Thursday, November 10, 2011

Պետք է կտրել արդեն չորացած ճյուղը

«Լրագիր» 10-11-2011- “Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի շահը”, հայտարարել էր Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին, մասնակցելով արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի բացմանը:
Սերժ Սարգսյանը կարեւոր հարցի է անդրադառնում՝ բիզնեսի եւ իշխանության սերտաճմանը: Գաղտնիք չէ, որ այն Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի հիմնական աղբյուրներից մեկն է, համատարած կոռուպցիայի հիմնական ակունքներից մեկը:
Բայց, ինչպես պետք է լուծվի այդ հարցը Հայաստանում: Ինչպես է բիզնեսը տարանջատվելու իշխանությունից: Իր կամքով, թե Սահմանադրության եւ օրենքների պարտադրանքով: Եթե բանը մնա բիզնեսի կամքին, ապա հազիվ թե գործարարը հրաժարվի իշխանությունից, եթե Հայաստանում իշխանությունն է արդյունավետ եւ անվտանգ բիզնեսի ամենակարեւոր գրավականներից մեկը:
Հետեւաբար, որպեսզի գործարարը հրաժարվի իշխանությունից, Հայաստանում պետք է հստակորեն գործի սեփականության պաշտպանության մեխանիզմը եւ ապահովվի հավասար մրցակցությունը բոլորի համար: Իսկ դա արդեն պետք է անի իշխանությունը: Այսինքն, իշխանությունը պետք է ապահովի, որ ասենք հարկային կառույցը խտրական մոտեցում չցուցաբերի նույն ոլորտում գործող երկու ընկերությունների միջեւ, երբ ասենք մեկը պատկանում է իշխանության հետ սերտաճած գործարարի եւ բավական լոյալ վերաբերմունքի արժանանում, իսկ մյուսը պատկանում է իշխանության հետ չսերտաճած գործարարի, ով ստիպված է լինում գործարարությամբ զբաղվելուն զուգահեռ նաեւ հարկայինի պարբերական այցելություններով զբաղվել:
Բայց, դա դեռ քիչ է, որովհետեւ իշխանությունը նաեւ պետք է հարցի լուծմամբ զբաղվի օպերատիվ-հետախուզական աշխատանքի միջոցով, պարզելու համար, թե պատգամավորը կամ պաշտոնյան իսկապես միայն սեփականատե՞ր է, թե իր բիզնեսում չզբաղեցնելով որեւէ գործադիր պաշտոն, այդուհանդերձ զբաղվում է դրա անմիջական կառավարմամբ:
Բանն այն է, որ Հայաստանում օպերատիվ-հետախուզական տարբերակից դուրս այլ ելք չկա: Որովհետեւ անգամ եթե արգելվի նույնիսկ թեկուզ սեփականատեր լինելու պարագայում պաշտոն զբաղեցնելը, ապա բոլորն իրենց սեփականությունները կգրանցեն որեւէ մեկի անունով, ու կշարունակեն բիզնեսը ծառայեցնել իրենց իշխանությանը:
Հետեւաբար, ելքը թերեւս այն է, որ երկրում հստակօրեն օպերատիվ-հետախուզական աշխատանք կատարվի, իշխանության եւ բիզնեսի սերտաճումը բացահայտելու համար: Եթե այդ աշխատանքը կատարվելու է, ապա օրենսդրական խստացումներն իմաստ ունեն, իսկ եթե չի կատարվելու, ապա դրանք բացարձակ անիմաստ քայլեր կլինեն եւ ամենախիստ օրենքի դեպքում անգամ կգտնվեն շրջանցելու տարբերակները:
Պատրա՞ստ է արդյոք իշխանությունն իրականացնել այդ օպերատիվ-հետախուզական աշխատանքը եւ բացահայտել բիզնեսի եւ իշխանության սերտաճման կոռուպցիոն մեխանիզմները, հակասահմանադրական երեւույթները:
Եթե այո, ապա Սերժ Սարգսյանին հարկ է ոչ թե հայտարարել, թե բիզնեսը պետք է հետեւողականորեն տարանջատվի, այլ պարզապես զգուշացնել, որ եթե բիզնեսը չտարանջատվի, ապա կտարանջատենք:
Սակայն, այդպիսի հայտարարությունը քիչ հավանական է: Ու թերեւս ամենեւին ոչ այն պատճառով, որ Սարգսյանը էվոլյուցիոն լուծումների կողմնակից է: Ամենեւին, էվոլյուցիան եւ հեղափոխությունը կամ արմատականությունը միմյանց հակադիր հասկացություններ չեն: Հեղափոխությունն էլ, արմատական շրջադարձերն էլ էվոլյուցիա կարող են լինել:
Պարզապես, գուցե կարող է ստացվել այնպես, որ Սերժ Սարգսյանը հենց ինքը պետք է լինի բիզնեսից առաջինը տարանջատվողը: Թերեւս դրա համար էլ նա խուսափում է հարցն այդպես հստակ եւ կոնկրետ դնելուց, եւ թողնում է առավելապես հռետորաբանության հարթության վրա:
Բանն այն է, որ բիզնեսի եւ իշխանության տոտալ սերտաճումն է նաեւ ապահովում Հայաստանի իշխանության հակասահմանադրական համակարգի գոյության ստվերային հիմքը: Նաեւ դա է բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է արմատական քայլերի գնալ բիզնեսի եւ իշխանության տարանջատման գործում: Ինչպես ընդունված է ասել, նա չի կտրի այն ծառը, որի վրա նաեւ ինքն է նստած:



Փակուղային իրավիճակ է ստացվում, որովհետեւ իշխանությունը մի կողմից չի կարող կտրել այն ծառը, որի վրա նստած է, մյուս կողմից քաջ գիտակցում է, որ այդ ծառի ճյուղն այլեւս չորացած է եւ դրա վրա նստած մնալը օրեցօր ավելի ու ավելի մեծ վտանգ է հանդիսանում իր համար:
Այդ իրավիճակում ընտրվել է թերեւս այն ճանապարհը, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր հետ նստածներին համոզել, որ չընկնելու համար անցնեն ավելի առողջ ճյուղի, թեկուզ այդ ճյուղը մի քիչ ավելի ներքեւ է գտնվում եւ որտեղ իրենցից բացի հավասարապես լինելու են նաեւ այլ շերտեր:
Բայց, ակնհայտ է, որ համոզելով չի ստացվի ոչինչ, որովհետեւ համոզվելու, իրավիճակը պատկերացնելու ինտելեկտ եւ գիտելիք է պետք, իսկ Հայաստանում իշխանության հետ սերտաճած բիզնեսի զգալի մասը զուրկ է դրանից եւ դրան հաղորդակից լինելու ներքին կարողությունից:
Համոզելով չի ստացվելու հաստատ, հետեւաբար կամ պետք է բռնել ու տանել, կամ պարզապես թողնել նրանց այդ ճյուղի վրա ու հեռանալ ավելի առողջ ճյուղ: Սերժ Սարգսյանն առայժմ չի կարողանում թե մեկը, թե մյուսը: Կամ գուցե պարզապես չի ուզում: Բայց այլ տարբերակ չկա, նա կամ պետք է անի երկուսից մեկը, կամ սպասի, թե երբ է կոտրվելու ճյուղը:
Հույսը, թե ներքեւի ճյուղին նստածները կպահեն վերեւի չորացած ճյուղը, որ հանկարծ վերեւից իրենց գլխին չընկնեն, թերեւս անտեղի է, որովհետեւ վերեւի չորացող ճյուղին նստածները այնքան են ուժասպառ արել ներքեւիններին, որ նրանք արդեն անգամ իրենց անվտանգության համար ուժ չունեն պահել չորացող վերեւներին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: