Thursday, November 10, 2011

Կանադայում Թուրքիայի դեսպանը, հայ ուսանողների ջանքերով, հայտնվել է անհեթեթ վիճակում

ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում, նոյեմբերի 9-ին, դասախոսությամբ հանդես է եկել Կանադայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆետ Աքգյունայը, ով նախկինում զբաղեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը։
Դեսպան Աքգյունայը, չնայած այն հանգամանքին, որ դասախոսությունը վերնագրված էր «Թուրքիան եւ Մերձավոր Արեւելքը», լայնորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլին։ Մասնավորապես նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն առկախված է այն պատճառով, որ պաշտոնական Երեւանը խնդիրներ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի հետ եւ չի կարողանում քաղաքական կամք դրսեւորել վավերացնելու արձանագրությունները։
Դասախոսությանը ներկա հայ ուսանողները թուրք դեսպանին հիշեցրել են, որ ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաեւ միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ գնդակը թուրքական դաշտում է, եւ կարիք չկա փորձել ապակողմնորոշել լսարանին։ Հայ ուսանողների կողմից նաեւ նշվել է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտմանն ուղղված քայլերի մասին, որին թուրք դեսպանը չի կարողացել պատասխան գտնել։
Ուսանողներն ընդգծել են նաեւ Աքգյունայի կողմից այդքան գովազդված «տարածաշրջանայիան համագործակցության եւ հարեւանների հետ զրո խնդիրների քաղաքականության» սնանկությունը եւ փաստացի վերածումը «շատ շատ խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության, հարցնելով՝ թե ով է պատասխանատու ռազմավարության եւ քաղաքականության միջեւ նման շեղման համար։ Աքգյունայը, ընդունելով, որ դա ճիշտ է, սկսել է շփոթված պատասխանել ու արդարացումներ փնտրել, ինչը կրկին ներկաների աչքում սասանել է նրա դասախոսության առանցքը։
Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցը հիմնադրվել է 1933թ. եւ հանդիսանում է ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի առաջատար դիվանագիտական դպրոցներից մեկը։

No comments: