Thursday, November 24, 2011

Մոսկվա, հեռու մնա Ղարաբաղից

Թուրքիայի հետ դաշինքի ու Ադրբեջանի աբսորբցիայի ռուսական ծրագիրը լիովին տապալվել է, եւ թերեւս պետք չէ սպասել այդ ծրագրի վերակենդանացում: Տվյալ ծրագիրը ոչ միայն չափազանց իրավիճակային էր, այլեւ սահմանափակ՝ քաղաքական ռեսուրսների մասով: Ռուսաստանը, երեւում է, այս անգամ ավելի համոզիչ զգաց իր աշխարհքաղաքական մեկուսացումը, եւ նույնիսկ այսպես կոչված Եվրասիական գաղափարին դիմելը «մեկուսացվածության մտածողության» արդյունք էր, որը ձեւավորվել է ամենեւին էլ ոչ թե ներքին քննարկումների արդյունքում, այլ պարտադրվել էր դրսից:
Ռուսաստանը չի կարող հանդես գալ ուժի համաշխարհային լիարժեք կենտրոնի դերում, ինչը պայմանավորեց տարածաշրջաններում պարիտետային քաղաքականություն վարելու սնանկությունը: Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում վերջին փորձերն ամենեւին էլ առաջինը չէին, սակայն այս անգամ ձախողումն այնքան ակնհայտ ու էական էր, որ դա իրենց վրա զգացին ռուսական քաղաքականության առաջին դեմքերը:
ԱՄՆ եւ Թուրքիայի մերձեցումը տեղի է ունենում արագացված ձեւով, ընդ որում՝ ավագ գործընկերոջը Թուրքիայի լիակատար ենթարկվելու պայմաններում, իսկ Ադրբեջանին ներգրավում են տրանզիտային մոդելին: Եւ մեկը, եւ մյուսը տեղի են ունենում ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս, այլեւ Ռուսաստանի հանդեպ թշնամանքի ձեւաչափով: Ավելին, սպասվում են ԱՄՆ եւ Թուրքիայի ավելի ուժեղ քայլերը, կապված Արեւմտյան ճամբար Հայաստանի հավաքագրման հետ:
Ընդ որում, պետք է հասկանալ, որ այս անգամ դա տեղի կունենա ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ առավել վստահելի հարաբերությունների պայմաններում: Այս անգամ Ռուսաստանի ԱԳ նախարարը «ստորագրողների» հետեւում կանգնած է լինելու արդեն այլ կարգավիճակով:
Նեզավիսիմայա գազետան անդրկասպյան գազատարի կառուցման մասնակիցներին հուշագիր է առաջ քաշել, դրանով հռչակելով Ռուսաստանի բավական կոշտ եւ ագրեսիվ դիրքորոշումը: Սեւ ծովի կողմից պատերազմի սպասումները չարդարացան, ռազմական սպառնալիքը թերեւս ավելի իրական է Կասպիցի շրջանում: Հնարավոր է՝ Սեւծովյան-Կովկասյան քաղաքական տեղանունն այնքան էլ տրամաբանական չէ, եւ եկել է աշխարհքաղաքական նոր կառուցվածքի ժամանակը՝ Կովկասյան-կասպիական տարածաշրջան:
Հայաստանի համար ստեղծվում է շատ մեծ սպառնալիք, սակայն միեւնույն ժամանակ բացվում է Ռուսաստանի ու Իրանի կողմից առավել հարգալից ու շահագրգիռ վերաբերմունքի հեռանկար: Այս տերությունների հետ Հայաստանի ներկայիս հարաբերությունները, չնայած բարձր մակարդակին ու բազմազանությանը, բավարար չեն տարածաշրջանային քաղաքականության մեջ առավել կոշտ դիմակայության ռեժիմով մասնակցելու համար:
Ըստ ամենայնի, Չինաստանը այս խաղում կաջակցի Ռուսաստանին, քանի որ շահագրգիռ է խափանել կասպիական ու կենտրոնաասիական էներգակիրների տեղափոխումը արեւմտյան ուղղությամբ:
Ռուսաստանն արագացված ռեժիմով վերադառնում է Իրանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, Իրանը Եվրոպայի հետ բարիդրացիական հարաբերությունների հետ «փոխանակելու» հիմար փորձերից հետո: Այսպիսով, առաջին անգամ իրավիճակ է ստեղծվում, երբ Հայաստանը կարող է օգտվել արտաքին առավել դիվերսիֆիկացված քաղաքականություն վարելու հնարավորությունից: Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ հնարավորությանը:
Իգոր Մուրադյան

No comments: