Saturday, November 5, 2011

Ադրբեջանցի պաշտոնյաները սարսափած են. Եթե իշխանափոխություն լինի, կկորցնեն իրենց տիրույթները

News.am. 5-11-2011- Ադրբեջանի իշխանական օղակներում խառը եւ անորոշ իրադրություն է ձեւավորվել, իսկ դա հանգեցնում է նախարարների ու պաշտոնյաների միջեւ անձնական խնդիրների առաջացմանը, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:
«Վերջին տարիներին Ադրբեջանից հեռացել են մեծ թվով արտասահմանյան եւ տեղական ներդրողներ, որոնց մեջ մեծամասնություն են կազմել արտասահմանյան ներդրողները, ովքեր լքել են երկիրը իշխանությունների կողմից գործադրվող ճնշումների հետեւանքով: Նրանք մեծամասամբ գործունեություն էին ծավալում նավթային ոլորտում: Պաշտոնական վիճակագրությունն անգամ ցույց է տալիս, որ շրջաններում տնտեսական զարգացման ցուցանիշը շատ ցածր է, սակայն չնայած դրան` շրջաններում ներդրումներ կատարած արտասահմանցիները եւս դադարեցնում են իրենց գործունեությունը: Երկրի քաղաքական հարստությունը գտնվում է մի խումբ անձանց ձեռքում: Այդուհանդերձ, իշխող ընտանիքի անդամ չհանդիսացող ամենահարուստ օլիգարխներն անգամ կարող են կորցնել իրենց տիրույթները հաշված ժամերի ընթացքում: Օրինակ, Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, Տնտեսական զարգացման հարցերով նախկին նախարար Ֆարհադ Ալիեւը, նախկին պատգամավորներ Հուսեյն Աբդուլաեւը ու Ռըզա Իբադովը կորցրեցին իրենց կարողությունները ներկայիս իշխանությունների օրոք»,-գրում է «Պոլիգոնը»:
Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ վախենում են 2013-ի ընտրություններից, քանի որ տեղեկություններ են տարածվել, որ մի քանի հարուստ օլիգարխներ հեռացվելու են ասպարեզին առաջիկա երկու տարիների ընթացքում: Հատկապես վտանգավոր կլինի, եթե իշխանության գա նոր խմբավորում:

«Ներկայումս Իլհամ Ալիեւը կոնկրետ հրահանգներ է տվել գույքի անձեռնամխելիության խնդիրները լուծելու վերաբերյալ: Սպասվում է, որ օրենք կընդունվի «քաղաքացիական գույքի անձեռնամխելիության մասին»,-եզրափակում է «Պոլիգոնը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:

No comments: