Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 30-ական թվականներին Դերսիմում թուրքերի կողմից իրականացված զանգվածային ջարդերի համար քրդերից ներողություն խնդրելն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներքաղաքական դիրքերի կայունացման մի փորձ էր: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:Նա նկատեց, որ թուրքական պետականամետ մամուլն օրեր շարունակ անդրադառնում է Էրդողանի ներողության ակցիային, բայց համատեքստում այն նշանավորվում է ոչ միայն որպես ընդդիմադիր` Հանրապետական-Ժողովրդական կուսակցության հանդեպ դիրքերն ամրապնդելու, այլ դեռ 2005-2006 թվականներից հենց կուսակցության ներսում ընդդիմադիր հոսանքին ետ մղելու համար:
«Ակցիային չափից ավելի մեծ դեր ու նշանակություն է տրվում։ Իրադրությունը քննարկվեց կուսակցական ժողովում, ինչը նշանակում է, որ խնդիրը պետք է դիտարկվի որպես ներքին խմորումների, այսինքն՝ կուսակցական բանավեճերի համատեքստում»,- ասաց բանախոսը: Նրա խոսքով` եթե հայտարարությունն ավելի մեծ նշանակություն ունենար, դրա համար ավելի կարևոր ամբիոն կընտրվեր։ «Սա կուսակցությունների ու անձերի վեճ է»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը։
Ըստ բանախոսի` Էրդողանը փորձում է նաև յուրովի սրբագրել ժամանակակից Թուրքիայի պատմությունը և ցույց տալ, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի իրավահաջորդը, այլ ոչ թե Հանրապետական-Ժողովրդական կուսակցությունը:
«Էրդողանի նման պահվածքում նկատելի է նաև նրա այն ցանկությունը, որ ինքն ուզում է նոր Աթաթուրք դառնալ Թուրքիայի համար», - ասաց բանախոսը:
Թուրքագետի խոսքով` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ի տարբերություն Թուրքիայի իշխանական ղեկի մոտ եղած այլ իսլամիստական ուժերի, որդեգրել և իրականացնում է չափավոր իսլամիզմի քաղաքականությունը, որը, հակառակ հաճախակի հնչող հավաստիացումների, ունիվերսալ չէ:
«Թուրքիայում իսլամականությունը միշտ ունի շեղում, որը բխում է թուրքիստական ազգայնական շերտից: Միաժամանակ Էրդողանի կուսակցությունը ցուցադրում է, որ իսլամը չի հակասում մոդեռնիզացիային և չի հակադրվում վեստեռնացմանը: Լինելով իսլամիստական` այն հետևողական է իսլամական բարքերի համար, բայց քարոզելով իսլամը` երկխոսության մեջ է Արևմուտքի հետ: Թուրքիան միշտ պրոգմատիկ է եղել այդ հարցերում», - նշեց Ա. Հովհաննիսյանը` նշելով, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Թուրքիային իսլամականացում չի սպառնում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment