Երկրի ղեկավարությունը լրջորեն որոշել է ապագա խորհրդարանի «դռները փակել» օլիգարխների առջև: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այդ արգելքին:
- Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս եք գնահատում երկրի ղեկավարության այս դիրքորոշումը:
- Դա ոչ թե դիրքորոշում է, այլ օրենքով սահմանված պահանջ է:
- Դա պարզ է, բայց մինչ այս Սահմանադրության այդ դրույթը չէր կատարվում: Ի՞նչն էր պատճառը:
- Այնպես չէ, որ մինչև այս չէր կատարվում: Այսօր այս պահանջը մենք ավելի հնչեղ ենք դարձրել, ավելի մեծ նշանակություն ենք տվել և մի քիչ խորացել ենք դրա մեջ: Բայց գործարար ասելով՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք դրա տակ պատկերացնում: Գործարարը դա այն մարդն է, որն ուղղակիորեն իր աշխատաժամանակը նվիրում է տվյալ ձեռնարկատիրության խնդիրներին: Այսօր խորհրդարանում գտնվող մարդիկ կամ գոնե նրանց ճնող մեծամասնությունը ուղղակիորեն իրենց աշխատաժամանակը ձեռնարկատիրությանը չեն նվիրում: Խնդիրմ այն է, թե ուր ես դու գնում աշխատանքի:
- Բայց այսօր շատ օլիգարխ պատգամավորներ չեն էլ մասնակցում ԱԺ նիստերին: Այսինքն՝ իրենց հիմնական աշխատանքը չեն կատարում:
- Համենայնդեպս նիստերին չմասնակցելու խնդիրը դա մեր խորհրդարանի մեկ այլ պրոբլեմն է: Սա վերաբերում է ոչ միայն օլիգարխ պատգամավորներին: Եթե մենք ուզում ենք խնդիրը լուծված տեսնել, պետք է հասկանանք, որ խորհրդարան պետք է գան պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները, որոնք աշխատանքային իրենց պարտականությունները տեսնում են խորհրդարանական աշխատանքի մեջ: Եթե մարդու աշխատանքային պարտականությունները գործարարության մեջ են, ուրեմն այդ մարդը պետք է գնա և գործարարությամբ զբաղվի:
Շատ ժամանակ մեզանում գործարարությունը և սեփականության իրավունքը կամ սեփականություն ունենալը խառնում են իրար և մեծ մասամբ խառնում են մտածված ձևով, գիտակցված: Իսկ դրանք տարբեր բաներ են: Եթե օրենքով սահմանված է, որ գործարարն իրավուքն չունի լինել խորհրդարանում կամ զբաղվել քաղաքականությամբ, ապա սեփականության իրավունքը նույն օրենքներով սահմանված է երկրի բոլոր քաղաքացիների համար, այդ թվում՝ քաղաքական գործիչների: Այսինքն՝ մենք այսօր պետք է խոսենք այն մասին, որ տվյալ քաղաքական գործիչն ուղղակիորեն իր աշխատանքային ժամանակը տրամադրում է տվյալ ձեռնարկատիրությանը, ոչ թե խորհրդարանական աշխատանքին: Այ, այս դեպքում հնարավոր կլինի հարցին ճշգրիտ մոտենալ:
Ռուզան Վարդանյան
«Լրագիր» 19-11-2011.
No comments:
Post a Comment