Tert.am. 26-11-2011- Վերջին շրջանում Ջավախքի հարցում վիրահայերի ձեռքբերումները Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայասիրական քաղաքականության արդյունքն են։ Ինչպես հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը, այս մասին ադրբեջանական Salamnews.org կայքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն։«Սակայն Սաակաշվիլիի հայասիրական քաղաքականության վերջը եկել է։ Պաշտոնական Թբիլիսին նախկինում որևէ կերպ չէր խոչընդոտում ինչպես տեղի հայերի, այնպես էլ արտասահմանից եկող հայերի գործունեությանը։ Սաակաշվիլին Ջավախքի հարցում հայերին ընդառաջ է գնացել միայն այն պատճառով, որ մեծ հույսեր էր կապում ԱՄՆ–ում հայկական լոբբի հետ, որի օգնությամբ Վրաստանի նախագահը ցանկանում էր ամրապնդել իր դիրքերն այդ երկրում»,–նշել է նա։
Ահմեդօղլուն կարծում է, որ Սաակաշվիլին, տեսնելով, որ իր նպատակներին չի հասնում (ԱՄՆ–ում), այժմ փոխել է իր վերաբերմունքը հայերի հանդեպ, իր հայացքն ուղղել է հրեական լոբբիի կողմը։
Քաղաքագետը հավելել է, որ Սաակաշվիլին նաև փորձում է Թուրքիային իր կողմը քաշել։
«Մինչև այժմ Վրաստանում հայերն ապրել են մշտական էյֆորիայում և իրենց այնպես են պահել, կարծես թե աշխարհի հետ Վրասատանի կապը Հայաստանով է անցնում, և Թբիլիսին կախում ունի Երևանից»–ասել է նա։
Իսկ այն, որ Թբիլիսին ԼՂ հակամարտության հարցում կոնկրետ դիրքորոշում չունի, քաղաքագետը բացատրել է նրանով, թե Սաակաշվիլին մշտապես փորձել է Վրաստանի դիրքերն ամրապնդել Ադրբեջանի ռեսուրսներն օգտագործելու հաշվին և իր երկիրը տարածաշրջանային առաջնորդ դարձնել։ «Այդ իսկ պատճառով Սաակաշվիլին շահագրգռված էր հայ–ադրբեջանական հակամարտության ձգձգմամբ, որպեսզի այդ ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը կախում ունենային Վրաստանից, որպեսզի միջազգային կառույցների բոլոր միջոցառումներն ու ծրագրերն իրականացվեին Վրաստանի միջոցով, որպեսզի Վրասատանը մի քայլ առաջ լինի տարածաշրջանի իր հարևաններից»,–աել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment