Saturday, November 26, 2011

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ «ՍԱՌԸ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ` ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԻԹ

«ԱԶԳ, 26-11-2011- Նախորդ շաբաթավերջին շփման գծում տեղի ունեցած միջադեպն ու երկու ժամկետային հայ զինվորների սպանությունից հետո առաջին անգամ էր, երբ կոշտ արձագանք հնչեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, այլեւ Հայաստանից, ընդ որում, շեշտադրումներով, որ պատժիչ արձագանքը համաչափ չի լինելու:
Այլ կերպ ասած, սա, մի կողմից, ադրբեջանական հոխորտանքին համարժեք չարձագանքելուց հրաժարվելու մոտեցման դրսեւորում է, մյուս կողմից, իրադրություն, երբ մի կողմի ռազմաշունչ հոխորտանքին ու նաեւ արձակվող կրակոցներին հայկական կողմն այլեւս չի պատասխանում խաղաղության հասնելու ցանկության առաջնահերթությամբ, այլ հիշեցմամբ, որ զինադադարի համար հայկական կողմին դիմած Ադրբեջանը չպետք է կարճ հիշողություն ունենա:
Ադրբեջանի նման սադրիչ պահվածքն ունի իր բացատրությունը, բայց հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության շեմին, երբ վերջինները հաստատապես նոր մի փորձ են կատարելու բանակցային սեղանի շուրջը հարց լուծելու ճանապարհին: Ասել է թե ադրբեջանական կողմի բոլոր հավաստիացումները, թե ցանկալին խաղաղ կարգավորումն է, ստացվում է զուտ արեւելյան մենթալիտետի շրջանակներում բանակցություն այն համատեքստով, որ ուզածը չստացող Ադրբեջանին մնացել են սպառնալիքները:
Սպառնալիքների ու հոխորտանքի մի նոր առիթ էլ դարձել է Քարվաճառում ճանապարհային շինարարությունը, որին Ադրբեջանի` ԼՂՀ-ին առնչվող հատկապես տնտեսական հարցերում իրենց դիտորդի կարգավիճակը մոռացած որոշ պաշտոնյաներ հայտարարել են, թե Հայաստանն այդ կերպ «խախտում է միջազգային համաձայնագրերը», ընդ որում, ներմուծելով մի անհեթեթություն, թե «Հայաստանը չի ընդունել «մադրիդյան սկզբունքներ-2» տարբերակը»:
Հունիսի վերջին Կազանում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպման անպտուղ ավարտից հետո Ադրբեջանը ամենայն կերպ փորձում է ներկայացնել մի իրավիճակ, որն, ըստ էության, բնութագրում է հենց իրեն, բայց վերագրվում է Հայաստանին: Մինչդեռ համանախագահների վերջին հատուկենտ հայտարարություններից էլ հստակ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին էլ արդեն հունից հանում է Ադրբեջանի պահվածքը, միայն թե համանախագահները դեռեւս այնքան դուրս չեն եկել հունից, որ իրերն իրենց անուններով կոչեն:
Մյուս կողմից, մոտ ապագան էլ առանձնակի զարգացումներ չի խոստանում` ելնելով ոչ միայն Ադրբեջանի կողմից ներկայացված ու այդպես էլ չընդունված անհիմն փոփոխություններից, այլեւ այն հանգամանքից, որ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվում են ընտրություններ, ավելինՙ ընտրական շրջան է մեկնարկելու նաեւ համանախագահող երկրներում: Մասնավորապես, երեկ արդեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 4-ին:
Այսինքն` մի տեւական ժամանակ բանակցային գործընթացի ակտիվության մասին կարելի է մոռանալ, մինչդեռ կարող է նշանակել, որ Ադրբեջանը կգնա նորանոր սադրանքների, ու շփման գծի միջադեպերի թիվը կավելանա, թեեւ Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը դրական գնահատող որոշ վերլուծաբաններ գտնում էին, թե դա կարող է սանձել հարեւանի ռազմատենչության դրսեւորումները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: