Saturday, November 26, 2011

«ՉԵՄ ԶԱՐՄԱՆԱ, ԵԹԵ ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՊԱՐՏԱԴՐԻ ՆԱԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ»

Հայտարարում է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուն

«ԱԶԳ, 26-11-2011- Ինչպես նշել էինք երեկվա համարում, նախորդ օրը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ էր ունեցել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչների առջեւ եւ նշել էր, որ 1937-38 թթ. Դերսիմում տեղի ունեցած իրադարձությունները նախապես ծրագրված կոտորած էին, խաղաղ բնակչության դեմ պետությունը զենք ու զորք է գործադրելՙ օգտագործելով նույնիսկ թունավոր գազ եւ ոչնչացրել է շարժվող ամեն ինչ, առանց խնայելու կանանց ու երեխաներին:
Այնուհետեւ նա կոտորածների մասին վկայություններ էր բերել, ասելով. «Երկու անմեղ երեխաներ, կորցրած լինելով իրենց հորը, ասում են, որ հայրիկին են ուզում: Երեխաներին Հոզաթի կառավարիչի հրամանով սվինահար են անում, ապա նոր հանձնում են հորը: Մանազկերտում սկսում են մորթոտել բնակչությանը, խղճի տեր մեկը երեխաներին փրկելու համար նրանց տանում է գետափ, որ թաքցնի: Սակայն, իմանալով այդ մասին, իսկույն երեխաներին սպանելու հրաման է արձակվում: Ոչ ոք իր վրա չի վերցնում ի կատար ածել հրամանը: Վերջապես մեկին գտնում են, որն էլ սպանում է ջրի մեջ դողդողացող 20 անմեղ երեխաներին: Ջուրը ներկվում է նրանց արյունով»:
Էրդողանը ներկայացրել էր նաեւ արխիվային փաստաթղթեր, ըստ որոնց, Դերսիմում սպանվել է 13.863 մարդ, իսկ 11.683-ըՙ աքսորվել, ապա եւ ասել, որ փաստաթղթերի տակ վարչապետի, ներքին գործերի նախարարի ստորագրություններն են: Նա, հիշեցնելով այդ օրերին երկրում Ժողովրդա-հանրապետական կուսակցության միանձնյա իշխանության մասին, ավելացրել էր. «Եթե պետք է պետության անունից ներողություն խնդրել, ես կխնդրեմ ու խնդրում եմ: Ժողովրդա-հանրապետական կուսակցության անունից էլ թող Քեմալ Քըլըչդարօղլուն խնդրի, ի վերջո, դերսիմցի է, չէ՞ որ դա արժանապատվություն է համարում, թող հիմա փրկի իր արժանապատվությունը»:
Հիրավի, Քըլըչդարօղլուն Դերսիմում է ծնվել, կոտորածների ժամանակ, ինչպես նշված էր «Բուգյուն» թերթի երեկվա համարում, սպանվել են նրա ազգականներից 40-ը: Թեեւ ինքը Ժողովրդա-հանրապետական կուսակցության անունից ներողություն չխնդրեց, սակայն երեկ, պատասխանելով վարչապետ Էրդողանի մարտահրավերին, Ստամբուլում հայտարարեց. «Ներողություն խնդրելը բավարար չէ, պետք է վերադարձնել նաեւ դերսիմցիներից առգրավված հողերը»:
Ինչպես երեւում է, զբաղեցնելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, Քըլըչդարօղլուն դժվարանում է կուսակցության անունից ներողություն խնդրել Դերսիմի կոտորածների համար: Խնդիրը, սակայն, ներողությունը չէ, այլ դրա շահարկումը, որի հետեւանքով այս ներողությունը, որ խնդրեց Էրդողանը, ոչ այնքան պատմության հետ Թուրքիայի առերեսման բնույթ է կրում, որքան դառնում է իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների անհաշտ պայքարի դրսեւորման միջոց:

Թերեւս այդ առումով պատահական չէր, որ վարչապետ Էրդողանը 1937-38 թթ. Դերսիմի կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելիս միաժամանակ զայրացած քննադատեց Քըլըչդարօղլուին, թե իր մտածելակերպը նույնացնում է հայկական սփյուռքի մտածելակերպի հետ:

Այդ օրը, երբ վարչապետ Էրդողանը ներողություն էր խնդրել դերսիմցիներից, Քըլըչդարօղլուն էլ Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ էր ունեցել Ժողովրդա-հանրապետական կուսակցության խմբակցության առջեւ եւ ասել. «Այո, ես դերսիմցի եմ: Զբաղեցնում եմ Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր նախագահի պաշտոնը, հպարտ եմ դրանով: Եթե Տերը կամենա, ապա կդառնամ նաեւ Թուրքիայի վարչապետը: Դերսիմցիները որեւէ խնդիր չունեն Թուրքիայի Հանրապետության հետ: Նրանք Քեմալ Աթաթուրքի Թուրքիայում անձի ազատություն են պահանջում: Սակայն, այս պարզ ճշմարտությունը չեն կարող հասկանալ նրանք, ովքեր կաղինի չափ ուղեղ ունեն: Ցավալի է, որ Էրդողանի մտածելակերպը այդ նույն մտածելակերպն է, ինչ հայկական սփյուռքինը: Սակայն նա որպես վարչապետ այնպես է կատաղել, որ չեմ զարմանա, եթե վաղը մեր ազգին պարտադրի նաեւ ցեղասպանության հայկական պնդումները»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: