Wednesday, November 23, 2011

Օլիգարխն ավելի անխնա կշահագործի

«Լրագիր» 23-11-2011- Moody's գործակալությունը Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման հեռանկարը գնահատելով բացասական, փաստացի արձանագրել է այն ռիսկերը, որոնցով Հայաստանի տնտեսությանը սպառնում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը:
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը 2012 թվականի բյուջեի նախագծում հաշվի է առել այն հնարավոր ռիսկերը, որ կան ճգնաժամի երկրորդ ալիքի հետ կապված:
Արդյոք այդ պարագայում ռիսկ չէ հարկային եկամուտների աննախադեպ աճի նախատեսումը, այն 101 միլիարդ դրամի աճը, որ կառավարությունը նախատեսում է ապահովել Հայաստանի 2012 թվականի բյուջեի համար:
Իհարկե, անգամ Համաշխարհային բանկի փորձագետներն են պնդում, որ Հայաստանի տնտեսության ստվերն ի վիճակի է ավելի շատ հարկ տալ, քան այդ 101 միլիարդ դրամը՝ մոտ 240 միլիարդ դրամ, բայց արդյոք ճգնաժամային ռիսկերի տարին հենց այն տարին է, երբ պետք է ձեռնամուխ լինել տնտեսության հարկային պոտենցիալը քաղելուն:
Ընդ որում, այստեղ թերեւս այդքան էլ էական չէ, թե ումից է քաղվելու այդ պոտենցիալը՝ մանր ու միջին բիզնեսից, թե խոշորից: Բանն այն է, որ կառուցվածքային անկատարության, կառավարման համակարգում կոռուպցիոն մեծագույն ռիսկերի եւ իրողությունների առկայության պայմաններում, բիզնեսի եւ իշխանության քաղցկեղածին սերճատճման բարձր աստիճանի պայմաններում, խոշոր բիզնեսի ստվերային եկամուտների դեմ պայքարն ի վերջո կոտրվում է շարքային քաղաքացու գլխին:
Խնդիրն այն է, որ այդ խոշոր բիզնեսը կամ գներն է թանկացնում, կամ էլ պարզապես սկսում է առավել անխնա շահագործել աշխատուժը:
Հետեւաբար, ճգնաժամային տարում ռիսկերը հաշվի առնելու առավել ռացիոնալ տարբերակը թերեւս կլիներ այն, որ ոչ թե շեշտը դրվեր հարկային եկամուտների աննախադեպ աճի վրա, առաջնորդվելով թերեւս նախընտրական սոցիալական թիրախներ խոցելու ցանկությամբ եւ հաշվարկով, այլ շեշտը դրվեր երկրում կառուցվածքային բարեփոխումները խորացնելու վրա, կամ դրանք վերջապես սկսելու վրա, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ բիզնեսի ու իշխանության չափազանց խորը սերտաճման հետեւանքով ձեւավորված հովանավորչական մթնոլորտը հաղթահարելուն ուղղված բարեփոխումների վրա:
Բանն այն է, որ որակական բարեփոխումը կարող է բերել քանակի աճի, բայց քանակի աճի հռչակումը սովորաբար անորակ կատարողականի է խթանում, քան որակական վերափոխման:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: