Saturday, November 26, 2011

«Էլիտան» այլեւս ստիմուլ չունի զարգանալու

Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

-Անուշ, Հայաստանում ներքաղաքական տրամաբանությունն ինչպե՞ս է զարգանում, արդյոք նախընտրական պրոցեսնե՞ր են ընթանում, թե համակարգը գնում է փոփոխությունների և բացահայտումների ճանապարհով:
-Սրանք նախընտրական պրոցեսներ լինելուց առաջ բավականաչափ գլոբալ պրոցեսներ են: Չենք կարող ասել, որ ամբողջ շարժումը պայմանավորված է միայն նախընտրական տեխնոլոգիաներով, քանի որ այս բոլոր քայլերն իրենց մեջ պարունակում են ռիսկային գործոն, իսկ այդ ռիսկային գործոնի համար չարժեր անցնել նախընտրական ճանապարհը: Խնդիրն այն է, որ քաղաքական տրամաբանությունը շատ պարզ է: Մենք գործ ունենք քաղաքական մշակույթի բացարձակ փոփոխության հետ: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում քաղաքական մշակույթի իսպառ վերացման միտում է նկատվում: Ամեն ինչ արվել է, որ քաղաքականությունն իբրև գործընթաց վերածվի առևտրի, բիզնեսի, ջնջվի քաղաքական էթիկան և ստեղծվի քաղաքականության փողային էկվիվալենտը: Մենք տեսնում ենք, որ վերին էշելոնները կարող են շրջանառել այն գաղափարները, որ մի գործիչ վաճառվեց 150 հազար դոլարով, մյուսը`300 հազար դոլարով. նշանակում է ամեն ինչ արվում է` ցույց տալու քաղաքականության դրամական դեմքը, որը ամենասահմանափակ ռեսուրսն է և ի վերջո հանգեցնում է երեք հետևանքների. առաջին` քաղաքական «էլիտան» այլևս որևէ ստիմուլ չունի զարգանալու, քանի որ բոլոր կարգավիճակներում ընդունելի է դրամական էկվիվալենտը պահելը, երկրորդ` քաղաքական էլիտան այլևս չի համալրվում նոր կադրերով, քանի որ դրամական ցուցակ նոր կադրերը մեծ դժվարություններով կմտնեն, և երրորդ` քաղաքական գործընթացը վերածվում է բարեկեցության հասնելու գործընթացի:

-Սակայն բարեկեցություն մի քանի ընտանիքների և ոչ թե ամբողջ հասարակության համար:
-Վերջին դարերի պոստվերածննդյան մշակույթը, քաղաքակիրթ եվրոպական աշխարհը իրար հետ փորձում են հաշտեցնել բարեկեցությունն ու բարոյականությունը: Քաղաքականության մեջ այդ հարցը հնչում է որքան հնարավոր է սուտ` ինչպես հաշտեցնել բարեկեցության անարդար ռեսուրսների բաշխումը և բարոյական գործընթացը: Քաղաքականությունը և պետությունը հենց այն գործիքներն են, որոնցով պետք է բալանսավորվեն այդ ռեսուրսները: Այժմ փորձ է արվում վերադարձնել քաղաքական մշակույթը իր նախնական գործառույթին, այսինքն` քաղաքական մշակույթը պետք է դառնա որոշակի բալանսավորող գործիք բարոյագիտության և բարոյականության միջև:

-Մանվել Սարգսյանը բարձրացնում է կուսակցությունների հարցը, որ նրանք վերջին հաշվով շեղվել են սահմանադրության մեջ ամրագրված իրենց գործառույթներից: Այսօր դաշտում չկա որևէ կուսակցություն, որի հիմքում դրված լինի հասարակական շահը: Համամի՞տ եք:
-Քաղաքական մշակույթն այլասերվել է շատ դավադրաբար և չարանենգորեն: Իհարկե, եթե դու խոսում ես սեփական մի քանի մարդկանց շահերի մասին, այս դեպքում քաղաքական մշակույթը անտեսում է հանրային շահը, իսկ հանրային շահի հետ մեկտեղ անտեսվում են բոլոր այն մեխանիզմները, որոնք կոչված են հանրային շահը կյանքի կոչելու:

-Որևէ կուսակցության մեջ արդյոք նման հանրային շահի գերակայություն տեսնո՞ւմ եք:
-Մեր կուսակցությունը ձևավորվել է հանրային շահի գերակայության օրակարգով, որովհետև լիբերալիզմը որպես քաղաքական ուղղություն (Հայաստանում ոչ պոպուլյար ուղղություն), այնուամենայնիվ, ագրեսիվ չի հետապնդում հանրության շահը, բայց այն շատերի գաղափարախոսությունն է: Այն նշանակում է տարածել քո շահերը` օգուտները, պրագմատիկ և սոցիալական շահույթները մարդկանց վրա: Շատ կուսակցական խմբեր, օրինակ` Ժառանգությունը, ինչ-որ տեղ` Դաշնակցությունը, (Դաշնակցությունը դիտում է հանրային շահի ազգային կոմպոնենտը իբրև գերակայություն) փորձում են վերջապես ձևակերպել հանրային շահի գերակայությունը Հայաստանի քաղաքական դաշտում:

-Իսկ եթե այդպես է, ապա հասարակությունն ինչո՞ւ չի տեսնում, չի զգում, որ այդտեղ հասարակական շահն է առաջնային:
-Դա նորից պայմանավորված է անկախության պատմության ավանդական գործառույթով: Հայաստանի քաղաքական վերին էշելոնները երկարատև և հետևողականորեն այնպես են արել, որ հասարակությունը դադարի ինքն իրեն պատկերացնել իբրև քաղաքականության գործոն:
Տարիների ընթացքում երեք տիպի հասարակություն է ձևավորվել` այսպես կոչված միտինգային հասարակություն (մարգինալ հասարակությունն է), որին կանչում էին միտինգի անհրաժեշտ պահի, իսկ ոչ անհրաժեշտ պահի ուղարկում էին տուն, երկրորդ տիպը խոհանոցային հասարակությունն է, որը նստում էր խոհանոցներում և ասում էր, որ ոչ մեկին չի հավատում և ոչ մեկին չի ընդունում և ամեն ինչ պետք է անել, որ խոհանոցը կայուն և կարգին պահպանվի, երրորդ տիպը քաղաքացիական հասարակության սաղմերն են, որոնք, ի պատիվ մեզ, ոչ մի րոպե չդադարեց գոյություն ունենալ, մենք չկորցրինք այդ քաղաքացիական հասարակության ռեսուրսը, ուղղակի այն մարեց: Երբ նայում ենք այս երեք հասարակություններին, տեսնում ենք, որ ի վերջո այդ բոլոր հասարակական խմբերը կարելի է միավորել հասարակական գործոնի մեջ:

-Դուք նշեցիք ձեր կուսակցության, Ժառանգության, Դաշնակցության մասին, բայց չնշեցիք Հայ ազգային կոնգրեսի մասին, որը խոսում է քաղաքացիական հասարակությունից, սահմանադրական կարգի վերականգնումից, հասարակական շահերից: Ինչո՞ւ:
-ՀԱԿ-ի մասին առանձին էի ուզում խոսել: ՀԱԿ-ը իբրև թիրախ դիտարկեց հասարակության երեք խմբերն էլ` թե խոհանոցայինը, թե միտինգայինը, թե քաղաքացիականը, փորձեց ամեն մեկի համար պոպուլյարիզացման և գաղափարայնացման շրջանակներում ընտրել համապատասխան դիմելաոճ և դիմելաձև: Խոհանոցային հասարակության համար մշակվեցին ժողովրդական լեզվով կազմավորված լոզունգներ, քաղաքացիական հասարակության համար մշակվեց ինտելեկտուալ կոմպոնենտ, միտինգային հասարականության համար մշակվեցին ռադիկալ կոչեր:Այդ բոլորը իրար հետ մեկտեղ տվեցին շոշափելի տակտիկա, բայց սա միշտ ունի վտանգ. երբ դու փորձում ես ներկայանալ իբրև դոմինանտ ընդդիմադիր ուժ և դոմինանտ հասարակական առաջնորդ, այդ դեպքում հանրությունը սկսում է իր շահի իրագործումը տեսնել ուրիշի մեջ: Երբ դու հասարակական գործոնը կյանքի ես կոչում, հասարակությանը ոտքի կանգնեցնում (ինչպես ՀՀ անկախության առաջին տարիներին), դու պարտավոր ես նաև թողնել, որ նա ինքնուրույն ձևավորվի, կայանա և գործի ինքնուրույն: Հասարակության ինքնուրույնության ռեսուրսը սահմանափակեցին և դրա հետ իհարկե բերեցին բավականաչափ հիասթափության ալիք, որովհետև սպառվեց միտինգային հասարակության ռեսուրսը, քանի որ մարդկանց քանակը քչացավ, խոհանոցային հասարակությունը վերադարձավ խոհանոց, քաղաքացիական հասարակությունը սկսեց իր ինքնուրույն, անկախ, ապաքաղաքական շարժումը, որովհետև քաղաքացիական հասարակությունն այլևս քաղաքական ուժի հետ թերահավատությամբ է գնում ալյանսի, ինչը շատ վատ միտում է:

-Անուշ, ընդհանարապես մեզ պե՞տք են կուսակցություններ, առանց կուսակցությունների ժամանա՞կ է գալիս:
-Երկար մտածել եմ` պետք են, թե ոչ: Մենք դեռ չենք սպառել կուսակցական գործունեության ռեսուրսը: Ավելին, մենք դեռ չունենք կտրուկ սահմանազատված կուսակցական համակարգի ընկալում, քանի որ մեզ մոտ գաղափարական և հանրային շահի վերբալիզացիա չի կատարվել, դեռևս չի խոսվել դրա մասին: Դրա համար կուսակցական գործիքը դեռևս Հայաստանում չի աշխատել, այսինքն` դեռ պետք է աշխատի, իրեն սպառի և գուցե այդ ժամանակ պետք չլինի:

-Հնարավո՞ր է քաղաքացիական հասարակակությունն ակտիվանա և իր գործողությունների վեկտորն ուղղի դեպի քաղաքականություն:
-Քաղաքացիական հասարակությունը մաքսիմալ պետք է ակտիվանա և ուղղվի դեպի քաղաքականություն, բայց այստեղ ուրիշ խնդիր կա: Քաղաքական գործիքները աշխարհի ամենակոնսերվատիվ գործիքներն են և ինչքան էլ քաղաքացիական վեկտորն ուղղվի (անպաման ուղղվելու է) դեպի քաղաքականություն, երբ հասնեն քաղաքական գործիքի իրացմանը, նրանք խիստ պրոբլեմի առաջ են կանգնելու, որովհետև քաղաքացիական հասարակությունը որպես կանոն բախվում է Հայաստանի թիվ մեկ խնդրին, այն է` Հայաստանի պետական մեքենան և Հայաստանի հասարակությունը երկու անջատ միավորներ են և իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Ընդհանրապես, ցանկացած քաղաքացիական հասարակություն, որը փորձում է ակտիվանալ Հայաստանում, նախաձեռնող լինել, վաղ թե ուշ բախվում է այն պատնեշին, որը գտնվում է իր և պետության միջև: Քաղաքական ուժի խնդիրն է այդ պատնեշը կործանել, որովհետև պետական մեքենայի և մարդու միջև պատնեշը պետք է վերանա: Պետությունը պետք է լինի ոչ թե մարդու համար (սա հիմար ձևակերպում է), այլ պետությունը մարդն է, այսինքն` յուրանքաչյուր մարդ ինքն է որոշում պետության դեմքը, ղեկավարման համակարգը:
Հայաստանի թիվ մեկ խնդիրը բարեկեցության և բարոյականության միջև գոյացած անդունդն է, որովհետև մեզ մոտ մի քանի ընտանիքների բարեկեցության գործոնն ամուր ձևով շաղկապվել է անբարոյականության հետ: Դրամական ռեսուրսը, բարեկեցության ռեսուրսը, պետական ռեսուրսը չի կապվում պրոֆեսիոնալիզի, աշխատանքի, արիստոկրատական ժառանգության հետ, մենք այդ ռեսուրսը կապում ենք միայն կողոպուտի, թալանի, կոռուպցիայի, պաշտոնական դիրքերի չարաշահումների, թրաֆիքինգի և այդ տիպի գործոնների հետ: Քաղաքական ուժը նախևառաջ պետք է դնի քաղաքացիների բաժին ընկնող ռեսուրսի մասնաբաժինը, այսինքն` դա պետք է դառնա թափանցիկ:

-Հաջորդ ԱԺ-ն առանց օլիգարխների, բիզնեսմենների. հնարավո՞ր է սա այլ որակի խորհրդարանի ձևավորման նախապայման հանդիսանալ:
-Նախևառաջ մենք պետք է ունենանք այնպիսի Ազգային ժողով, որի խոսնակին երկու րոպեում հնարավոր չլինի հանել գործից: Երբ նրան երկու վայրկյանում պաշտոնանկ են անում, սա նշանակում է` Հայաստանում օրենսդիր ուժն ընդհանրապես որևէ ազդեցություն և որևէ կշիռ չունի, հետևաբար եթե օրենսդիր ուժը չունի կշիռ, կշիռ չունի նաև այն, ինչ ինքը ներկայացնում է: Այսինքն` մենք արհամարհում ենք թե օրենսդիր ուժը և թե օրենքը, և այս համատեքստում հարց է առաջանում` եթե խորհրդարանում կատարվեն համակարգային փոփոխություններ, ինչ է փոխվելու, եթե օրեսդիր ուժը որևէ նշանակություն չունի: Յուրաքանչյուր բարեփոխում պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև կիրառական: Այս համատեքստում ես կիրառականություն չեմ տեսնում:

Սիրանույշ Պապյան

«Լրագիր» 25-11-2011.

No comments: