Sunday, November 27, 2011

Արդեն իսկ պատերազմի մեջ ենք, սակայն առավել լայնածավալ ռազմական գործողություեններ չեն սպասվում. փորձագետ

Tert.am. 26-11-2011- Ադրբեջանը խոստովանել է իր զինվորներից մեկի զոհվելու փաստը. փաստացի հայոց պատժիչ գործողություններից այս պահին տուժվել է ադրբեջանցի 8 զինվոր։ Այս մասին հաղորդեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականի» հյուրասրահում։
Նա հիշեցրեց, որ ամեն անգամ, երբ հայկական բանակի կողմից որոշում է կայացվում անհամաչափ պատասխան տալ ադրբեջանցի դիպուկահարներին, մի քանի օր նրանց դիրքերից կրակոցները լռում են, սակայն, ի վերջո, երկու կողմից էլ լինում են զոհեր, և Ադրբեջանը վերջապես պիտի սկսի արժևորել իր զինվորների կյանքը։ «Այս դեպքում էլ նրանք կգործեն նույն հին մարտավարությամբ. այսինքն՝ մեկ-երկու զինվորի կորուստը կխոստովանեն, մնացածին կփորձեն կոծկել, միգուցե սառնարաններում մի քանի օր էդ դիակները կպահեն, հետո կփորձեն ներկայացնել՝ որպես տեխնածին կամ այլ աղետների զոհեր»,- նշեց նա՝ հավելելով, որ կան ազգանուններ, որոնք մահվան պատճառների բացատրությունները մինչ օրս ադրբեջանական հանրությունը չի ստացել պաշտպանության նախարարության կողմից։
«Անգամ միլի-մեջլիսի պատգամավորն է հայտարարում, որ հայկական կողմը եթե անգամ եռակի-քառակի անգամ ավելի շատ վնաս պատճառի, այսինքն՝ մեկ զինվորի դիմաց մինչև անգամ 7-10 զինվոր սպանվի, դա արդարացված կլինի»,- նշեց նա։
Ըստ ռազմական փորձագետի՝ արդեն իսկ ընթանում է պատերազմ։ «Փաստորեն, մենք ունենք պատերազմ, ադրբեջանական ագրեսիան ամենուր է, և ոչ միայն սահմանի վրա՝ աշխարհում, որտեղ կա հայ, այնտեղ կա ադրբեջանական ագրեսիա՝ Մոսկվայի ռեստորաններում, Արգենտինայում… և կա տեղեկատվական պատերազմի իրողոթյունը։ Սակայն էս կարգի սադրիչ գործողությունները, որոնց մենք ստիպված ենք լինում տալ բավական ցավալի պատասխան, չեմ կարծում, որ վերածվեն ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ ռազմական բաղադրիչի տեսակետից Ադրբեջանը ոչ մի առավելություն Հայաստանի նկատմամբ չունի, և բոլոր էս ակցիաները կրում են պիարի բնույթ»,- նշեց փորձագետը։
Իսկ Ադրբեջանի նախագահի չփոփոխվող սպառնալիքակիր խոսքն ու շփման գծում դիպուկահարների աշխատանքի խրախուսումը Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ միկրոիմպերատորներին հատուկ մի ոճ է, որ կարող է սնվել ներքաղաքական-արտաքին քաղաքական ռեսուրսներից, սակայն մի օր անպայման կանգնում է «կրախի առաջ»։ «Ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանի նախագահը գոնե մի անգամ իր աչքով տեսած լիներ, թե ինչ է նշանակում ռազմական գործողությունների մեջ լինել Ղարաբաղի հետ, այլևս նման ամպագոռգոռ հայտարարություններ չէր անի»,- ասաց նա։

No comments: