Monday, November 7, 2011

Պարզ է դարձել նոր «Միսս աշխարհի» անունը

News.am. 7-11-2011- Վենեսուելացի 21-ամյա Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսը դարձավ «Միսս աշխարհի» 61-րդ մրցույթի հաղթողը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Լոնդոնում: Երկրորդ տեղը գրավել է Ֆիլիպինների ներկայացուցիչը, երրորդը` Պուերտո-Ռիկոյի:
Ըստ ՌԻԱ Նովոստիի` մրցույթին ռեկորդային թվով աղջիկներ են մասնակցել` 122: Կիրակնօրյա եզրափակչից առաջ նրանք արդեն անցել էին բոլոր հինգ ավանդական մրցությունները, որոնց լավագույն պահերը հեռարձակվել են միջոցառման ժամանակ. լողազգեստներով մրցույթ լողափում, լավագույն մոդել, տաղանդների մրցույթ, մարզական մրցույթ եւ «Գեղեցկությունը հանուն գործի», որի ժամանակ թեկնածուներին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց բարեգործական ծրագրերը:
Նոյեմբերի 6-ին բեմում տեղի ունեցավ եւս մեկ ընտրական փուլ` ազգային պարի մրցույթ, ինչից հետո հայտարարվեց եզրափակիչ դուրս եկածների ցուցակը: Նրանց թվում էին Հարավային Կորեայի, Վենեսուելայի, Անգլիայի եւ Շոտլանդիայի, Պուերտո-Ռիկոյի եւ Ֆիլիպինների, Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչները:
Իվիան Լունասոլ Սարկոս Կոլմենարեսն աշխատում է վենեսուելական հեռուստա-ռադիոընկերություններից մեկում, հայտնում է Lenta.ru-ն: Նա անձնակազմի ղեկավարման մասնագետի վկայական ունի, ապագայում մտադիր է աշխատել երեխաների հետ: Ինչպես նշված է մրցույթի Կայքում ունեցած նրա էջում, գեղեցկուհին զբաղվում է վոլեյբոլով, լեռնագնացությամբ եւ տուրիզմով: Նոր «Միսս աշխարհը» 12 քույր ու եղբայր ունի:
Նշենք, «Միսս աշխարհ» մրցույթն այս տարի 60-ամյա հոբելյանն էր նշում: Այն գեղեցկության ամենահին մրցույթն է, որը 1951թ. հորինել է բրիտանացի Էրիկ Մորլին:

No comments: