Tuesday, November 22, 2011

Թուրքահայերը բողոքում են իրենց հիմնադրամի ղեկավարության դեմ

News.am. 22-11-2011- Մի խումբ թուրքահայեր նոյեմբերի 19 -ին հոգեւոր արարողությունից հետո դուրս են եկել ցույցի` բողոքելով հիմնադրամի խորհրդի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մեքենայությունների դեմ, տեղեկացնում է Hürriyet Daily News and Economic Review-ն:
Մոտ 100 մարդ պահանջել է հայկական Ուչ Խորան եկեղեցու հիմնադրամի խորհրդի անդամների հրաժարականը, ովքեր, ըստ նրանց, ապօրինի են զբաղեցրել իրենց պաշտոնները:
Ցուցարարների ակտիվիստներից Կարո Պալյանը Hürriyet Daily News-ին ասել է, որ «ներկայիս վարչակազմն արեւելյան Թուրքիայի հայերին «քրդեր» է համարում եւ չի ցանկանում, որ նրանք լինեն խորհրդում»:
Հաղորդվում է, որ թուրքահայ համայնքն ունի 42 հիմնադրամ, որոնք բոլորը գտնվում են Ստամբուլում: Ամենամեծ եկամուտ ունեցող հիմնադրամներից մեկն էլ Ուչ Խորանն է:
2009 թ. հիմնադրամը դիմել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությանը` ղեկավարող խորհուրդ ընդունելու համար: Տեղի ունեցած ընտրությունները, սակայն, չեղյալ են համարվել, եւ գործը հասել էր դատարան:
Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը նոր ընտրություններ էր պահանջել, որոնք պետք է անցկացվեին անցած տարի նոյեմբերի 21-ին, սակայն ընտրությունները դարձյալ հետաձգվել էին:
Պալյանն ասել է, թե հիմնադրամի խորհուրդը դիմում-բողոք է ներկայացրել հայ համայնքի 603 ներկայացուցչի դեմ: «Նրանք դիմադրում են փոփոխություններին արդեն 35 տարի, նման պրակտիկան չի կարող պահպանվել առանց պետության պաշտպանության»,- ավելացրել է նա:

No comments: