Saturday, November 26, 2011

ԷԼ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

«ԱԶԳ, 26-11-2011- Փոխարտգործնախարար Արազ Ազիմովի վկայությամբ, «Ադրբեջանը որեւէ սպասելիք չունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցից»: Ասվածը եթե դիվանագիտականից «թարգմանենք», կստացվի, որ պաշտոնական Բաքուն միջնորդներին ասում է. «Դուք մեզ համար անցանկալի հյուր եք»: Ազիմովն, իհարկե, իր երկրի հիասթափվածությունը «բացատրում է» հայկական կողմի «ապակառուցողականությամբ»: Դրանից, սակայն, նրա խոսքի ոչ պատշաճությունը չի մեղմվում:
Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ նույն օրն Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւն ասում է, որ Ռուսաստանի հետ «Ադրբեջանի հարաբերություններն, ինչպես երբեք նախկինում, վերընթաց են զարգանում»: Ինչո՞ւ է Սաֆար Աբիեւը կարծում, որ իր երկիրը «դառնում է Միացյալ Նահանգների կարեւորագույն գործընկերը Կասպից ծովի տարածաշրջանում»: Ինչո՞ւ են ադրբեջանցի քաղաքագետները, վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները միաբերան հրճվում, թե «Եվրոմիության համար էականը տնտեսական շահն է»: Չէ՞ որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, որ ոչ պաշտոնապես ներկայացնում է ԵՄ հետաքրքրվածությունը: Վերջապես, ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը օրը երկու անգամ կրկնում, որ «միջնորդների համար ստատուս քվոն նույնպես անընդունելի է, իսկ դա վկայում է, որ նրանք մեր տեսակետը պաշտպանում են»:
Երկու ճշմարտություն լինել չի կարող. կամ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերություններն իրոք վերընթաց են զարգանում, Կասպից ծովի ավազանում Բաքուն Վաշինգտոնի կարեւոր գործընկերն է, իսկ ԵՄ երկրները «շունչները պահած» սպասում են, թե երբ վերջապես կստանան ադրբեջանական «փրկարար» գազը, ուրեմն, «բոլորը շահագրգռված են, որ ստեղծված իրավիճակը փոխվի», կամ ադրբեջանական վերնախավը ստահակ է եւ սեփական ժողովրդին ապուշի տեղ է դրել:
Կա նաեւ երրորդ տարբերակը. Արազ Ազիմովը հեքիաթի այն «մանուկն» է, որ ասում է. «Թագավորը մերկ է»: Բայց տվյալ դեպքում նա ոչ թե համանախագահների, այլ Իլհամ Ալիեւի «մերկությունն» է բացահայտում: Այսինքն ասում է. «Ժողովուրդ, ինչ որ մեր նախագահն է ասում, սուտ է, իրականում միջնորդները մեզ համար լավ ոչինչ չեն անում, ուստի նրանց այցելության հետ հույս մի կապեք»: Բայց սա` միայն տեսականորեն: Գործնականում Ազիմովը հազիվ թե «խելքը հացի հետ կերած» լինի, ինչը չափազանց անմխիթարական, եթե չասվի` խղճահարույց վերաբերմունք է ձեւավորում ադրբեջանական հանրության հանդեպ. որքան է այն զոմբիացված, որ իշխանություններին որեւէ հաշիվ չի ներկայացնում, թե ինչու՞, «լինելով Ռուսաստանի, ԱՄՆ եւ ԵՄ կարեւոր գործընկերը», նրանք չեն կարողանում ԼՂ կարգավորման հարցում կես քայլ իսկ առաջ շարժվել:
Թվում է, այդ տրամաբանական հարցադրման պատասխանն իրենք` համանախագահները պիտի տան: Գոնե հանուն ադրբեջանական հանրության: Նրանք, այսինքն, հնարավորություն ունեն Բաքվում մեկնաբանելու իրավիճակը եւ պարզ ասել, որ կարգավորման գործում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ դա ձեռնտու չէ Իլհամ Ալիեւին:
Ադրբեջանական կողմը միջնորդներին մեղադրում է «անգործության» մեջ: Նրանք էլ, ահա, թող «մեղքն» իրենցից հեռացնեն: Թե չէ, իրոք, առաջընթացի մասին կմնա միայն երազել: Քանի որ եթե կողմերից մեկը բանակցությունների վերջնական արդյունք է տեսնում սեփական «հաղթանակը», ապա ամեն ինչ իմաստազրկվում է: Կամ էլ Իլհամ Ալիեւը պիտի «քաջություն» դրսեւորի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին նախապես տեղեկացնի, որ նրանցից «սպասելիք չունի»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: