Wednesday, November 16, 2011

Բաքուն ողջունում է ԼՂ հայկական և ադրբեջանական համայնքների հնարավոր հանդիպումը

Tert.am. 16-11-2011- Պաշտոնական Բաքվի համար ընդունելի են բոլոր այն ուղիները, որոնք կարող են նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Այս մասին Trend–ին տված հարցազրույցում հասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
«Ցանկացած ուղի, որն ընդունակ է օգնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, այդ թվում ԼՂ հայկական և ադրբեջանական համայնքների միջև կայանալիք հանդիպումը, ընդունելի է և պետք է աջակցություն ստանա։ Պետք է ողջունել ցանկացած գործունեություն, եթե այն նպաստում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը և պայմաններ է ստեղծում դրա խաղաղ կարգավորման համար»,– ասել է Ալի Հասանովը։
Ընդգծելով, որ համայնքների միջև կայանալիք քննարկումը համարվում է ժողովրդական դիվանագիտություն, Հասանովն ասել է. «Երկու համայնքների կամ երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների միջև հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջոցներից է։ Ցանկացած գործողություն, որը կարող է ազդակ հանդիսանալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար, պետք է ողջունել»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռովշան Ռզաևն ասել էր, թե նոյեմբերի 28-ին Բեռլինում պատրաստվում են հանդիպել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։

No comments: