Thursday, November 10, 2011

ԱԳ նախարար. Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում

Panorama.am. 10-11-2011- Հանրապետության Նախագահի նախաձեռնած բարեփոխումների խթանման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում, ինչը բխում է մեր ժողովրդի, մեր երկրի շահերից: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական և Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովին: Նշենք, որ ելույթի գրավոր տարբերակը տրամադրել է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
«Այդ գործընթացն առաջին հերթին նպատակաուղղված է երկրի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք սա նաև որպես ԵՄ հետ մեր համագործակցության օրակարգի բաղկացուցիչ մաս և եվրոմերձեցման քաղաքականության նախադրյալ»,-ասել է ԱԳ նախարարն ու ավելացրել. «Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման և Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համատեքստում կցանկանայի մեջբերել Հանրապետության Նախագահի հետևյալ խոսքերը. «Եվրոպական չափանիշները՝... պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետև դրանք բարձր և ժամանակով ստուգված չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու և մեր հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունից»»:

No comments: