Thursday, November 17, 2011

ԵՄ-Հայաստան հարաբերությունները միայն գումարային հարցերով չեն սահմանափակվում

Panorama.am. 17-11-2011- «Թեև ողջ աշխարհում երկրները գործ ունեն տնտեսական բարդ իրավիճակի հետ, բայց Եվրոպայում մեծ ցանկություն կա այնպես անել, որպեսզի հարգենք մեր խոստումներն ու պահպանենք սերտ հարաբերությունները»,-ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորությանն ու դրա կոնտեքստում Հայաստանին տրվող հնարավոր օգնության հեռանկարին հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Թեպետ ընդգծեց` հարաբերությունները միայն գումարային հարցերով չեն սահմանափակվում և վերաբերում են որոշակի համագործակցության տարրերին: Օրինակ` ազատ առևտրի համաձայնագիրը, ըստ տիկին Էշթոնի, ավելի շատ հնարավորություններ կընձեռի գործարարներին. «Դա շատ բան կփոխի` հնարավորություն կընձեռի զարգացնել փոքր բիզնեսը, կխթանի արտահանումը և այլն»:
Բարձրաստիճան պաշտոնյան այս կոնտեքստում շարունակելով տեղեկացրեց, որ նախօրեին երեկոյան, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, նախագահն իրեն բացատրել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունի շուրջ 350 ձեռնարկություն 5 հազար աշխատակիցներով. «Որքան ավելի շատ կարողանանք նրանց հնարավորություններ ընձեռել, ինչպես նաև աջակցել գյուղատնտեսությանը, այնքան ավելի շատ տնտեսությունը կկարողանա աճել ու Հայաստանը կզարգանա այնպես, ինչպես կառավարությունն է ցանկանում»,-նշեց նա ու ընդգծեց`ԵՄ -ն ցանկանում է հարաբերությունները զարգացնել և ոչ թե թուլացնել:

No comments: