Saturday, November 26, 2011

Քեֆադրոմ, կամ համազգային “շաբաշ”

«Լրագիր» 25-11-2011- Ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա եւս մի հեռուստամարաթոն, որը փորձում է հանգանակություն կատարել Արցախի համար կենսական կարեւորության ռազմավարական հարցերը լուծելու համար:
Հանգանակության 2011 թվականի ցուցանիշը փոքր է նախորդ տարվա ցուցանիշից, բայց այն ամենայն հավանականությամբ կլրացվի դեկտեմբերին կայանալիք բարեգործական ճաշկերույթով, որը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ձեւավորվեց եւ դարձավ ավանդական, ու ամեն տարի մարաթոնին զուգահեռ կազմակերպվում է Մոսկվայում:
Իհարկե, կլինի ճաշկերույթ եւ իհարկե կհանգանակվի այնքան փող, որ ընդհանուր առմամբ Հայաստան հիմնադրամի 2011 թվականի ավելի քան 12 միլիոն 288 հազար դոլարի հանգանակությունը կաճի եւ կգերազանցի նախորդ տարվա 20,8 միլիոն ցուցանիշը:
Բոլորն ուրախությամբ կնշեն այդ աճի մասին, թեեւ շատերը երեւի թե այդպես էլ չեն իմանա, թե ի վերջո այդ հանգանակված փողի որ մասն է տարվա ընթացքում դառնում իրականություն, իսկ որ մասն է մնում որպես խոստում:
Խնդիրն իհարկե միայն այն չէ, որ Հայաստան հիմնադրամի տարեկան աշխատանքը մեծ հաշվով դուրս է մնում մամուլի ուշադրությունից եւ տարեկան կտրվածքով քիչ է լինում մեդիաուշադրություն հիմնադրամի, դրա իրականացրած նախագծի, դրանց թափանցիկության եւ հաշվետվողականության, հանգանակված փողերի “առարկայացման” հարցերին:
Խնդիր է նաեւ այն, որ թերեւս պետք է տարանջատել հեռուստամարաթոնը բարեգործական-ճաշկերույթներից եւ այլ միջոցառումներից, չփորձել ամեն ինչ իրար խառնելով ցուցանիշ ստանալ:
Պետք է թերեւս տարբերակել մեծահարուստների նվիրատվությունների մեխանիզմը, համազգային հանգանակության մեխանիզմից: Անհրաժեշտ է մտածել համազգային հանգանակության մեխանիզմն ավելի արդյունավետ դարձնելու մասին, որովհետեւ տասը միլիոն հայության պարագայում 12 միլիոնից մի փոքր ավելի փողը, այն էլ երբ կատարվում են մեծահարուստների խոշոր նվիրատվություններ, թերեւս չափազանց քիչ է հայության հնարավորության օպտիմալ արդյունք համարվելու համար:
Պետք է թերեւս վերլուծել, թե ինչու են այդ արդյունքը եւ հայության պոտենցիալն անհամարժեք: Եթե որեւէ մեկը կասի, որ դա համարժեք արդյունք է, ապա թերեւս պետք է վերլուծել, թե ով է այդ մեկը:
Բանն այն է, որ հեռուստամարաթոնները տարիներ շարունակ կազմակերպվում են գրեթե նույն ոճով, ձեւով, բովանդակությամբ, նույն դեմքերով, որոնք մեծ հաշվով որեւէ լուրջ ասելիք այլեւս չունեն, եթե իհարկե երբեւէ ունեցել են:
Հաղորդավար Հրանտ Թոխատյանը հեռուստամարաթոնի ընթացքում պարբերաբար ինչ որ քեֆ-ուրախության մասին էր խոսում:
Այնպիսի տպավորություն է, որ հայերին, հայությանը, քեֆից բացի որեւէ այլ երեւույթ չի կարող շահագրգռել, ոգեւորել կամ միավորել:
Ով է մտածել, որ համազգային հանգանակությունը պետք է քեֆի վերածել, որ պետք է հայությանը քեֆի զգացում ներշնչել, նրան ամեն տարի “քեֆչի հասանների” կամ արտահաստիքային “թամադաների” մի բազմություն մատուցել, որպեսզի կայանա համազգային հանգանակությունը:
Հասկանալի է, որ իրադարձությունը պետք է անցնի բարձր տրամադրությամբ, որ անհնար է 12 ժամ շարունակ լուրջ դեմքով փող հավաքել: Ու խոսքն ամենեւին էլ դրա մասին չէ: 12 ժամ շարունակ քեֆադրոմ կազմակերպելու այլընտրանքը ծայրահեղ լրջությունը չէ, պարզապես թերեւս ժամանակն է մտածել հայությանը համազգային հանգանակության տրամադրելու նոր ձեւերի, նոր բովանդակության մասին, ժամանակն է մտածել նոր դեմքերի մասին:
Թերեւս ժամանակն է, որ համազգային հանգանակությունը դուրս բերվի այդ քեֆի տրամաբանությունից: Մարաթոնը պետք է վերածել Հայաստանի, Ղարաբաղի եվ Սփյուռքի համար կարեւոր, ռազմավարական նշանակության խնդիրների շուրջ համազգային զրույցի հարթակի, որը հնարավորություն կտա խնդիրներն ավելի հստակ պատկերացնել: Ընդ որում, խոսքը պաթետիկ հայենապաշտության մասին չէ:
Հանգանակությունն արդյունավետության աճ կունենա այն դեպքում, երբ մարդիկ հնարավորինս խորքային պատկերացում ունենան այն թիրախների մասին, որի համար պետք է փող հանգանակեն: Իսկ ժամանցը պետք է ընդամենն այդ ամենի ուղեկիցը լինի, ոչ թե առանցքը:
Այլապես ստացվում է ոչ թե համազգային հանգանակություն, այլ համազգային “շաբաշ”:
Այդ ամենով հանդերձ իհարկե, ավելորդ է թերեւս նշել, որ ամենամեծ եւ անփոխարինելի խթանը դա Հայաստանի նոր բովանդակությունը կարող է լինել, Հայաստանի նոր որակը, արդիականությունը կարող է լինել, որպես հայության առանցք:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: