ներկայացվող տեքստը պետք է գրված լինի Sylfaen տառատեսակով,չգերազանցի 10 էջը, զեկուցման հետ պետք է ներկայացվեն հեղինակի մասին տվյալներ` ժողովածուում տպագրելու համար (անուն, ազգանուն, հայրանուն, լուսանկար (ցանկալի է), գիտական կոչում, աշխատավայր, e-mail, հեռախոս):
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը:
Քանի որ գիտաժողովի նյութերը նախատեսվում է տպագրել մինչև 2011թ. դեկտեմբերի 20-ը, մասնակիցները պետք է իրենց զեկուցման տեքստերը ներկայացնեն մինչև դեկտեմբերի 14-ը:

No comments: