Saturday, November 19, 2011

Խաբկանք, թե լայնախոհություն

«Լրագիր» 18-11-2011- Ելույթ ունենալով Երեւանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, Սերժ Սարգսյանը խոսել է միասնության մասին:
«Մեր առջևում կարևոր ժամանակաշրջան է: Շատերը, եթե ոչ բոլորը, խոսելու են միասնության մասին: Դա, իհարկե, շատ ճիշտ և ողջունելի մոտեցում է: Սակայն պարտադիր է հստակեցնել` այդ միասնությունը ինչի շուրջ է պետք կառուցել: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է՝ միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների և օրենքների շուրջ: Այս արժեհամակարգին պատկանող յուրաքանչյուր անհատ մեր համախոհն է, մեր բնական դաշնակիցը», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նրա այդ հայտարարությունը առաջին հերթին թերեւս պետք է ի գիտություն ընդունի վարչապետ Տիգրան Սարգսյանը, առավել եւս, որ վարչապետը կարծես թե չափազանց ուշադիր է Սերժ Սարգսյանի ելույթների, հանձնարարականների հանդեպ եւ անընդհատ ցիտում է դրանք: Ավելին, Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում աչքի է ընկնում նրանով, որ անգամ անձամբ իրեն ուղղված լրագրողական հարցերին պատասխանում է Սերժ Սարգսյանին մեջբերելով: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի համար կարծես թե դարձել է դասական, ում նա անընդհատ ցիտում է:
Տվյալ պարագայում, Տիգրան Սարգսյանի ուշադրությունը թերեւս պետք է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչի շուրջ պետք է լինի միասնությունն ըստ Սերժ Սարգսյանի: Բանն այն է, որ օրինակ ըստ Տիգրան Սարգսյանի, բոլորը պետք է համախմբվեն, այսինքն միասնականանան նախագահի շուրջ: Նա այդ մասին էր հայտարարել հայտնի հարցազրույցում, ուր խոսել էր հակառակ դեպքում «կոտրած տաշտակի առաջ» մնալու վտանգի մասին:
Փաստորեն, Սերժ Սարգսյանն այժմ ինքն է Տիգրան Սարգսյանին թողնում «կոտրած տաշտակի առաջ», հայտարարելով, որ միասնականանալ, այսինքն համախմբվել պետք է արժեքների, արժեհամակարգի եւ օրենքների շուրջ: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը հերքում է Տիգրան Սարգսյանին, ցույց տալով, որ պետք չէ իր շուրջ համախմբվել:
Սերժ Սարգսյանը փաստացի հանդես է բերում ավելի լայնախոհություն, քան ասենք Տիգրան Սարգսյանը, ով երկար ժամանակ փորձում էր ներկայանալ որպես իշխանության մեջ լայնախոհության եւ ինտելեկտի ֆորպոստ: Իսկապես, որեւէ ազգի, ժողովրդի կամ հասարակության համախմբում պետք է իր հենքում ունենա ռացիոնալ գաղափար, արժեք, նպատակ, ոչ թե ունենալ ինչ որ անձի, անկախ, թե ով է այդ անձը:
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն իրեն կարող է լայնախոհ դրսեւորել, թույլ տալ այդ շքեղությունը, չվախենալով, որ այն ասենք կարող է հարկվել: Իսկ ահա իշխանության մյուս դեմքերը թերեւս վախենում են շքեղության «հարկից», որ կարող է կիրառել Սերժ Սարգսյանը, եթե իրենցից որեւէ մեկը որպես ազգային համախմբման առանցք չդիտարկի բացառապես Սերժ Սարգսյանին:
Այդպիսով, լայնախոհությունից եւ արժեքների շուրջ համախմբվելու անհրաժեշտությունից խոսող Սերժ Սարգսյանը, իշխանության համակարգում միգուցե բոլորին պարտադրում է խոսել իր շուրջը համախմբվելու անհրաժեշտության մասին:
Այստեղ կա երկու ասպեկտ: Գուցե Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է ընդհանուր ֆոնին երեւալ առավել առաջադեմ, լայնախոհ եւ քաղաքացի, դրա համար էլ մյուսներից պահանջում է առանցք դիտել միմիայն իր անձը: Հնարավոր է նաեւ, որ Սերժ Սարգսյանը համարում է, թե միայն այդպես է հնարավոր սանձել համակարգը՝ միայն ենթարկեցնելով եւ խոնարհեցնելով իր անձի առաջ, որպեսզի չթուլանան եւ «երես չառնեն», որպեսզի ինքը կարողանա առաջ մղել իր հռչակած փոփոխությունների կուրսը:
Այդ տարբերակին սակայն Հայաստանում քչերը կհավատան: Քչերը կհավատան, թե Սերժ Սարգսյանն ինքն ուզում է բարեփոխում կամ վերափոխում անել, բայց ստիպված է դրա համար զարկ տալ այսպես ասած համակարգային անհատապաշտական ավանդույթներին:
Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը միայն ելույթ է ունենում փոփոխությունների մասին, բայց չի փոխում էական ոչինչ: Թե ինչու չի փոխում, դա արդեն Սարգսյանի խնդիրն է: Թե ինչպես կլուծի նա իր հարցերը համակարգի հետ, կրկին իր խնդիրն է: Իսկ եթե կան խնդիրներ, որոնք նա չի կարող լուծել առանց հասարակության, ապա այդ դեպքում արդեն պետք է հանրությանը դիմել չափազանց կոնկրետ, չափազանց հստակ եւ չափազանց առարկայական բովանդակությամբ՝ թե կա այս խնդիրը, որը լուծելուն ինձ այս է խանգարում, ինչի համար էլ ակնկալում եմ ձեր օգնությունը:
Այլապես, հնչում են միայն ընդհանուր ելույթներ, ընդհանրական ձեւակերպումներ, ինչն ասենք օլիգարխներին հիմք է տալիս շատ հանգիստ հայտարարել, թե «Սերժ Սարգսյանն ինչ որ ասում եւ անում է, ճիշտ է անում»: Որովհետեւ, Սերժ Սարգսյանը հանրության հետ կոնկրետ բացությամբ եւ առարկայությամբ հարաբերվելու փոխարեն, կոնկրետ է թերեւս այդ օլիգարխների հետ, որոնց հստակ ներկայացնում է, թե ինչպես է իր քայլերի առաջին հայացքից վտանգավոր ժողովրդավարականությունը ամրացնելու օլիգարխիկ համակարգի իշխանությունը:
Եվ եթե անգամ Սերժ Սարգսյանն այդ դեպքում է «փափուկ բարձ» դնում օլիգարխիայի տակ, միեւնույն է իրեն շարունակում է խաբված զգալ քաղաքացին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: