Wednesday, November 16, 2011

Ու՞մ շահերն է պաշտպանում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը

News.am. 16-11-2011- Ադրբեջանի Միլլի մեջլիսը, նոյեմբերի 15-ին, երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել է «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագիծը, սակայն ի տարբերություն առաջին ընթերցման` այս անգամ լուրջ դիմադրություն չի նկատվել Այազ Մութալիբովին այդ օրինագծում ընդգրկելու հարցում, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
«Մեկ-երկու պատգամավոր հանցագործ անվանեցին նախկին նախագահին` այդուհանդերձ նշելով, որ կողմ են քվեարկելու օրինագծին: Ինչպես երեւում է, անհիմն չէին այն տեղեկությունները, որ օրինագծի թերությունները նշելու համար իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը եւ խորհրդարանի` «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները արժանացել են նախագահ Իլհամ Ալիեւի քննադատությանը: Մինչդեռ նախագահը հրաման էր տվել դեմ չքվեարկել եւ հանդես չգալ օրինագծի դեմ` անմիջապես ընդունելով այն: Այդ պատճառով էլ օրինագծի երկրորդ եւ երրորդ ընթերցումները տեղի ունեցան միեւնույն օրը, եւ այն հանգիստ ձեւով ընդունվեց»,-գրում է «Ազադլըգը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին օրինագծի առաջին ընթերցման ժամանակ սուր քննարկման է դրվել Այազ Մութալիբովին «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագծի մեջ ընդգրկելու հարցը:
Այազ Մութալիբովի` նախկին նախագահի ճակատագրի հետ կապված հարցի քննարկումը կապված է Բաքու-Շիրվանյան եւ Նախիջեւանյան կլանների միջեւ առկա հակասությունների հետ: Որդու մահից հետո Բաքու ժամանեց Մութալիբովը, այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ նրա հարաբերությունները Փաշաեւների հետ բավական ջերմ են: Իսկ դա նպաստում է Փաշաեւների դիրքերի ամրապնդմանը, քանզի գաղտնիք չէ, որ նրանք 2013-ին նախագահական պաշտոնը զբաղեցնելու լուրջ ծրագրեր ունեն:
Այդպիսով ,նրանք ստանում են միակ ողջ մնացած նախկին նախագահի` Այազ Մութալիբովի օժանդակությունը: Իսկ նախիջեւանյան կլանի ներկայացուցիչները ջանքեր էին գործադրում դա բացառելու համար: Այդ իսկ պատճառով էլ Նախիջեւանյան կլանին մոտ կանգնած պատգամավորները հանդես էին գալիս նախագծի դեմ: Սակայն, ի վերջո, հաղթանակ տարան Փաշաեւները:
Նշենք, որ «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագիծը բաղկացած է 12 կետից։ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ «նախկին նախագահ» են համարվում այն անձինք, ովքեր զբաղեցրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնը, նախագահի պաշտոնը զբաղեցրած եւ կյանքից հեռացածները, ինչպես նաեւ այն անձինք, որոնց լիազորությունները չեղյալ են հայտարարվել Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն։
Փաստաթուղթը ենթադրում է պետության նախկին ղեկավարներին ու նրանց ընտանիքների անդամներին բժշկական, նյութական ու սոցիալական ապահովում։ Նախկին նախագահների թոշակը հավասարեցվելու է այդ պաշտոնում նրանց ամսական աշխատավարձի 50 տոկոսին։ Նախկին նախագահի մահվան դեպքում այդ վճարումները ստանալու է նրա կինը, իսկ վերջինիս մահվան դեպքում՝ երեխան (մինչեւ չափահաս դառնալը):

No comments: