Monday, November 21, 2011

Հայկական ներմուծման ծայրահեղությունները կամ դեպի ուր են հոսում բնակչության փողերը

News.am. 20-11-2011- Մեր տնտեսության պայծառ ապագայի վերաբերյալ ակնարկները հաճախ ուղեկցվում են արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը կրճատելու եւ այլ խոստումներով, որոնք քաղաքացիներին մատուցվում են արդեն երկու տասնամյակ:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճի տեմպը նկատելիորեն գերազանցել է ներմուծման ցուցանիշը` 139,0%` 111,0%-ի դիմաց: Սակայն արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը մնացել է գրեթե նախկին մակարդակին` 2,0 մլրդ դոլար:
Մեզանում շատ է խոսվում արտահանման դիվերսիֆիկացիայի մասին: Իսկ ներմուծումը, իհարկե, ավելի լավ է նվազեցված տեսնել եւ ավելի քիչ ապրանքներ ներկրել: Սակայն, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով ներմուծման ծավալն ավելի մեծ է :
Համաձայն մաքսային ծառայության տվյալների` ներմուծման մեջ առաջին տեղում է «բնական եւ հեղուկ գազ» ապարանքախումբը, որի տեսակարար կշիռը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 13,6%:
Մյուս էներգակիրը` «նավթամթերք» խմբից, ծավալով փոքր-ինչ զիջում է` կազմելով 13,2%: Այսպիսով, երկու էներգակիրները ապահովում են մեր ներմուծման մեկ քառորդ մասից ավելին:
Վիճակագրությունը մեկ այլ հետաքրքիր ասպեկտ ունի շարքային քաղաքացիների համար: Այդ տեղեկատվության հիման վրա կարելի է հեշտությամբ հաշվարկել մի շարք սպառողական ապրանքների մաքսային արժեքը եւ այն համեմատել դրանց մանրածախ գների հետ: Ահա այստեղ է, որ բախվում ենք զարմանալի մետամորֆոզների:
Այսպիսով, շաքարավազի գինը մաքսային սահմանին կազմում է կիլոգրամի դիմաց 183,7 դրամ: Մաքսային սահմանից հասնելով մանրածախ առեւտրի ցանց` շաքարավազի գինն ավելանում է 208,2 դրամով կամ ավելի քան 2,1 անգամ:
Հաշվարկը ցույց է տալիս, որ մաքսային նման արժեքի դեպքում շաքարավազի մանրածախ գինը չպետք է անցներ 265 դրամը` փաստացի միջին 391,9 դրամի փոխարեն: Այսպիսով, կիլոգրամի մեջ 127 դրամը «յուղալի պատառն է»:
Հունվար-սեպտեմբերին ներկրված շաքարավազի խմբաքանակը կազմում է մոտ 61 հազ. տոննա, իսկ մատնանշված «յուղալի պատառը»` գերազանցում է 7,7 մլրդ դրամը կամ 21 մլն դոլարը:
Նունպիսի անհամամասնություններ կան նաեւ այլ սպառողական ապրանքների գներում: Օրինակ, սուրճի մաքսային արժեքը կիլոգրամի համար կազմում է մոտ 918 դրամ, իսկ ահա մանրածախ գինը գրեթե 3,3 անգամ ավելի` 2991 դրամ:
Սուրճի սպառումը Հայաստանում թեեւ մեծ է, սակայն այն առաջին անհրաժեշտության սննադմթերք չէ, ինչպես օրինակ բուսական յուղը: Հունվար-սեպտեմբերին բուսական յուղի մաքսային արժեքը կազմել է լիտրի դիմաց 438 դրամ, իսկ մանրածախ արժեքը 3,2 անգամ ավելի` 1402,7 դրամ: Հասկանելի է, որ նման ուռճացված գներն առաջին հերթին հարվածում են բնակչության անապահով շերտերի գրպանին:
Նման մետամորֆոզներից առավել «հետաքրքիրը» կարելի է համարել բնական գազի մաքսային արժեքի վերածումը բնակիչների համար գերբարձր սակագնի: Այդ մասին շատ է ասվել անկախ փորձագետների կողմից, սակայն քննադատությունից ոչ մի օգուտ չի եղել: Ժամանակին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնել է մենաշնորհային ընկերության ներկայիս սակագնին եւ այն նազեցնելու մասով վերանայել չի պատրաստվում:
Ալբերտ Խաչատրյան

No comments: