Panorama.amղ 16-11-2011- «Իրականում փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն օգտագործելու է իր սուտն ու կեղծիքը տարածելու և հաստատելու համար և դա իրեն արդեն հաջողվում է, այնքանով, որ 155 երկիր հավատաց նրա հնարավորություններին, քվեարկեց հօգուտ նրա, ինչի հետևանքով Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ»,- անդրադառնալով ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:«Իսկ ի՞նչ արեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Երևի թե ոչինչ: Որովհետև եթե որևէ դիվանագիտական կորպուսի աշխատանք երևար և, եթե լոբբինգ անելու առումով օգտագործվեր մեր սփյուռքի կառույցների հնարավորությունները, ապա համոզված եմ, որ 155 երկիր Ադրբեջանին կողմ չէր քվեարկի»,- շարունակեց Ա. Սարգսյանը:
Այնուհետև բանախոսը հավելեց. «Մենք այսօր հորդորում ենք ԱԳՆ-ին, որ ՄԱԿ-ի բոլոր անդամներին ուղղի դիվանագիտական նոտա, և վերջապես ներկայացվի ԼՂ հիմնահարցի և´ պատմական, և´ իրավական էությունը, որով մենք հիմքից կժխտենք այն բոլոր պնդումները, թե ԼՂ-ն` դուրս գալով Ադրբեջանի կազմից, խախտել է նրա տարածքային ամբողջականությունը»:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 1-ից Ադրբեջանը ՄԱԿ-ում լայնածավալ ծրագիր է իրականացնելու, ՀՀ ԱԳՆ-ը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում Հայաստանը նորից կհայտնվի արդարացողի և պաշտպանվողի դերում»,-ասաց Ա. Սարգսյանը:
«Եվ եթե ԱԳՆ-ն մեր առաջարկած ծրագիրը չիրականացնի, մենք այն կանենք մեր հնարավորությունների սահմաններում, բայց արդեն քաղաքական-հասարակական կառույցների մակարդակով, ինչը պատիվ չի բերի Հայաստանին»,- ընդգծեց բանախոսը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment