Saturday, November 19, 2011

Իսլամացած հայերի «վերադարձը». «Հայոց Աշխարհ»

Օրեր առաջ հայ հասարակության ուշադրությունը գրավեց ազգությամբ հայ, 29-ամյա իմամ Աբդուլմեջիթի (Արթուր Մանուկյանի) սպանության լուրը Յարոսլավլ քաղաքում։ Հայազգի երիտասարդի կրոնափոխության պատճառներն անհայտ են։ Դժվար է խոսել նաեւ մեր օրերում այս երեւույթի տարածվածության մասին։
Մինչդեռ վերջին տարիներին հաճախ է խոսվում Թուրքիայում իսլամացած հայերի մասին։ Միանշանակ է, որ այս իրողությունն արդեն անմիջականորեն առնչվում է Հայոց ցեղասպանության հետ, եւ թերեւս սա է պատճառը, որ կրոնափոխ հայերի նկատմամբ հետաքրքրությունը մեծավ մասամբ սահմանափակվում է քաղաքական շրջանակներում՝ լինի դա Հայաստանում, թե Թուրքիայում։ Եվ եթե Հայաստանում խնդիրը քննվում է կրոնափոխ հայերի ինքնության բացահայտման, ազգային արմատներին նրանց հնարավոր վերադարձի տեսանկյունից, ապա հարեւան երկրում հայկական հետք են փնտրում բոլորովին այլ «մտահոգությամբ»։
Ամենաթարմ օրինակը օրերս Թուրքիայում «Քարթեպե» լաստանավը բռնազավթած ՔԲԿ անդամ Մենսուր Գյուզելի հայկական արմատների մասին բացահայտումն էր թուրքական մամուլում։
Ինչեւէ, կրոնափոխ հայերի թեման չի կորցնում քաղաքական ենթատեքստը։ Մինչդեռ խնդիրը նաեւ կրոնական դաշտում է, ինչը ենթադրել է տալիս նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մահմեդական հայերի նկատմամբ։
«Մենք ընդունում ենք նրանց որպես մեր ազգի զավակների` պատմական ցավալի հանգամանքների պատճառներով հեռացած իրենց հայրերի հավատքից ու կրոնից: Մենք աշխատանք ենք տանում, որպեսզի նրանք վերագտնեն իրենց ազգային ինքությունը, որի առանցքը կազմում է քրիստոնեական հավատը»: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այս պատասխանը ֆրանսահայ «Նոր յառաջ» թերթին կարելի է համարել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշում։
Այս առումով հատկապես ուշագրավ են երբեմն-երբեմն արձանագրվող մահմեդական հայերի վերստին կրոնափոխության՝ մկրտության դեպքերը Հայ Եկեղեցում։ Հոկտեմբերի 23-ին Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցու օծման եւ առաջին պատարագի արարողություններին եւս հետեւել էր մի քանի հայերի մկրտություն։
Այս եւ թուրքահայ համայնքի այլ խնդիրների մասին է Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ ԱՐԱՄ արքեպիսկոպոս ԱԹԵՇՅԱՆԻ հետ հարցազրույցը։ Սրբազանի արեւմտահայերեն խոսքը ներկայացվում է արեւելահայերենով։
-Սրբազան, վերջին տարիներին հաճախ է խոսվում Թուրքիայում մահմեդականացած հայերի մասին։ Արձանագրվում են նաեւ դեպքեր, երբ նրանք կրկին վերադառնում են հայրերի կրոնին, ինչպես դա տեղի ունեցավ Դիարբեքիրի նորաօծ եկեղեցում։ Ձեր կարծիքով, ի՞նչն է դրդում նրանց վերադառնալ սեփական արմատներին։
-Ասեմ, որ ես էլ տիգրանակերտցի եմ, այդ եկեղեցում եմ մկրտվել։ Մոտ 30 տարուց ավելի եկեղեցու տանիքը փլած էր, եւ իմ միակ երազս այդ եկեղեցու վերակառուցումն էր։ Ես հավատում եմ, որ երբ գործում է եկեղեցի, մանավանդ երբ զարկում է կոչնակը եւ հրավեր ուղղում հավատացյալներին, թեեւ կրոնափոխ, բայց բոլոր այն հայերը, որոնք ունեն գիտակցում, գիտեն, որ իրենց արմատը հայ է, գալիս են եկեղեցի եւ ցանկանում մկրտվել։
Տարիներ ի վեր ես շրջում եմ գավառներում, անշուշտ, առավել հաճախ Տիգրանակերտում, եւ ծանոթ եմ առնվազն մեծամասնությանը, որոնք արմատով հայ են, եւ որոնք, սակայն, քաջություն չեն ունեցել առ այսօր հայտարարելու, թե հայ են՝ վախենալով իրենց դրացիներից։ Նրանց մեջ նաեւ իմ ազգականներն են՝ քրոջս ընտանիքը։
Դիարբեքիրի եկեղեցու օծումը առիթ դարձավ, որ 8 հոգի մկրտվեր, հայեր, որոնք մինչ այդ իրենց անձնաթղթում իսլամ էին գրված։ Այժմ նրանք քրիստոնյա են գրվում եւ մկրտվելով դարձել են Հայ Եկեղեցու անդամ։ Բայց տակավին նրանց ընտանիքների մյուս անդամների պարագան կա, որոնց եւս աշխատում եմ համոզել։ Տիգրանակերտում մոտավորապես այդպիսի 60 ընտանիք կա։ Նրանց մեկ առ մեկ փորձում եմ համոզել, որպեսզի հետ գան իրենց եկեղեցի, որպեսզի առանց քաշվելու, առանց վախի հայտարարեն, որ իրենք հայ են։
-Սրբազան, այնուամենայնիվ դուք օգտագործում եք «վախ» եւ «համոզել» բառերը։ Դա չի՞ նշանակում, որ սեփական արմատների մասին բարձրաձայնելու վախը դեռեւս պահպանվում է։
-Գիտեք, գավառը եւ Պոլիսը նույնը չեն։ Պոլսում ավելի զարգացած սերունդ է ապրում։ Անկարայի կամ Իզմիրի պես ժամանակակից քաղաքներում եւս երիտասարդությունն ավելի զարգացած է։ Բայց գավառներում տակավին փոքր-ինչ հետադիմություն կա, փոքր-ինչ ավելի ատելություն կա քրիստոնյայի, մանավանդ՝ հայի հանդեպ։
Ճիշտ է, որ քրդերը վերջին տարիներին զղջում եւ ինչ-որ կերպ ներողություն են խնդրում իրենց ծնողների կատարածի համար։ Բայց եւ այնպես՝ անգիտակից մարդիկ էլ շատ են։ Վախ կա, որ մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ երկար տարիներ հայերին արգելված էր աշխատել պետական հաստատություններում, օրինակ՝ քաղաքապետարանում, դպրոցներում եւ այլն։ Հատկապես չէին կարող ոստիկան, բարձրաստիճան զինվորական դառնալ։ Արգելված էր։
Բայց ներկա կառավարության շրջանում այս մարդկանց ոչ միայն իրավունք տրվեց պաշտոններ ստանձնել պետական հիմնարկներում, այլեւ հանրապետության մեջ սկսեցին վիճաբանել Ցեղասպանության հարցի շուրջ։ Մեծ փոփոխություն կա երկրում, եւ այս պատճառով է, որ հիմա կրոնափոխ հայերը մի փոքր քաջություն են ստանում եւ վերարթնացում ապրում։ Հիմա շատերն են գալիս Պոլսո պատրիարքարան եւ հայտարարում, թե ուզում են հայ դառնալ։
Բոլորին չէ, որ միանգամից ընդունում ենք։ Պետք է համոզվել, որ նրանց արմատներն իսկապես հայկական են։ Այսօր գավառներում տակավին շատերը խաչակնքում են, ոմանք տակավին գաղտնի կերպով խաչ են կրում, Տիգրանակերտի բարբառով մի քանի բառ են ասում։ Այսպես հայտնի են դարձնում, որ իրենք հայ են։ Անշուշտ, այս ամենը մեզ ուրախացնում է։
-Սրբազան, Դուք խոսում եք ավելի շատ Դիարբեքիրի կրոնափոխ հայերի մասին։ Մինչդեռ նման հայեր կան նաեւ այլ գավառներում։ Ձեր գնահատականով՝ որքա՞ն են նրանք։
-Ոմանք նման հայերի թիվը սկսում են հաշվել 1915 թվականից։ Ես վերջին սերունդն եմ հաշվում։ Որովհետեւ 1915-ին կրոնափոխ եղածների 3-րդ, 4-րդ սերունդն է արդեն։ Նրանց հետ կապված հույսեր չունեմ։ Բայց այն սերունդը, որոնց ծնողներն ուղղակի հայ էին, հայերեն էին խոսում, գաղտնի կերպով խաչ էին անում եւ կամ խաչ կրում, նրանց թիվը 100 հազարից ավելի է։ Այսօր մենք Թուրքիայի մեջ պաշտոնապես 70 հազար ենք։ Այս թվին առավելաբար պետք է ավելացնել եւս 100 հազար։
Եվ ես Թուրքիայի վարչապետին ասել եմ, որ երկրի մեջ դեռ 100 հազար հայեր կան, որոնք քաջություն չունեն հայտարարելու, որ իրենք հայ են։ Եվ վարչապետն էլ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ինչ անուն էլ տաք՝ նրանք հայ են։
-Ազգային փոքրամասնություններից բռնազավթված գույքի վերադարձման մասին թուրքական կառավարության այս տարվա որոշումը ի՞նչ է ենթադրում Պոլսո հայոց պատրիարքարանի համար։
-Պատրիարքարանն ինքնին կալվածք ունենալու իրավունք չունի։ Բայց բռնագրավված կալվածքները բոլորն էլ մեր եկեղեցիներին են պատկանում։ «Վագֆ» ասվածը մեր եկեղեցիներն են, որոնք կալվածք ունենալու իրավունք ունեն։ Ժամանակին այդ ամենը նրանց ձեռքից վերցվել է։
Մի քանի ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ կա 1936 թվականին արձանագրված կալվածքների ցանկը եւ այդ ցանկերում ինչ արձանագրված է, պիտի աշխատեն հետ տալ։ Մեկ տարի ժամանակ է տրված։ Այդ մեկ տարվա մեջ, երբ էլ դիմեն, 80 օրվա ընթացքում գույքը պիտի վերադարձվի։ Հիմա ինչ փաստաթուղթ էլ գտնենք՝ փոքր կամ մեծ, խնդիր չէ, կդիմենք եւ կպահանջենք։ Մեկ քառակուսի մետր էլ լինի, 10 հազար քառակուսի մետր էլ՝ մեզ համար կարեւոր է։
Մենք այնքան էլ շատ փաստաթղթեր չունենք։ Բայց ցանկը կառավարության մոտ կա։ Այդ ամենը համեմատելով, եթե նույնիսկ փաստաթուղթ էլ չունենանք, բավարար է, որ թաղային խորհուրդը պաշտոնական դիմում ներկայացնի։ Մինչ այսօր 50-60 միավոր վերադարձված է եւ դեռ մեկ տարվա ընթացքում այդ թիվը հարյուրավոր պիտի դառնա։
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

No comments: