Saturday, November 19, 2011

Թուրքիան եւ Հորդանանը մտադիր են Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծել

News.am. 19-11-2011- Եթե Սիրիան չընդունի Արաբական պետությունների լիգայի պայմանները, Թուրքիան եւ Հորդանանը Սիրիայի հյուսիսում եւ հարավում «անվտանգության գոտիներ» կստեղծեն, որտեղ սիրիական զինվորների եւ անվտանգության ուժերի մուտքը արգելված կլինի, հայտնում է «Лента.Ру»-ն` հղում անելով լիբանանյան The Daily Star թերթին:
Հյուսիսում եւ հարավում ստեղծված «անվտանգության գոտիներում» կարող են ապաստանել ընդդիմության ներկայացուցիչները եւ սիրիական բանակի դասալիքները, ովքեր մարտնչում են Բաշար Ասադի վարչակարգի դեմ:
Թուրքիային եւ Հորդանանին այդ գոտիները ստեղծելու հարցում կօգնեն արաբական եւ արեւմտյան երկրները:
Ըստ դիվանագետների` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անհնար է Սիրիայի դեմ միջազգային տնտեսական պատժամիջոցներ կիրառել` Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումից ելնելով, այդ պատճառով խնդրի այլ լուծում նրանք չեն տեսնում:
Հիշեցնենք, Արաբական պետությունների լիգան Սիրիային վերջնագիր է ներկայացրել. բռնությունը պետք է դադարի երեք օրվա ընթացքում, այլապես երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն:
Սիրիան սկզբունքորեն համաձայնել է արաբական երկրներից դիտորդներ ընդունել, սակայն, ինչպես հաղորդում է Associated Press-ը, Դամասկոսը շարունակում է պնդել, որ այդ մարդիկ երկրում առաջնորդվեն իրենց պայմաններով:
Սիրիական դիվանագիտական անանուն աղբյուրը գործակալությանը այլ մանրամասներ չի հաղորդել:

No comments: