News.am. 26-11-2011- Հայ-ադրբեջանական սահմանին միշտ անհանգիստ է լինելու, քանի դեռ խնդիրը չի լուծվել: Գեղարքունիքի մարզում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու հայ երկու զինծառայողների մահը:«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, միշտ սահմանին անհանգիստ է լինելու, բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը պատճառ չդառնա մարդկային զոհերի»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Վերջինիս խոսքով, «մեր զինվորների կորստի մեղքն ամբողջովին ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, եւ նաեւ նրանց բանակի կորուստների պատասխանատվությունն է ընկնում է իրենց վրա: Եթե իրենց համար զինվորի մահը ոչինչ չարժե, ապա մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե»:
Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի: Տրամաբանությունն է դա հուշում, քանի որ մարդկային բանականությունը դա է պահանջում: Գիտե՞ք, որպեսզի որեւէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք եւ նաեւ համոզմունք, եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ոչինչ էլ չենք կարող անել»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանը, իսկ հաջորդ օրը` ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment