Thursday, November 17, 2011

Հիսուն հարկանի Պերսիա Թաուեր Երեւանի կենտրոնո՞ւմ

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է, որ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Երեւանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի եւ «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարեւանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, որի արդյունքում այդտեղ վեր խոյանա Երեւանի ամենաբարձր՝ 50 հարկանի շենք:
«Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում եւ նախագծային մի քանի ինստիտուտներում, հույժ գաղտնի պայմաններում, քննարկվում է այս ծրագիրը: Երեւանի կենտրոնում այսպիսի շենք է ուզում կառուցել իրանական մի կիսապետական ընկերություն: Շենքը կոչվելու է «Պերսիա թաուեր» (պարսկական աշտարակ): Մի քանի հարկը լինելու է առեւտրային նշանակության, մի քանիսը՝ բնակելի, ավելի քան 10 հարկ՝ հյուրանոց եււ այլն: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրների` այս նախագծի իրականացման համար իրանական կողմը արդեն կոնկրետ քայլեր է անում համապատասխան պաշտոնյաների շահագրգռելու համար: Այսինքն, ովքեր իրավասու են այս նախագիծը կյանքի կոչելու հետ կապված որոշում կայացնել, կարող են ակնկալել որոշակի «լավ վերաբերմունք»:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր օգնականի միջոցով մեզ փոխանցեց, որ ինքը ծանոթ է այս նախագծին, բայց որևէ վերաբերմունք առայժմ չի հայտնի: Ըստ մեզ փոխանցած պատասխանի` հարցը դեռ չի քննարկվել քաղաքաշինական խորհրդում, ինչը նշանակում է, որ պաշտոնապես նման նախագիծ դեռ չկա: Նման պատասխանը արդեն իսկ վտանգի զգացում է առաջացնում: Որ նշված տեղում նման կառույցը ուղղակի խայտառակություն է, ակնհայտ է անգամ ոչ մասնագետի համար: Եվ եթե գլխավոր ճարտարապետը խուսափում է միանգամից որպես մասնագետ անկեղծ գնահատական տալ նախագծին, նշանակում է` արդեն իսկ չի բացառում Երեւանի սրտում նման կառույց թույլ տալու հնարավորությունը: Հասկանալի է, նման որոշում կայացնելիս համապատասխան պաշտոնյաները ամենեւին էլ չեն առաջնորդվելու մասնագիտական չափորոշիչներով: Նրանց համար կարեւոր է լինելու վերեւի հրահանգը, եւ թե որքան կկազմի «լավ վերաբերմունքը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

No comments: