Thursday, November 17, 2011

Կոչ Եվրոպային և Միջազգային հանրային կարծիքին, Արաբական աշխարհին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային հարցերում դատավորի դեր ստանձնելու իր հավակնություններում ամեն օր ավելի է ծավալվում: Էրդողանն իր այդ ընթացքը գագաթնակետին հասցրեց, երբ Սիրիայի վարչակարգին կոչ արեց «ժողովուրդ չկոտորել», հավելելով, որ «այլապես պատմությունը նրան հիշելու է որպես արյունարբու»:
Հայ ազգի դիակի վրա պետություն կառուցողների ժառանգորդներ՝ պարոն Էրդողանն ու թուրք պետական մյուս գործիչները ինչպես են համարձակվում այլոց գլխին բարոյական խրատներ կարդալ, երբ ողջամիտ աշխարհին հակադրվելով և նույնիսկ մերժելով թուրք առաջադեմ մտավորականության առաջարկները, իրենց նախնիների կողմից մարդկության դեմ կատարված հրեշային հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը և հայ ազգին իր բնօրրանից բռնագաղթի ենթարկելու իրողությունը ընդունելու և ներողություն խնդրելու փոխարեն, Հայոց ցեղասպանության եղելությունը հարցականի տակ դնելով, շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը:
Թուրքիան նույնպես ընդիմանում է սրբագրելու երկրի քաղաքացիական խտրական օրենսդրությունը, որ արդեն երեք տասնամյակ է ինչ եվրոպական կառույցները հորդորում են նրանում փոփոխություն մտցնել, և առաջին հերթին Թուրքիայի սահմանադրությունից ջնջել 301-րդ տխրահռչակ միջնադարյան հոդվածը, որի վերջին զոհն է՝ բոլոր ազգային փոքրամասնությունների տառապանքների մասին խոսող հրատարակիչ Զարաքոլուն: Ուստի նախքան եվրոպական երկրների առաջնորդների առողջ հորդորներին անսալու և դեմ հանդիման գալու սեփական պատմության մութ էջերի հետ, որից հետո միայն Թուրքիան կարող է ընդունվել որպես քաղաքակիրթ աշխարհի ընտանիքի անդամ, Պարոն Էրդողանը իրավունք չունի ուրիշներին բարոյական խրատներ տալ:
Թուրքիան «Զերո կոնֆլիկտ հարևանների հետ» երկդիմի իր քաղաքականությունն այսօր փաստորեն վերածել է «Հարևանների հետ Զերո բարեկամության», գրեթե բոլոր հարևանների դեմ ամենօրյա գրգռություններ հրահրելով և հակադրվելով միջազգային հանրության հորդորներին, համառորեն շարունակելով Կիպրոսի հյուսիսային հատվածի 37-ամյա բռնագրավումը:
Ո՞ր միամիտը կարող է հավատալ, որ Թուրքիան Գազայի հարցում մարդասիրական և ոչ շահադիտական նպատակներ է հետապնդում, երբ ինքն արդեն 18 տարի է ինչ դաժանորեն շրջափակման է ենթարկել փոքրիկ Հայաստանին՝ չթաքցնելով իր ցեղապաշտական գաղափարները, որ այդ շրջափակումով զինակցում է իր ենթադրյալ ցեղակից Ադրբեջանին:
Կոչ ենք ուղղում Արաբ և ի մասնավորի Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին՝ չվստահել Թուրքիային և լինել ինքնուրույն: Արաբ ժողովուրդը որ 1915-ի Հայոց Ցեղասպանությունից հետո գրկաբաց ընդունեց հայ որբերին ու փախստականներին, ինքն էլ իր հերթին Թուրքիայի մեծապետական քաղաքականության զոհն էր:
Չպետք է վստահել Թուրքիային մանավանդ այսօր, երբ այլևս նա չի թաքցնում, տարածաշրջանի ժողովրդներին կոտորելու և ստրկացնելու հաշվին գոյատևող, Օսմանյան կայսրության վերականգնման երազանքը:
Կոչ ենք ուղղում նաև Եվրոպական ու Միջազգային կառույցներին, որ տարածաշրջանային մարդասիրական ծրագրերից ոչ մեկում չներառեն Թուրքիային, քանի դեռ նա չի ընդունել հայերի դեմ իրականացրած Ցեղասպանությունը և չի լրացրել եվրոպական կառույցների կողմից իր դեմ դրված նախապայմանները:
Եվրոպայի Հայերի Համագումար

No comments: