Thursday, November 10, 2011

Իսրայելն ընդդեմ Հայոց պատրիարքարանի

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Երուսաղեմի հայոց պատրիարքության առաջ ծառացած խնդիրներից

-Իսրայելական Հաարեց պարբերականը օրերս անդրադարձել է Երուսաղեմում քրիստոնյա հոգևորականների նկատմամբ ուլտրա-ուղղափառ երիտասարդների կողմից կիրառվող բռնությանը, մասնավորապես`ինչպես են նրանք հայհոյում և թքում քրիստոնյա հոգևորականների վրա: Անցյալ շաբաթ Երուսաղեմի դատարանը չեղյալ է հայտարարել հայ հոգևորական ուսանողի նկատմամբ կայացրած վճիռը, ով հարվածել էր իր վրա թքողին:
-Այս խնդիրները նոր չեն, շատ վաղուց գոյություն ունեցող խնդիրներ են, և հիմնականում պայմանավորված են ոչ թե հոգևոր դաշտով, այլ իրենց հիմքում ավելի շատ նյութական և քաղաքական ենթատեքստ ունեն, քանի որ Հայ եկեղեցին Երուսաղեմում ունի բավական մեծ ուժ և հեղինակություն: Բացի այդ, հայերը Երուսաղեմում մի ամբողջ թաղ ունեն, որն այդպես էլ կոչվում է`Հայկական թաղ: Սրա նկատմամբ խանդով են լցվում տեղական իշխանությունները, հիմնականում Իսրայելի իշխանությունները և մնացած եկեղեցական համայնքները: Շատ դեպքերում այլ եկեղեցական համայնքները, օրինակ` ուլտրա հույն ուղղափառները օգտագործվում են իշխանությունների կողմից ընդդեմ հայերի: Հիշում եք մի քանի տարի առաջ ինչպես բոլոր լրատվամիջոցները ցուցադրեցին Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարի մատույցներում հայ և հույն հոգեւորականների ձեռնամարտի տեսանյութը: Կարելի է ասել, որ այդ կոնֆլիկները պարտադրված են մեր հոգևորականներին Երուսաղեմում, բայց մենք տեսանք խնդրի միայն մի կողմը, երբ ցույց տվեցին`իբր հայ հոգևորականները կռիվ են սարքում, այնինչ սա հրահրվում էր տեղի իշխանությունների և հույն հոգևորականների կողմից, որոնք շատ հաճախ գործիք են ծառայում նրանց համար:

-Սակայն նշվում է, որ ուլտրա-ուղղափառները այդ կերպ հալածում են նաև հույն հոգևորականներին:
-Այնտեղ հունական եկեղեցու ներկայացուցչության երկու ճյուղ կա: Մի ճյուղը բավականին սերտ համագործակցում է տեղի իշխանությունների հետ և բավականին մեծ հողեր վաճառեց իշխանություններին, ինչը ձեռնտու էր իշխանություններին, որից հետո հույն ուղղափառ եկեղեցին առաջնորդին հեռացրեց և նշանակեց նոր մարդու, սակայն նախորդը, որը մոտ էր իշխանությունների հետ, չհրաժարվեց իր աթոռից, և փաստացի այնտեղ հակաթոռ ձևավորվեց: Եվ հիմա հույն ուղղափառ եկեղեցին ներկայացված է երկու դեմքով`մեկին պաշտպանում է հույն ուղղղափառ եկեղեցին, մյուսին պաշտպանում է իսրայելական իշխանությունը: Եվ շատ հաճախ այս երկվությունը հիմք է տալիս չհասկանալու խնդրի բուն էությունը: Իսրայելական իշխանությունները պաշտպանում են այդ մի թևի ներկայացուցչին, որը հույն ուղղափառ եկեղեցուն պատկանող հողերի մի ստվար զանգված վաճառեց իսրայելական կառավարությանը, իսկ հին քաղաքում մենք գիտենք, որ ամենալուրջ խնդիրը հողային խնդիրն է, և հայ եկեղեցու շուրջ ստեղծված այս թնջուկը հիմնականում վերաբերում է նրան, որ այնտեղ հայերը բավական լուրջ հողային տարածքներ ունեն, ինչը իշխանությունների սրտով չէ: Եվ տարբեր տեսակի միջադեպեր են հրահրում, որպեսզի հեղինակազրկեն հայ եկեղեցուն, որ կարողանան իրենց նպատակին հասնել:

-Նման դեպքերում ինչքանո՞վ պետք է լինի Մայր Աթոռի միջամտությունը, քանի որ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում գողությունը, կողոպուտը, թալանը շարունակվում է, մի քանի տարի առաջ հողեր վաճառեցին իսրայելական իշխանություններին:
-Երուսաղեմի պատրիարքությունը ինքնանկախ է, և ինքնուրույն է որոշում իր հարցերը: Ուղղակի մեր պետությունն էլ իրավասու չէ խառնվելու այս հարցերին: Բայց եթե քննարկվի և որոշվի, որ խնդիրն այնքան է սրացել, և եթե Երուսաղեմի պատիրարքությունն էլ դիմի պետությանը՝ որևէ նամակ կամ նոտա ուղարկել և միջամտել հարցին, անտեղի չի լինի և որևէ արդյունք կտա, քանի որ ըստ էության սա միայն Երուսաղեմի պատրիարքության խնդիրը չէ, այլ ողջ հայության և նաև հայոց պետության խնդիրն է: Բայց, կրկնում եմ, Երուսաղեմի պատրիարքարանը պետք է որոշի, թե խնդրին ինչպիսի լուծում պետք է տալ:

-Արդյոք պատճառը Թորգոմ պատրիարքի ծեր լինելու և իրավիճակին չտիրապետելու մեջ է, իսկ մյուս կողմից էլ տեղապահի ընտրությունները շարունակ հետաձգվում են:
-Ես սա միանշանակ պատրիարքի ծերության հետ չէի կապի, որովհետև Երուսաղեմի պատրիարքությունը շատ ավելի բարդ իրավիճակներ է ունեցել պատմականորեն և այդ վիճակներից դուրս է եկել: Ուղղակի, քանի որ խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի, այդ պատճառով էլ հարցին անհրաժեշտ է համակողմանի մոտեցում ցուցաբերել ու չդիտարկել միայն մեկ տեսանկյունից: Եթե նախկինում շատ պայմաններ չեն եղել, այսօր դրանք առկա են, և այսօր իսրայելական իշխանություններն են սրում իրավիճակը, սակայն գործում են թաքնված ու այլոց ձեռքերով: Եվ ես սա որևէ կերպ չեմ ուզում կապել պատրիարքի ծերության կամ անձի հետ:

Սիրանույշ Պապյան

No comments: