Tuesday, November 8, 2011

«Հըզբոլլահը» չի պատրաստվում հարձակվել ադրբեջանական հյուպատոսության վրա

News.am. 8-11-2011- «Հըզբոլահը», նոյեմբերի 4-ին, ժխտել է Ադրբեջանի` Թավրիզի հյուպատոսության շենքի առջեւ ակցիայի անցկացման վերաբերյալ տեղեկությունները, գրում է «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով «Հըզբոլլահի»` «Արեւելյան Ադրբեջան» մասնաճյուղի կայքում տեղակայված հաղորդագրությունը: «Հըզբոլահը» ժխտում է նոյեմբերի 4-ին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ բողոքի ակցիայի անցկացման վերաբերյալ տարածված լուրերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Միաժամանակ շարունակվում են «Հըզբոլահի» իրանական թեւի` «Հըզբոլահ Անսարի», Թավրիզի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Հոջաթուլիսլամ Ռուհուլա Բեջանիի հակաադրբեջանական ելույթները: Նա կոչ է անում Ադրբեջանի ժողովրդին կրոնական պայքար սկսել, դատապարտում Իսլամական կուսակցության առաջնորդների ձերբակալությունները եւ այլն: Մոլլա Բեջանին, կրկնելով «Սահար» հեռուստաալիքով հնչեցրած իր խոսքերը, նշել է, որ Ադրբեջանը լինելով աշխարհի երկրորդ շիա պետությունը, չի պահպանում կրոնական արժեքները: Նա Թավրիզի ադրբեջանական հյուպատոսությունը անվանել է «բանտ» եւ հայտնել, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել, որ իրենք անցյալ տարի գրոհեն հյուպատոսության շենքը»,-գրում է «Ազադլըգը»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հըզբոլահը» հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին բողոքի ակցիա է կազմակերպելու Թավրիզում գտնվող Բաքվի հյուպատոսության շենքի մոտ, այնուհետեւ գրոհելու են հյուպատոսության շենքը, այդ մասին տեղեկություն էր տարածել «Հըզբոլահի» իրանական թեւի` Թավրիզի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Հոջաթուլիսլամ Ռուհուլա Բեջանին:
«Թավրիզի երիտասարդները բողոքելով սիոնիստական ուղղությամբ առաջնորդվող Ադրբեջանի հանրապետության դեմ, կասեցնելու են այդ պետության` Թավրիզի գլխավոր հյուպատոսության գործունեությունը, հանելու են աշխատողներին այդ շենքից: Իմաստուն եւ մեծ անձինք մինչ օրս կասեցրել են դա` հույս ունենալով, որ Ադրբեջանի հանրապետությունը հետ կկանգնի այդ հակաիսլամիստական գործողություններից, սակայն դա տեղի չի ունեցել»,-ասված էր «Հըզբոլլահ Անսարի» հայտարարության մեջ:

No comments: