Tuesday, November 8, 2011

ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹԵՄԱՆ «ԹԵԺԱՆՈՒՄ» Է

«ԱԶԳ, 08-11-2011- Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր կլինի Երեւանում, Իրանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ալի Աքբար Սալեհին հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:
Իրանի համար բավականին յուրօրինակ մի ժամանակահատվածում այդ երկրի արտգործնախարարի այցը Հայաստան եւս կարող է որոշակի ուղերձներ ունենալ ուղղված ոչ միայն տարածաշրջանին: Միջազգային հանրության երեկվա քննարկումներն ու վերջին օրերին արվող հայտարարությունները Իրանին բնավ էլ նախանձելի վիճակում չեն դրել, եւ ակնհայտ է, որ առնվազն տարածաշրջանային հարթակում Երեւանում տեղի ունենալիք ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը կարող է մատուցել հետաքրքրական բովանդակությամբ հայտարարություններ:
Իրանի միջուկային ծրագիրը, որ մնում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում ու վերջին օրերին տեղիք է տվել Իրանի վրա հնարավոր հարձակման մասին հայտարարություններին, ըստ Ալի Աքբար Սալեհիի ավելի վաղ արած հայտարարությունների, այն չէ, ինչ փորձում է ներկայացնել ՄԱԳԱՏէ-ն, որի զեկույցը նախատեսվում է հրապարակել այսօր կամ չորեքշաբթի` նոյեմբերի 9-ին: Այսինքն` Իրանի միջուկային ծրագիրն, ըստ իրանական կողմի, խաղաղ նպատակների է ծառայում այն դեպքում, երբ մի շարք երկրներ հստակորեն մեղադրում են Իրանին` միջուկային զենքի ստեղծման փորձերում:
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի մասին տարածված տեղեկությունների, այն տվյալներ է պարունակում Իրանում միջուկային մարտագլխիկների «տեսական մոդելի» ստեղծման ու հրթիռակիրների կոնստրուկտորական աշխատանքների մասին: Իրանը գտնվում է միջուկային զենքի ստեղծման գործընթացի վերջին փուլում: Այս առնչությամբ հրապարակումներ են արել ամերիկյան լրատվամիջոցները, մասնավորապես, «The Washington Post»-ն արդեն իսկ, իր ունեցած տեղեկությունների հիման վրա, եզրակացրել է, թե Իրանում միջուկային զենքի ստացման նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, ի դեպ, նաեւ ոչ միայն իրանցի, այլեւ օտարերկրյա մասնագետների աշխատանքի արդյունքում:
Այս ամենին իր ոճով անդրադարձել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի նկատմամբ ռազմական գործողության իրականացման հավանականությունը մեծացել է, ասել է թե մոտենում է այդ գործողության իրագործման պահը, այսինքն` Իրանի վրա հարձակման պահը:
Եվ այն ժամանակ, երբ Իսրայելն այսպիսի տոնայնությամբ է հանդես գալիս, իսկ Միացյալ Նահանգներն էլ, ըստ պենտագոնյան աղբյուրների, Իրանը դիտարկում է որպես Մերձավոր Արեւելքի ամենամեծ վտանգ, Ռուսաստանն ու Ֆրանսիան մասնավորապես հանդես են եկել հստակ ուղերձներով: Ռուսաստանն, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, հայտարարել է, որ Իսրայելի հարվածն Իրանին կլինի «սխալ` անկանխատեսելի հետեւանքներով»: Ֆրանսիան էլ, իր հերթին, ի դեմս արտգործնախարար Ալեն Ժյուպեի , հայտարարում է, որ Իրանի հարցում ռազմական միջամտությունը «կապակայունացնի Մերձավոր Արեւելքը»: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էլ, բացառելով Իրանի հարցում ռազմական միջամտությունը, հայտարարել է, թե Իսրայելի գոյության վտանգի դեպքում «Ֆրանսիան ձեռքերը ծալած չի նստի»:
Ռազմական միջամտության մասին խոսելու փոխարեն էլ ԱՄՆ-ը գնում է պատժամիջոցների խստացման ճանապարհով, թեեւ այդ միջոցն էլ կիրառվում է սեփական շահերից ելնելու մոտեցմամբ. ԱՄՆ-ը մի կողմից խստացնում է պատժամիջոցները, մյուս կողմից էլ, օրինակ, ըստ Los Angeles Times թերթի, հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ, քանի որ դրանից կարող են խափանվել նավթային մատակարարումները, հետեւաբար` կբարձրանա նավթամթերքի գինը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: