Thursday, November 17, 2011

Թուրքիայում երկրաշարժները վնասել են Սուրբ Խաչը

HayNews.am. 17-11-2011- Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում իրար հետևից երկու երկրաշարժերը ու բազմաթիվ հետցնցումները որոշակի վնաս են հասցրել Աղթամար կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն, փոխանցում է թուրքական «ՍոնԴաքիքան»:
Հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 9-ին գրանցված համապատասխանաբար 7,2 և 5,6 բալանոց երկրաշարժերը վնասել են եկեղեցու գմբեթը` առաջացնելով ոչ մեծ ճեղքեր:
Ամեն դեպքում, վնասը շատ մեծ չէ և հնարավոր է վերականգնել: Այս մասին նշել է եկեղեցու վերանորոգման պատասպանատու Ադնան Վուրալը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին երևանյան ժամանակով 15:42-ի սահմաններում ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում գրանցվել է 7,2 բալանոց երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով մեծապես տուժել է Արճեշը (թուրքերեն` Էրջիշ): Զոհերի թիվն անցնում է 600 մարդը: Ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում: Մեր երկրում ցնցումների ուժգնությունը կազմել են 3-5 բալ:
Իսկ նոյեմբերի 9-ին նույն տարածքում ի հայտ էր եկել նոր` 5,6 բալանոց երկրաշարժ, որի հետևանքով ևս 40 մարդ էր զոհվել:

No comments: