Thursday, November 10, 2011

Անհնար է պայքարել ժողովրդի դեմ

Հարցազրույց «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանի հետ

- Պետական քարոզչամեքենան կադրային փոփոխությունները փորձում է ներկայացնել, որպես բարեփոխումների սկիզբ: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
- Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008թ. ապրիլից: Կարծում եմ, որ տրամաբանական կլիներ, եթե բարեփոխումները սկսվեին երեք եւ կես տարի առաջ եւ ոչ թե հիմա, այն էլ այս ձեւով: Չմոռանանք, որ այս ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Տիգրան Սարգսյանը: Այնպես որ, տարօրինակ է, որ բարեփոխումները ցանկանում են սկսել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

- Այսուհանդերձ, կադրային փոփոխությունները դրական ազդեցություն չե՞ն ունենա մեր երկրի կյանքում:
- Եթե փորձենք մանրադիտակով ինչ որ դրական ազդեցություն գտնել ոստիկանապետի, Ազգային Ժողովի նախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնանկություններում, ապա նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անհաջողության կմատնվենք: Իսկ բացասական հետեւանքներ կարող ենք գտնել առանց որեւէ ջանք գործադրելու: Երբ ոստիկանապետը պաշտոնանկ է արվում եւ այդ մասին իմանում թերթերից մեկի թղթակցի հետ զրույցում, ապա այստեղ դրական որեւէ բան չի կարող լինել: Ավելին, նման պաշտոնանկությունները կաթվածահար են անում պետական համակարգը, բացի այդ խորանում է անվստահության մթնոլորտը: Այս ամենից հետո ոստիկանապետ է նշանակվում մի մարդ, որը հակասական կերպար է եւ նրա պաշտոնավարության ընթացքում ոստիկանությունում կարող են առաջանալ հակամարտող խմբեր, ինչը մեր երկրի եւ հատկապես իրավապահ համակարգի շահերից չի բխում: Եւ վերջին հաշվով, պաշտոնանկությունների շարքը Սերժ Սարգսյանին էլ որեւէ օգուտ չի կարող տալ, բայց շարունակվում է թմբկահարվել, թե պաշտոնանկությունները շարունակվելու են, որի հետեւանքով ամբողջությամբ կազմալուծվում է պետական համակարգը եւ գործարար ոլորտը` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

- Լրատվամիջոցները պարբերաբար տեղեկացնում են, որ ՀՀԿ-ի շարքերը գնալով համալրվում են: Ձեր կարծիքով այս փաստը չի՞ խոսում ՀՀԿ-ի աճող վարկանիշի մասին:
- Հանրապետականացման գործընթացին մենք ծանոթ ենք դեռ 2000-ականների սկզբից, երբ այս կուսակցությունը գլխավորում էր Անդրանիկ Մարգարյանը: Մենք քաջատեղյակ ենք, թե ինչպես են պետական պաշտոնյաները, ուսուցիչները, դասախոսները, հրշեջները կամ բժիշկները համալրում իշխող կուսակցության շարքերը: Հավատացեք, որ կուսակցության անդամների թիվն արհեստականորեն մեծացնելով որեւէ կուսակցություն չի կարող շահել: Նրանք, ովքեր այսօր տեսախցիկների առջեւ համալրում են ՀՀԿ-ի շարքերը, շարքային քաղաքացիներ են իրենց հոգսերով եւ խնդիրներով: Կուսակցական անդամատոմսը նրանց չի կերակրելու, առկա խնդիրները չի լուծելու, քանի որ կառավարությունը ամեն ինչ անում է, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ ապրի: Այնպես որ, այսօր ՀՀԿ-ին անդամակցող մարդը վաղը այդ տոմսը դեն է նետելու եւ ընտրությունների ժամանակ էլ հաստատ ՀՀԿ-ին ձայն չի տալու:

- Իսկ ՀՀԿ-ականները, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ իրենք անցկացնելու են Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ընտրությունները: Արդյոք սա չի նշանակում, որ ՀՀԿ-ն վստահ է, որ վայելում է ժողովրդի զգալի մասի աջակցությունը:
- Նման հայտարարությունները քարոզչական նպատակ են հետապնդում: Իրականում ՀՀԿ ղեկավարությունը քաջատեղյակ է, թե որքան է իրականում ՀՀԿ-ի եւ ՀՀԿ առաջնորդների վարկանիշը: Դատելով երկրում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես նաեւ վերջին կադրային տեղաշարժերից, վարչախումբը նախապատրաստվում է աննախադեպ ընտրակեղծիքների: Ուշադրություն դարձրեք, որ Սերժ Սարգսյանը սկսում է ձեւավորել նախընտրական շտաբ խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ վարչախումբը ավելի քան լուրջ խնդիրներ ունի, բացի այդ, այս քայլը միայն խորացնում ներպետական ճգնաժամը:

- Մի՞թե այս իրավիճակում իշխանությունները կգնան նոր ընտրակեղծիքների:
- Նախանշանները, որոնք վկայում են, որ իշխանությունները պատրաստվում են հերթական ընտրակեղծիքներն իրականացնել, ցավոք, չափից դուրս շատ են: Այսուհանդերձ, աննախադեպ արտագաղթի, բարոյալքման, չքավորության, կենսամակարդակի շեշտակի անկման պայմաններում որեւէ իշխանության չի հաջողվի վերարտադրվել: Դժվար է ասել, թե ինչի վրա է իր հույսը դրել վարչախումբը, բայց պետք է շեշտել, որ ընտրակեղծիքների ցանկացած փորձ մեր երկրի համար ծանրագույն հետեւանքներ կունենա:

- Կարծիք կա, որ այժմ ժողովուրդն այնքան թույլ է, որ չի կարող ընդդիմանալ եւ պայքարել անարդարության եւ ընտրակեղծիքների դեմ:
- Իրականում նման կարծիք հայտնողները ցանկանում են, որ այդպես լինի, բայց մենք ունենք մի ժողովուրդ, որը գրեթե չորս տարի է անդադար պայքարի մեջ է եւ չի կարող նահանջել: Ավելին, եթե վարչախումբը գնա մինչեւ վերջ եւ հանդգնի տոտալ ընտրակեղծիքներ իրականացնել, ապա ժողովուրդը հաստատ դուրս կգա փողոց եւ ավելի մեծ քանակով, քան 2008թ. փետրվարի վերջին:

- Իսկ ինչ զարգացումներ կարող են լինել այդ դեպքում:
- Հուսանք, որ բանականությունը հաղթանակ կտանի, եւ վարչախումբը կգիտակցի, որ հնարավոր չէ ընդդիմանալ մի ամբողջ ժողովրդի կամքին: Այսուհանդերձ, եթե ընտրակեղծիքներ լինեն եւ ժողովուրդն էլ դուրս գա փողոց, ապա շատ հավանական է, որ գործը նախագահական ընտրություններին չհասնի, ինչպես եղավ հարեւան Վրաստանում ութ տարի առաջ, երբ տարբեր քաղաքական ուժեր ընտրական գործընթացի ժամանակ, մի կողմ դնելով երկրորդական տարաձայնությունները, համատեղ ջանքերով տապալեցին Շեւարդնաձեի խայտառակ վարչախումբը` Վրաստանը փրկելով վերջնական աղետից: Վերջին հաշվով չի կարելի թերագնահատել հայ ժողովրդին, եւ ոչ մի դեպքում չի կարելի իրավիճակը համեմատել 2008թ. հետ: Այժմ վարչախմբից դժգոհների բանակը անհամեմատ ավելի մեծ է եւ բազմաշերտ: Այնպես որ ընտրակեղծիքների պատասխանն անհամեմատ հուժկու կլինի:

- Եթե մի պահ պատկերացնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո գործը, այնուամենայնիվ, հասնի նախագահականին, ապա ինչ իրադարձություններ կարող են լինել:
- Նախ պետք է ընդգծել, որ եթե հանկարծ ընտրակեղծիքներ լինեն եւ ժողովուրդն էլ դուրս գա փողոց եւ վարչախմբին էլ ինչ որ հրաշքով հաջողվի գործը հասցնել նախագահական ընտրություններին, ապա Հայաստանը ծանրագույն կորուստներ կկրի: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա այստեղ վարչախումբն արդեն որեւէ շանս չի կարող ունենալ: Ընդ որում, վարչախումբն այդ շանսը չի ունենա, եթե նույնիսկ փոխի իր թեկնածուին: Կարծում եմ, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ վարչախումբը փորձի ժողովրդի վստահությանն արժանանալ փոխելով նախագահի իր թեկնածուին:

- Խորհրդարանական ընտրություններից դեռ ամիսներ առաջ հանրության ուշադրությունը բեւեռված է նաեւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:
- Այսօր ԲՀԿ-ն, մեղմ ասած, բավական ազդեցիկ կուսակցություն է եւ բնական է, որ պետք է լինի ուշադրության կենտրոնում: Գագիկ Ծառուկյանը, չնայած առկա ճնշումներին, կարողացավ ապացուցել, որ Բարգավաճ Հայաստանն ինքնուրույն կառույց է: Ընդ որում, ԲՀԿ-ն իրեն որոշակի հեռավորության վրա է պահում առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներից եւ դա բավական ճիշտ քայլ է, որը նպաստում է այս կուսակցության վարկանիշի աճին: Այժմ Բարգավաճ Հայաստանը բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվել եւ ճիշտ քայլեր իրականացնելու դեպքում շահած դուրս կգա այս իրավիճակից: Ակնհայտ է, որ ժողովրդի մի զգալի հատված Գագիկ Ծառուկյանից ակնկալում է, որ նրա գլխավորած կուսակցությունը բուֆերային դեր կխաղա վարչախմբի եւ ընդդիմության միջեւ` կանխելով անցանկալի առճակատումը եւ հնարավոր արյունահեղությունը: Կարծում եմ, Բարգավաճ Հայաստանը գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը եւ կարող է իրականացնել այն առաքելությունը, որն այս կուսակցության վրա դրել է ժողովուրդը:

- Իսկ Հայ ազգային կոնգրեսն ինչ դերակատարում կարող է ունենալ ստեղծված իրավիճակում:
- Եթե վարչախումբը որեւէ հետեւություն չանի եւ շարունակի պատրաստվել ընտրակեղծիքներին, ապա Կոնգրեսի շուրջ կրկին մեծ թվով մարդիկ կհավաքվեն: Սա անխուսափելի է: Այս իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջողության հասնելու հնարավորությունները կտրուկ մեծացել են: Սերժ Սարգսյանն իր վերջին քայլերով Կոնգրեսին կրկին հնարավորություն տվեց վերականգնել իր դիրքերը: Ավելին, «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը բավական հաջող է ընտրված: Կրկին համեմատելով հայաստանյան իրականությունը վրաստանյանի հետ, հիշեցնենք, որ 2003թ. վրացական բոլոր ընդդիմադիր ուժերի կարգախոսն էր «Վրաստանն առանց Շեւարդնաձեի»: Եթե մյուս կուսակցությունները` ՀՅԴ-ն, Ժառանգությունը եւ նորաստեղծ Ազատ դեմոկրատները հանդես գան նույն կարգախոսով, այլ կերպ ասած, իրենց հստակ վերաբերմունքն արտահայտեն գործող վարչախմբի նկատմամբ, ապա եւս հաջողության հասնելու հնարավորություններ կունենան:

No comments: