Saturday, November 26, 2011

Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, Գյուլին մի հրավիրեք Հոլանդիա. պատգամավոր

Tert.am. 25-11-2011- Նիդեռլանդների խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ «Ազատություն» կուսակցության պատգմավոր Ուիմ Քորթենյովենը երկրի արտգործնախարարին հարց է ուղղել Իրաքում և Թուրքիայում ասորիների վիճակի վերաբերյալ, ինչպես նաև երկրի կառավարությանը կոչ է արել հրաժարվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Նիդեռլանդներ հրավիրելու գաղափարից։
Ինչպես տեղականում ենք անգլալեզու Aina.org կայքից, Նիդեռլանդների իշխանությունները պատրաստվում են Գյուլին իրենց երկիր հրավիրել՝ Թուրքիայի և Հոլանդիայի միջև հարաբերությունների 400–ամյա տարեդարձի առթիվ։
Նիդեռլանդների «Ազատություն» կուսակցությունն այդ հրավերին դեմ է արտահայտվել հետևյալ պատճառաբանությամբ՝
1. Թուրքիան հրաժարվում է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ասորիների, հայերի և հույների ցեղասպանությունը,
2. Թուրքիայի պատմության գրքերում ասորիները ներկայացվում են որպես «դավաճաններ»,
3. Թուրքիայում շարունակվում է խտրականությունը քրիստոնյաների նկատմամբ,
4. 60 լրագրող այս պահին Թուրքիայի բանտերում է։
«Տոնելու առիթ չկա»,– ասել է Քորթենյովենը և հավելել, որ Նիդեռլանդներում ապրող ասորիներն այդ կապակցությամբ շատ տխուր կլինեն։
Անդրադառնալով Իրաքում ասորիների խնդրին՝ պատգամավորն արտգործնախարարին հարցրել է, թե վերջինս ինչ քայլեր է ձեռնարկել Ջոել Վուրդևինդի բանաձևի ուղղությամբ, որը (բանաձևը) պահանջում է ասորական ոստիկանական ուժեր տեղակայել մեծամասամբ ասորիներով բնակեցված Նինվեի հարթավայրում (գտնվում է Իրաքում)։ Նա նաև Նիդեռլանդների կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Իրաքի վրա՝ այդ բանաձևի կատարմանը հասնելու համար։

No comments: